Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար պետությունը մինչեւ 12 մլն դրամով կաջակցի հիփոթեքային վարկի մարման համար

Հունիս 09,2022 12:08

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը։

Այս ծրագրով սահմանված աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու համար հիփոթեքային վարկ ստացած շահառուին, եւ ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի եւ տոկոսագումարների) մարմանը։

Ընտանիքը ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ՝ մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում։ Պետական աջակցության չափը կազմում է հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչեւ 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 12%, հանրագումարային մինչեւ 8.660 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 120 հազ. դրամ։

Պետական աջակցությունն, ընդհանուր առմամբ, հիփոթեքային վարկի սպասարկման տասը տարիներին կազմելու է 20 մլն 660 հազար դրամ։

Հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է։ Սակայն, պետական աջակցությունը կդադարեցվի, եթե հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցվի, գրավադրված գույքն այլ գրավի առարկա դառնա, կամ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուն մահանա՝ եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում շահառուի ամուսինը կամ երեխան։ Եթե շահառուն վարկի գծով 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ ունենա, նույնպես պետական աջակցությունը կդադարեցվի։

Ըստ նախագծի․ 240 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022 թվականին կպահանջվի շուրջ 137.7 մլն դրամ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ծրագրից կարող են օգտվել նաեւ Երեւանում բնակվող ընտանիքները, որոնք ցանկություն կունենան սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930