«Ի՞նչ է նշանակում առանց որեւէ օրինական պատճառի մարդկանց կալանավորելը, սրանք, իհարկե, քաղաքական որոշումներ են»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով վերջին իրադարձություններին` նշեց երաժիշտ Կարեն Ծատուրյանը:
Ինչ վերաբերվում է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորմանը, նրա մասին էլ ասաց. «Արմեն Գրիգորյանն իմ ընկերն է, ես նրան ճանաչում եմ 30 տարի։ Կալանավորված տղաներից ոմանց ճանաչում եմ, ոմանց՝ ոչ, բայց բոլորի համար եմ ասում, նրանց կալանավորումը քաղաքական չի, բա ինչ է… Մարդը մի տարի առաջ մի բան է ասել, էսօր դա հիշել են ու փակել»:
Երաժշտի ձեւակերպմամբ, շատ են անբովանդակ մարդիկ, որոնք չեն գիտակցում երկրում կատարվողը, եւ թե ուր է տանում այս ամենը. «Երբ դու ասում ես` սա թուրքական հեղափոխություն է, իրենք չեն հասկանում` ինչու ես էդպես ասում, ինչ նկատի ունես, ու եթե չեն հասկանում, ուրեմն պետք էլ չի, որ հասկանան:
Այսօր հասարակությունը պառակտված է, 40 տեսակ պառակտվածություն կա, ոմանք սպասում են, թե երբ է Հայաստանը ձախողելու, որ գնան դեսպանատների առաջ հերթ կանգնեն ու պատճառ ունենան Եվրոպայում հայտնվելու, այդպիսի մարդիկ շատ են, նրանց մեջ շատ են գրագետ մարդիկ: Իրենց հոգին ու սիրտը չի մասնակցում այն ամենին, ինչ հիմա կատարվում է իմ շուրջը: Գոնե ինձ համար այսօր առաջ է եկել ՀՀ քաղաքացու կարգավիճակ հասկացությունը»:
Կարդացեք նաև
Կարեն Ծատուրյանի խոսքով. «Երեւանը փոքր քաղաք է, ու արդեն խեղդվում է այն մարդկանցից, որոնք որեւէ մասնակցություն չեն ուզում ունենալ այս քաղաքի, այս երկրի կյանքում…Կամ եթե անգամ ուզում են, ոչ մի բան էլ չեն անում…Ես ինձ համարում եմ մտավորականության ներկայացուցիչ թեկուզ իմ աշխատանքի բերումով… Ուստի դիմում եմ մտավորականությանը` դուք ի՞նչ եք անում, որ ինձ նման տասնյակ հազարավոր մարդիկ ձեզ ճանաչեն։ Մենք ունենք ԱԺ, որի 70-ից ավել պատգամավորներին չեմ ճանաչում: Ես չգիտեմ` ով են էդ մարդիկ, ինչ ճանապարհ են անցել, թեեւ ինչ-որ բաներ գրված է կայքերում, ինչին չեմ ուզում հավատալ…
Ողջ կյանքում իմ արած աշխատանքը քիչ թե շատ նպաստել է Հայաստանի մշակույթի զարգացմանը։ Ես իմ կյանքով ապացուցել եմ, որ իրավունք ունեմ օրենքներին ենթարկվելով ապրել այս երկրումԼ Ես հիմա ուզում եմ հասկանալ` ինչո՞վ են այդ մարդիկ ապացուցում, որ իրավունք ունեն օրենքներ գրել ինձ համար, որոնց ես պետք է ենթարկվեմ:
Ես մինչեւ վերջ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու պետք է աղամանի լինել-չլինելն ավելի կարեւոր լինի ինձ համար, քան, ասենք, Երեւանի օդի աղտոտվածության աստիճանը։ Արգելեցիք կանգնած մարդկանց տրանսպորտում, հիմա կանգնած մարդ չկա՞, կամ սնդիկով ջերմաչափ չե՞ն վաճառում կամ կաֆեներում չեն ծխո՞ւմ… Էս ինչ կիսատ-պռատ օրենքներ եք հորինում, էս ինչ կիսատ պռատ կառավարում է… Ու դուք ուզում եք էդ ձեւով ինձ կառավարե՞լ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ