Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձեք կրքեր չբորբոքել

Հունիս 09,2022 10:00

Լոս-Անջելեսում Սփյուռքի գլխավոր գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ տեղի հայերը տապալեցին հանդիպումը, շատերի մոտ հրճվանք առաջացրեց: Ինձ նման տեսարանները չեն ուրախացնում: Ես չէի ուրախանում նաեւ այն ժամանակ, երբ այդ ձեւով էին Սփյուռքում դիմավորում Հայաստանի երրորդ նախագահին կամ ներկա եւ նախկին որեւէ պաշտոնյայի:

Իհարկե, մեր հայրենակիցները կարող են իրենց տեսակետն ունենալ Հայաստանի իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության մասին: Այն փաստարկը, թե «եկեք Հայաստանում ապրեք, նոր խոսեք», ինձ այսօր անխոցելի չի թվում. ամեն մեկն ինքն է ընտրում իր բնակության վայրը, եւ եթե, այնուամենայնիվ, շարունակում են իրենց նույնականացնել հայ ազգի հետ, դա արդեն իսկ վատ չէ: Պարզապես վստահ չեմ, որ բուռն բողոքի այս ձեւը որեւէ օգուտ է բերում իրենց, հուսով եմ, սիրելի հայրենիքին: Նույն մեղադրանքները կարելի է հնչեցնել առանց սկանդալների եւ տհաճ տեսարանների: Դրանք ոչ միայն խորացնում են մեր ազգի բաժանարար գծերը, այլեւ ի ցույց են դրանք աշխարհին:

Ինձ համար, ճիշտն ասած, շատ ավելի ցանկալի կլիներ, որ մեր հայրենակիցները ցույցեր անեին Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցչությունների առջեւ՝ մի կողմ դնելով մեր ներքին տարաձայնությունները:

Մեր պաշտոնյաներն էլ, բնականաբար, պետք է իրենց զուսպ պահեն: Նույն Զարեհ Սինանյանը, երբ արդեն պաշտոնյա էր, պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցի հարցին, սկսեց խոսել ոչ թե հարցի, այլ այդ լրատվամիջոցի «տերերի» մասին: Արեւմուտքում, որքան հասկանում եմ, այնքան էլ ընդունված չէ նման ձեւով շփվել լրագրողների հետ: Առողջապահության նախարարը պարտավոր չէ արդարացնել ոստիկանների վայրագությունները:  (Իսկ պատգաավորներն իրավունք չունեն նրա աշխատասենյակում «դեբոշ» սարքելու): ՀՌՀ նախագահը (որի պաշտոնն, ի դեպ, իրավաբանական լեզվով կոչվում է «ինքնավար» եւ ենթադրում է քաղաքական զսպվածություն), կարծում եմ, իրավասություն չունի որոշելու, թե ո՛ր փողերն են գողացած, իսկ որոնք՝ ազնիվ ու մաքուր:

Մի խոսքով, կրքեր բորբոքելը երկկողմանի գործընթաց է, եւ նրանք, ում կողմն է ուժը, մասնավորապես, ոստիկանական զորքերը, պետք է, կարծում եմ, ցույց տան իրավական, քաղաքակիրթ մտածելակերպի օրինակ: Մնացածները նույնպես, ինձ թվում է, ցանկալի է լինեն հնարավորինս չափավոր: Լրատվամիջոցներն ու լրագրողները՝ այդ թվում: Կյանքը չափից դուրս կարճ է՝ փոխադարձ խայթոցների վրա ժամանակ ծախսելու համար: Ոչ էլ մեր հայրենիքն է փայլուն վիճակում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Սահակյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Բոլոր կենտրոնացված կառույցները’ մարդ, ընտանիք, համայնք, պետություն, արքայություն, մարդկություն առաջին հերթին լուծում են անվտանգության խնդիրը, այն է. մարդ անհատի մակարդակով’ ֆիզիկապես առողջ է եւ ուժեղ, տիրապետում է ձեռնամարտի եւ զենքի կիրառման արվեստին, ընտանիքի մակարդակով’ իմ տունը իմ ամրոցն է սկզբունքով, երբ տունը կահավորված է նկուղային գետնահարկով’ երեխաների, ծերերի, հիվանդների համար, որը եւ ապաստարան է եւ ուտելիքի եւ այլ անհրաժեշտությունների պահեստ, բացի դրանից տան ամեն պատուհանի դիմաց գնդացիր է դրված զոմբիներից եւ քոչվորներից պաշտպանվելու համար, համայնքի մակարդակով’ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ երեխաների, ծերերի, հիվանդների ապահովության համար եւ տարածքային ինքնակառավարման աշխարհազոր, որոնք խաղաղ պայմաններում պարբերաբար զորավարժանքներ են կազմակերպում, պետական մակարդակով’ կանոնավոր բանակ եւ անվտանգության բոլոր մնացած կառույցները, վերպետական արքայության մակարդակով (ար+ք հոգնակի թիվ, արեւ կամ արիացինե՞ր)’ խաղաղ պայմաններում արքայության մեջ մտնող պետությունների կանոնավոր բանակների եւ անվտանության բոլոր այլ պետական կառույցների համատեղ զորավարժություններ: Եթե մենք չհասցնենք ստեղծել սեփական նորմալ գլոբալ վերպետական կառույց եւ օրակարգ, ապա ստիպված կլինենք ենթարկվել այսօր արդեն ձեւավորված այլասերված վերպետական կառույցի օրակարգին, իսկ այս այլասերվածներն ուզում են մարդկությանը սովի ու պատերազմների մատնել, կրճատել մարդկության քանակը մի քանի անգամ, սոված միգրանտներն ու սոված պետությունները գրոհելու են անպաշտպան պետություններն ու համայնքները, ընտանիքներն ու մարդկանց: Ով պաշտպանված է, նա կփրկվի, եթե նորմալ մարդկությունը ստեղծի իր գլոբալ օրակարգը, ապա շանս կա, որ աննորմալ գլոբալ օրակարգի հետ մենամարտում նորմալների օրակարգը կհաղթի, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ենթարկվել աննորմալների արդեն գործող օրակարգին’ սոված զոմբիների եւ քոչվոր պետությունների դեմ կռիվ տալով: Չկա չարիք առանց բարիքի, եթե մեր ժողովուրդը հեռուստացույցն անջատի եւ այնքան իմաստուն գտնվի, որ հույսը դնի միմիայն ինքն իր վրա, իր լավագույն կադրերի վրա, ապա մենք կհասցնենք ազատվել աննորմալ գլոբալ ուժերի ներկայացուցիչներից պետական եւ ընդդիմադիր կառույցներում եւ բոլոր ժողովուրդների նորմալ գլոբալ ուժերով շտապ կառուցել աննորմալներին հակակշիռ անվտանգային կառույց եւ օրակարգ: Պատրաստվենք լիակատար հայրենադարձության, որովհետեւ երբ նորմալները գան իշխանության եւ ընդդիմության, ապա մեր պետությունը կլինի ամենապաշտպանվածը եւ վերջապես մեր կորսված հողերին տեր կկանգնենք: Պատմությունը չի սիրում դատարկություն’ կամ պանծալի հաղթանակ, եթե հույսներս դնենք մենք մեր վրա, ինքնակազմակերպվենք եւ նախապես պատրաստվենք ապագա արհավիրքներին կամ դաժան ցեղասպանություն, եթե անգյալության մատնվենք եւ հույսներս դնենք հզորների վրա: Մեր ժողովրդին հույս ու հավատ սեփական ուժերի նկատմամբ եւ օրինակ լինենք մյուս ժողովուրդների համար, միայն ինքնակազմակերպվող ժողովուրդներն են ընդունակ միավորվելու եւ ավելի հզոր կառույցներ ստեղծելու:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930