Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վստահության ամենացածր մակարդակը եղել է Կարեն Անդրեասյանի ժամանակ․ «168 ժամ»

Հունիս 09,2022 09:00

Կովկասյան բարոմետրի հետազոտությունը բովանդակում է նաև առանձին ուսումնասիրություն, որը նվիրված է 2008 թվականից սկսած Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմենի նկատմամբ քաղաքացիների վստահությանը:

Հետաքրքիր է, որ 2008թ. պաշտոնավարել է Արմեն Հարությունյանը, և նրա օրոք վստահությունը կարելի է համարել բավարար 39% լիարժեք վստահության ցուցանիշով՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ կառույցը դեռ նոր էր կայանում, և մարդիկ էլ առանձնապես տեղյակ չէին դրանից: Ընդ որում, ուշագրավ է, որ վստահության դրական ցուցանիշը վերաբերում է 2008թ., երբ Արմեն Հարությունյանը հրապարակեց Մարտի 1-ի գործով իր զեկույցը:

Ամենաուշագրավն այն է, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վստահության ամենացածր մակարդակը եղել է 2011-2016թթ. հունվար ամիսը պաշտոնավարած ստանձնած Կարեն Անդրեասյանի ժամանակ: Մասնավորապես, Կովկասյան բարոմետրի հետազոտությունը վկայում է, որ 2011 թվականից սկսած վստահությունը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ հետևողականորեն իջնում է: Եթե 2011թ. եղել է 28%, ապա 2013-ին արդեն Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վստահությունը եղել է ռեկորդային 18%: Գրեթե նույն վիճակը պահպանվել է նաև 2014 ու 2015 թվականներին:

Այսինքն՝ Հայաստանում այս կառույցն իր գոյության ողջ պատմության մեջ ամենավատ վիճակում եղել է այն ժամանակ, երբ այն ղեկավարել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարից ոգեշնչվող, Արդարադատության ներկայիս նախարար Կարեն Անդրեասյանը, որն ամեն առիթով փորձում է վնաս հասցնել ոչ միայն Արման Թաթոյանին՝ նսեմացնելով նրա կատարած աշխատանքը, այլև ողջ կառույցի աշխատանքը:

Հայտնի փաստ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմենի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքան են նրան վստահում քաղաքացիները և որքան է նրա հանրային հեղինակությունը: Ակնհայտ է, որ Կարեն Անդրեասյանի դեպքում արդյունավետության մասին խոսելն ավելորդ է:

Ընդ որում, հավանաբար վստահության նման ցածր աստիճանը և Մարդու իրավունքների պաշտպանի կառույցը վարկաբեկելու, պատմական աղետալի վիճակի հասցնելու պատճառն էր, որ նա իր ձախողումները, պետական կառույցի առաքելության տապալումը փորձում էր անընդհատ փրկել իր դեմ նախկին իշխանությունների իբր «արշավներով»: Մինչդեռ, այդպես էլ չտեսանք, որ նա գեթ մեկ ապացույց ներկայացնի իր դեմ «իշխանական» արշավի վերաբերյալ:

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930