ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարում են, որ ս. թ. հունիսի 3-ին ոստիկանության կողմից դրսևորվել է ծայրահեղ ագրեսիվ, հակաօրինական, որոշ դեպքերում՝ նաև սադրիչ և քրեորեն պատժելի վարքագիծ։
Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են, որ.
- Ս. թ. հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ (վահաններ և մահակներ) և հատուկ միջոցներ, այն է՝ ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, թեև հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը՝ պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը։ Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառումն իրականցվել է առանց նախնական զգուշացման։ Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում,նրանց թվում՝ նաև կանայք և տարեցներ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել (կողերի կոտրվածք, սալջարդեր և այլն) նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում, վնասվածք ստացածների մի հատվածն է միայն դիմել բժշկական օգնության, զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը և հիմք է տվել իշխանության ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, որ իբր բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների թիվը շատ ավելին է, քան ցուցարարներինը։ Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց։
- Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում բախումների ժամանակ քաղաքացիները բազմից նկատել են քաղաքացիական հագուստով կամ առանց տարբերանշանների ոստիկանության աշխատակիցների, որոնք աչքի են ընկել հավաքի մասնակիցների նկատմամբ առավել դաժան և ագրեսիվ պահելաձևով։ Հիշեցնում ենք, որ համազգեստի և համազգեստի վրա անհատականացնող տվյալների առկայությունը օրենքի պահանջ է։ Այսպես, «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածը կարգավորում է ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելու ժամանակ։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»։ Օրենքի նման կարգավորմամբ քաղաքացին կարող է ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է: Անհատականացնող տվյալների պարտադիր լինելը և դրանց տեսանելիությունը հստակորեն սահմանված են նաև ԵԱՀԿ-ԺՄԻԳ Խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում. «Իրավապահ անձնակազմը հավաքների ժամանակ պետք է տեսանելիորեն կրի կամ ցուցադրի նույնականացման որևէ ձև (օրինակ՝ անվանական պիտակը կամ համարը) իր համազգեստի և/կամ գլխարկի վրա: Այն դեպքում, երբ հավաքի ժամանակ ներկա իրավապահ մարմինների աշխատակիցներն այս կերպ չեն կարող նույնականացվել, նրանք պարտավոր են հարցնելու դեպքում ներկայանալ իրենց ազգանունով և կրծքանշանի համարով»: Հարկ է նշել նաև, որ ս. թ. ապրիլ-հունիսյան հավաքների ընթացքում միայն հատուկենտ դեպքերում են ոստիկանության ծառայողները իրենց համազգեստի վրա կրում անհատականացնող տվյալներ: Այս փաստը դեռևս մեկ ամիս առաջ արձանագրվել է նաև գործող ՄԻՊ կողմից. «Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ»։ Ոստիկանական ուժերի շրջանում առանց համազգեստի կամ առանց տարբերանշանների համազգեստով անձանց առկայությունը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունները օրենքի կոպիտ խախտմամբ ոստիկանական համակարգ են ներդրել ոստիկանության հետ որևէ առնչություն չունեցող անձանց՝ ենթադրաբար՝ այս կամ այն իշխանամերձ գործարարի թիկնազորի անդամների, խաղաղ հավաքի ներկայացուցիչների նկատմամբ անհամեմատ դաժան վերաբերմունք ցուցաբերելու նպատակով։ Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ՀՀ ոստիկանությունից, որ այսուհետ հասարակական կարգի պահպանություն իրականացնող բոլոր ոստիկանները հավաքներին ներկայանան օրենքի պահանջին համապատասխանող համազգեստով և տարբերանշաններով, այլապես նրանք չեն կարող դիտարկվել որպես ոստիկանության այս կամ այն ստորաբաժանման ծառայողներ, և հետևաբար նմանօրինակ ոստիկաններից յուրաքանչյուրի կողմից իրականացված այս կամ այն գործողությունը կամ պահանջը դադարում է լինել օրինական։
- Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել նաև խաղաղ հավաքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը։ Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի մոնոփոդը (ձող, որի վրա ամրացվում է տեսախցիկը), երբ վերջինս ընկած է եղել գետնին, այնուհետև այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին։ Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ-ին պատկանող գույքը՝ վնասվել։ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք փորձել են նկարահանել ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին։ Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել հիշյալ տարածքում աշխատող ԶԼՄ աշխատակիցների առողջության և մասնագիտական գործունեության ծավալման համար։
- Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ նման բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա։ Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտակցելով, որ հավաքին ներկա գտնվողների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բավական է հավաքի մասնակիցներին սադրելու համար։