Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է քարտեզագրական նյութ տրամադրել Հայաստանին եւ Ադրբեջանին. Սերգեյ Լավրով

Հունիս 09,2022 15:21

Ռուսաստանը պատրաստ է քարտեզագրական նյութ տրամադրել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանագծման գործընթացում օգտագործելու համար. այսօր Երեւանում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում։

Ռուս լրագրողը նկատեց՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ շոշափել եք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների թեման եւ հետաքրքրվեց՝ որքանո՞վ են դրանք այսօր քննարկվել, ի՞նչ համատեքստում՝ մոտեցնելու համար Բաքվի եւ Երեւանի տեսակետները, նկատի առնելով նաեւ Արցախի հարցի կարգավորման գործընթացը:

Սերգեյ Լավրովի խոսքով, բարձր մակարդակով ընդունված երեք հայտարարությունները պետք է դիտարկել որպես լավագույն ճանապարհային քարտեզ, որով պետք է առաջնորդվել՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում. «Մենք ուրախ ենք, որ արդեն տեղի է ունեցել առաջին հանդիպումը սահմանագծման եւ սահմանների անվտանգության վերաբերյալ: Հաջորդ հանդիպումը, ինչպես արդեն ասվել է, նախատեսված է Մոսկվայում: Մենք պատրաստ ենք խորհրդակցական օժանդակություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրել քարտեզագրական նյութ»: Հարաբերությունների լիակատար կարգավորմանն այլընտրանք Սերգեյ Լավրովը չի տեսնում: Ռուս դիվանագետը նաեւ միջանկյալ դրական ձեռքբերումներ է արձանագրել, բայց հույս ունի, որ առավել մեծ ձեռքբերումներ կունենանք: Նրա փոխանցմամբ, կողմերն, իհարկե, իրենց տեսակետներն ունեն, հաշվի առնելով այդ տեսլականները՝ պետք է առաջ շարժվել, իսկ Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ եւ օժանդակող կողմ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հավելեց՝ ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից հայտարարություններն այն մասին, որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ, բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, մյուս կողմից մենք տեսնում ենք մոտեցումների տարբերություններ. «Թեեւ Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնուամենայնիվ, մենք պարբերաբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջեւ: Կապ, որը Թուրքիայի իշխանություններն են փորձում գտնել կամ ընդգծում են յուրաքանչյուր առիթով։ Մենք չենք կարծում, որ սա կառուցողական է։ Կան որոշակի տարբերություններ այն առումով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք տեմպի մասին»:

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին էլ Արարատ Միրզոյանն ասաց, որ կան մի քանի ուղղություններ, որոնցով բանակցություններն ընթանում են, բազմաթիվ հարցերում պատկերացումները չեն համընկնում. «Բայց բանակցությունները հենց դրանով էլ բանակցություն են, որ այդ չհամընկնող կետերի շուրջ փորձեն ընդհանուր եզրեր գտնել փոխզիջումների տարբերակով։ Մենք հավատում ենք խաղաղության գործընթացին, մենք կարծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ հնարավոր չէ չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, չհասցեագրել եւ քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը։ Հավատացած ենք, որ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. սա է այն քաղաքական շրջանակը, որը ստեղծվել է ԼՂ հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու նպատակով»:

Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով Արարատ Միրզոյանը այս փուլում չափազանցված է համարում բանակցություններ ասելը, սակայն, նկատում է, որ մեկնարկը տրված է: Նա նաեւ որոշակի դրական տեղաշարժ է տեսնում տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծեց, որ այս համատեքստում, Բաքվի կողմից հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շարունակաբար ազատ չարձակելը, հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունները, հակահայկական հռետորաբանությունն ու սադրիչ գործողությունները, որոնք տեսնում ենք Բաքվից, միայն խանգարում են այս գործընթացներին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930