Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որքան էլ չկիսեմ ընդդիմության մոտեցումները, բայց իրենց՝ փողոցում լինելը նաեւ այս համակարգի հետեւանք է»․ Արամ Սարգսյան

Հունիս 09,2022 13:12

«Նախորդ սահմանադրական հանրաքվեի ժամանակ մենք ակտիվ «ոչ»-ի կողմնակից էինք՝ այն դեպքում, երբ ՔՊ-ն եւ այլ ընդդիմադիրներ դա համարում են երկրորդական, ոչ օրակարգային հարց։ Մենք ի սկզբանե կողմնակից ենք եղել կառավարման նախագահական համակարգին եւ այսօր մասնակցում ենք իշխանության ծավալած՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքին։

Նա շեշտեց․ «Մենք այդ առումով տարբերվում ենք գործող իշխանությունից եւ խորհրդարանական ընդդիմությունից։ Ամբողջական նախագահական համակարգն ամենաաշխատողն  է մեր երկրի համար։ Կիսանախագահական համակարգում ապրել ենք եւ տեսել դրա թերությունները։ Կառավարման համակարգում այն լուրջ վեճերի, անգամ պատերազմների տեղիք  է տվել։ Խորապես համոզված եմ, որ եթե օրենսդիր իշխանությունը կարելի է բաժանել վերին կամ ներքին պալատների, ապա գործադիր իշխանությունը բաժանել չի կարելի։ Այդ պատճառով է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կամային վարչապետների պարագայում լուրջ վեճ առաջացավ Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի միջեւ, Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, որը մինչեւ հիմա շարունակվում է։ Նույնը եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ։ Կար նաեւ ստվերային պատերազմ՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ կիսանախագահական համակարգում գործադիր իշխանությունը բաժանվում է թեւերի, եւ նախագահը պատասխանատվություն չի ունենում ԱԺ-ի առաջ․ «Այդ պատասխանատվությունը գալիս ԱԺ-ում կիսում է վարչապետը, բերում լուրջ վեճերի եւ կոնֆլիկտների։ Սա էլ պետությանն անընդհատ կանգնեցնում է ցնցումների առաջ»։

Արամ Սարգսյանը համաձայն չէ տեսակետի հետ, որ կառավարման խորհրդարանական համակարգը ամենանվազ կոնֆլիկտայինն է․ «Այն անընդհատ է ստեղծում կոնֆլիկտներ։ Այն գործում է միայն այն երկրներում, որոնք երկար տարիների պետական կառավարման փորձ ունեն։ Նման երկրները, օրինակ՝ մենք կամ ԱՄՆ-ն, միանգամից անցան լրիվ նախագահական համակարգի, որը մինչեւ այսօր արդարացնում է իրեն։ Խորհրդարանական համակարգում պատգամավորներն են ընտրում երկրի ղեկավարին, իսկ ժողովուրդն ընտրություններում ուզում է ընտրել առաջնորդի, հետեւաբար՝ ընտրում է թիմի, որն ընտրում է առաջնորդի, այսինքն՝ խորհրդարանն օրենսդիր մարմնից վերածվում է ընտրող մարմնի»։

Սարգսյանը հավելեց․ «Որքան էլ չկիսեմ փողոցում գտնվող ընդդիմության մոտեցումները, բայց այն, որ իրենք այսօր փողոցում են, նաեւ այս համակարգի հետեւանք է։ Իրենց ընտրողը քվե է տվել ոչ թե օրենսդիր գործունեություն ծավալելու, այլ գնալու եւ ընտրելու համար իրենց ուզած մարդուն՝ որպես պետության առաջնորդի։ Խորհրդարանական համակարգի այս մոդելը, որը միամանդատ է, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը վերածում է ծաղրի՝ երկու անգամ մերժում են վարչապետին, որ հետո նա դառնա վարչապետ․․․Սա լուրջ կոնֆլիկտների է բերում։ Էլ չասած պատերազմների եւ հաղթանակների շրջանները, որոնցում այս համակարգը կբերի լուրջ ճգնաժամների, կոալիցիաները չեն աշխատի»։

Արամ Սարգսյանը հայտարարեց՝ եթե հաջորդ ընտրություններում ժողովուրդը վստահի իրենց, ապա սկսելու են սահմանադրական փոփոխությունների գործընթաց եւ ՀՀ-ն վերածելու են ամբողջական նախագահական կառավարման երկրի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930