Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ՝ չխաբվեք նրա հավաքած քվեներին»․ Մամիջանյանի կոչը Սերգեյ Լավրովին

Հունիս 09,2022 11:27

«ՀՀ-ՌԴ դաշնակցությունը ոչ միայն պայմանագրերով է ամրագրված, այլեւ արժեքներով, ժողովուրդների բարեկամությամբ։ Տարակուսած ենք եւ չենք հասկանում, թե ՌԴ ԱԳ նախարարն ինչպե՞ս կարող է հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար եւ տասնամյակներ շարունակ վնասել են ՀՀ-ՌԴ եղբայրությանը»,-ՀՀ ԱԳՆ շենքի մոտ այսօր Դիմադրության շարժման հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց․ «Ո՞նց կարող է հանդիպել մարդկանց խմբի հետ, որի խորհրդարանական խմբակցությունը 2021թ․ նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ անհիմն հակառուսական, ՀԱՊԿ-ի քննադատության հիստերիա էր բարձրացրել ԱԺ-ում։ Ակնկալում ենք, որ կստանանք պատասխան, թե երբ է իրականացվելու այս տարի մարտին Փառուխի դեպքերից հետո ՌԴ ՊՆ հայտարարությունն առ այն, որ ադրբեջանական կողմը հետ է քաշվելու ելման դիրքեր, որոնք ամրագրված էին նոյեմբերի իննի հայտարարությամբ։ Հույս ունենք, որ այդ խայտառակ փաստաթղթի՝ գերիների վերադարձի միակ հայանպաստ կետը վերջապես կիրականացվի Ադրբեջանի կողմից, որովհետեւ այդ թվում ՌԴ նախագահի ստորագրությունն է դրա տակ»։

Պատգամավորը նաեւ շեշտեց՝ հույս ունեն, որ Արցախն առանց գազի թողնելն Ադրբեջանին այլեւս երբեք չի թույլատրվի ՀՀ բարեկամների կողմից․ «Հույս ունենք, որ իշխանության տված՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելող ցուցակի ամոթալի դիպվածն այլեւս չի կրկնվելու։ Այս իշխանությունն արդեն անցողիկ է, իսկ հայ-ռուսական բարեկամությունը՝ դարավոր: Սերգեյ Վիկտորովիչ, ես գիտեմ ձեր սառը վերաբերմունքը հավաքներին առհասարակ, բայց նաեւ գիտեմ, որ ձեր երկրի պատվիրակն եք, ես էլ իմ երկրի։ Տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ այս խաղաղ հավաքները 40 օր գործիքներից մեկն են՝ ապահովելու հայրենիքի կայուն եւ անվտանգ ապագան»։

Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ ՌԴ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է վստահելի դաշնակից, ոչ թե գլխացավանք․ «Մեր պատրաստ ենք անել ամեն ինչ, որ իշխանափոխությունից հետո նորից շարունակենք մնալ ՌԴ ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Դրա համար խնդրում եմ գիտակցել, որ Փաշինյանը չի կարող բանակցել ՀՀ անունից։ Խնդրում եմ՝ չխաբվեք նրա հավաքած քվեներին։ Դրանք մեր երկրի չափահասների ընդամենը ¼-ն են եւ ձեռք են բերվել կեղծիքով, ստով, որովհետեւ Փաշինյանը խոստացել էր բանակցել «մադրիդյան սկզբունքների» տրամաբանությամբ, մինչդեռ հիմա բանակցային սեղանին եղածը կապ չունի դրանց հետ։ Փաշինյանը բանակցում է բացառապես իր արյունոտ իշխանությունը պահպանելու համար»։

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ է ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը․ «Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են ՀՀ իշխանություն ներկայացողները․․․մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930