Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒ ԳՇ պետը չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ․ Սուրեն Պապիկյան

Հունիս 09,2022 12:38

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց օրենսդրական փաթեթը․ պաշտպանության նախարարն ասաց, որ օրենսդրական փոփոխությամբ սահմանվում է, որ ԶՈւ-ն պետք է զբաղվի միայն ՀՀ սահմանների պաշտպանությամբ, մարտական պատրաստականությամբ, այլ խնդիրները պետք է իրականացնեն ՊՆ այլ վարչությունները։

Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին փաթեթը:

Նախագիծը զեկուցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ փաթեթով նորովի են շարադրվում ՊՆ ոլորտում կառավարության լիազորությունները, առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի ոլորտում իրավասությունները, անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ եւ ծրագրեր ներառվում են պաշտպանության պլանում, խմբագրվում եւ հստակեցվում են պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի լիազորությունների շրջանակը:

«ԶՈՒ ապահովումների գործընթացում ՊՆ-ին են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման եւ կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը: ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։ Այդ կապակցությամբ առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաեւ պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,-ասաց Պապիկյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում է ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս նախագծի մասին ասաց՝ առանցքային դրույթներն այն են, որ ԳՇ պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, մյուսը՝ գնումների ամբողջ համակարգը իրականացվում է ՊՆ-ի կողմից, այսինքն՝ գլխավոր շտաբը գնումներով չի զբաղվում, գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես ԶՈւ համար նախատեսված գործառույթներով։

Պապիկյանն էլ հավելեց, որ խոսքը միայն գնման գործընթացին չի վերաբերում․ «Այլ վերաբերում է ողջ ապահովմանը։ Այսինքն, պարզ լեզվով՝ ԶՈւ-ն պետք է զբաղվի միայն այն գործով, որը վերապահված է նրանց՝ պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստակամությամբ: Այսինքն՝ այն ամենով, որը բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը։ Այլ խնդիրները պետք է իրականացնեն ՊՆ այլ վարչությունները, հիմնականում քաղաքացիական։ Բոլոր այն հնարավոր ուղղությունները, որոնք հնարավոր կլինի պատվիրակել, ապա կպատվիրակվեն, որի արդյունքում ԶՈւ մեր գործընկերները կունենան ավելի շատ ժամանակ զբաղվելու իրենց առաքելությամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930