«Խորհրդարանական ընդդիմությունը, թողած իր հիմնական սահմանադրական պարտավորությունը, այս օրերին զբաղված է ԱԺ-ից դուրս մանր ու մեծ խուլիգանություններ անելով, ոչ թե քաղաքական օրակարգեր առաջ տանելով»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
«Չմասնակցեցին անգամ բյուջեի կատարողականների քննարկումներին՝ նախընտրելով Ֆրանսիայի հրապարակում նարդի խաղալ, նախարարությունների շենքերում վազվզել ու չարաճճիություններ անել, վրանների տակ քաբաբ ու իքիբիր ուտել»,-նշեց Պապոյանը։
Նրա խոսքով՝ իրականում կարեւորում է բյուջեի կատարողականի քննարկումներում ընդդիմության ներկայությունը, որովհետեւ բոլոր երկրներում ընդդիմություններն ատամները սրած սպասում են դրան, որպեսզի բովանդակային հարցեր տան, քննադատեն իշխանությանը։
«Այդպես է եղել ՀՀ-ում միշտ, բացի վերջին ամիսներից։ Կամ ընդդիմությունն ամբողջապես համաձայն է մեր բյուջետային, տնտեսական քաղաքականության հետ, կամ զահլա չունի բյուջե կարդալ ու նախընտրում է ճեմել, երգ ու պար կազմակերպել։ Սրա ամբողջությունն ամփոփվեց երեկվա չարաճճիությամբ, որն իրականում ըստ ՔՕ-ի՝ հանցագործություն էր։ Ընդդիմությունը մաշվել է մինչեւ քոքը, եւ իրենք էլ են ընդունում, որ քաղաքական դաշտում իրենք այլեւս չկան»,-համոզմունք հայտնեց Պապոյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ