Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունել են 261 հատ վրան ԶՈւ կարիքների համար՝ առանց որակը ստուգելու. քրեական գործը 3 բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասով ուղարկվել է դատարան

Հունիս 09,2022 12:49

2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները՝ մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Արդյունքում՝ 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:

Բացի այդ, ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ, չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր, նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու:

Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում՝ 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:

Նշված գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչպես նաև N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնը զբաղեցրած գնդապետ Ա.Կ.-ին: Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:

Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին:

Վերոնշյալ անձանց վերաբերյալ անջատված մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Անջատված մյուս մասով քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930