Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարն ասում է՝ ամբողջ ակցիան գռեհիկ էր. այդ պատգամավորներից երբեւէ հանդիպման առաջարկ չի եղել

Հունիս 09,2022 14:42

«Պատգամավորական մանդատը որեւէ անձի թույլ չի տալիս դրսեւորել խուլիգանական վարքագիծ»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով երեկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության մի քանի պատգամավորների՝ նախարարություն մուտք գործելու աղմկահարույց վարքագծի մասին։

Հիշեցնենք, որ պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը, ի հակառակ շենքում անվտանգային պահպանություն իրականացնող ոստիկանների արգելքին, մուտք են գործել շենք, ապա նախարարության խորհրդակցական սենյակ, որտեղ նախարարը աշխատանքային հանդիպման էր։ «Տիկին Ավանեսյան, դուք հերիք չի էսքանից հետո խոսում եք, մի հատ էլ ոստիկանությանը պաշտպանում եք: Ամոթ ունենար, մարդ ձեր փոխարեն չէր կարողանա աչքերը թարթել: Էս տղաների նկարները պետք է ամեն երեկո ձեր երազին գան: Ես չգիտեմ՝ դուք էսքանից հետո ոնց եք ապրում, ամոթ ձեզ»,- նախարարին դիմելով ասել էր Քրիստինե Վարդանյանը եւ նկարներ նետել նախարարի ուղղությամբ։

Ավանեսյանը դիմել է ԱԺ՝ պատգամավորների վարքագիծը քննելու համար։ Երեկ նախարարը գրառում էր կատարել Ֆեյսբուքում․ «Ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։ Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել»։

Արդյոք նախարարն ակնկալում է, որ նրանց մանդատից կզրկեն, Ավանեսյանն ի պատասխան այս հարցի՝ ասաց․ «Ես կարծում եմ՝ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովը երբ ստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, եւ կքննի ընդհանուր առմամբ պատգամավորին ոչ հարիր գործելաոճ ունենալու հանգամանքն ու կոնկրետ դեպքը, եւ խստորեն արձագանք կլինի»։

Հարցին՝ պատգամավորների գործողության կոնկրետ ո՞ր հատվածն է անհանգստացնողը, եւ արդյոք այդ պատգամավորներն ավելի վաղ դիմե՞լ էին հանդիպման համար, նախարարը պատասխանեց․ «Ամբողջ ակցիան սկզբից մինչեւ վերջ գռեհիկ էր։ Դրա նախորդ օրը ես Ազգային ժողովում էի, կարող էին բարի լինել, գալ, հանդիպել։ Երբեւէ հանդիպումների առաջարկ չեն արել»։

Հարցին՝ ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում, պատգամավորները փորձում են հանդիպել նախարարների հետ, չի ստացվում, փակել եք ուղիները, պատգամավորները վրդովվել էին ԱԺ-ում ձեր հայտարարությունից, որով արդարացվում էր ոստիկանության գործողությունները, նախարարը պատասխանեց․ «21 թվականի ընտրություններով ընտրվել են պատգամավորներ եւ նրանք պարտավոր են գալ ԱԺ, իրենց աշխատանքի վայր եւ նաեւ ունեն բոլոր հնարավորություններն ու հարթակները հանդիպելու նախարարների հետ, ուղղելու հարցեր, քննադատություն։ Օրենքով սահմանված քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած՝ անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ բեմականացված գռեհիկ շոուներ։ Կրկնեմ՝ ոստիկանական ուժերը, իրավապահները պետք է գործեն խստիվ օրենքի շրջանակներում։ Ժողովրդավարության սկզբունքները Հայաստանում պահպանվում են 2018-ից սկսած, տարեցտարի ՀՀ-ն իր դիրքերը բարելավում է, բայց ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականություն, հակառակն է նշանակում՝ օրենքի ուղիղ գերակայություն»։

2018-ին Նիկոլ Փաշինյանը փորձում էր ոստիկանական պատնեշն անցնել, սա ե՞ւս ժողովրդավարության սկզբունքներով էր, հարցին ի պատասխան Ավանեսյանն ասաց՝ թավշյա, ժողովրդական հեղափոխությունը բազմաթիվ անգամ արժանացել է բարձր արձագանքների եւ ամբողջովին տեղավորվում է ժողովրդավարական սկզբունքների մեջ՝ ի հակառակ այն ժամանակվա իշխանությունների վարքագծի։

Հունիսի 3-ին լուսաձայնային նռնակներ են կիրառվել՝ առանց նախազգուշացնելու։ Սրա մասին էլ նախարարն ասաց․ «Ժողովրդավարությունը նշանակում է պատշաճ վարքագիծ եւ եթե դա չկա, երբ կա օրենքի խախտում, այո պետք կիրառվի նաեւ վարչարարություն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930