Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ՌԴ դեսպանի սրտաճմլիկ ողջույնը. Հայաստանի ընդդիմությունը լուռ է

Հունիս 09,2022 10:30

Ինչո՞ւ Երեւանի փողոցներ դուրս եկած ընդդիմության ուշադրության կիզակետում հայտնվեցին արեւմտյան երկրների դեսպանները

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո հաճախ է խոսվել այն մասին, որ Հայաստանը պետք է հույսն իր վրա դնի, չակնկալի, որ արտաքին վտանգի դեպքում այլ պետություններ նրան պաշտպանելու են: Թեեւ, ի սկզբանե համոզումը, թե «այլ երկրները» կպաշտպանեն Հայաստանին՝ ճիշտ չէր, որովհետեւ «այլ երկրների» համար Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, Հայաստանն անվտանգային գործընկեր ընտրել է ՌԴ-ի գլխավորած ՀԱՊԿ-ն, հետեւաբար արեւմտյան պետություններից ու կառույցներից անվերապահ հայկական շահերի պաշտպանություն ակնկալելն արդեն իսկ հիմքում սխալ մոտեցում էր:

44-օրյա պատերազմը արձանագրել է անհերքելի փաստեր. Հայաստանի ու Արցախի հանդեպ թշնամական քաղաքականություն վարող Ադրբեջանը Հայաստանի ռազմավարական դաշնակցից՝ Ռուսաստանից, ստացել է «դաբրո»՝ գործելու ազատ եւ գործեց:

Խոսենք փաստերով: Մինչեւ 2005 թվականը Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինություն չէր վաճառում, սակայն ամեն ինչ փոխվեց 2009-ից սկսած, երբ Մոսկվան սկսեց զինել Ալիեւին, որն էլ չէր թաքցնում հավակնությունները, հանդես էր գալիս ռազմատենչ հայտարարություններով, ընդհուպ մինչեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ էր ներկայացնում: Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի հստակ թվերը պարզելը բարդ է, բայց մի առիթով Ադրբեջանի նախագահը հայտարարեց. «Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի սպառազինություն են գնել»:

Մոսկվան 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել Բաքվին՝ «սա ընդամենը բիզնես է, ուրիշ ոչինչ» անհեթեթ ու ցինիկ «արդարացմամբ»: Հայաստանյան ընդդիմադիրներին 44-օրյա պատերազմից հետո արգելվա՞ծ է այս թեմայով ծպտուն հանելը… Հայաստան ժամանած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից հանդիպում աղերսող հայաստանյան ընդդիմադիր խմբակցությունները հիշեցնելո՞ւ էին այս մասին: Իսկ գուցե՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպո՞ւմ հաջողվի անցկացնել, ինչի՞ շուրջ են պատրաստվում խոսել, առհասարակ, մեր ընդդիմադիր պատգամավորները ռուսական կողմի հետ՝ բացի իրենց հավատարմությունը հայտնելուց՝ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին:

Մի ուրիշ «արդարացում» էլ կա՝ «բայց չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանին էժան զենք է վաճառել…»: Այո՛, վաճառել է, բայց որը բավական թանկ նստեց Հայաստանի ու Արցախի վրա:

Ադրբեջանին զինելու փաստի թեմայից անցնենք դիվանագիտական ճակատին: Մեկ տասնամյակից ավելի Մոսկվան հստակ ցույց էր տալիս, որ ցանկանում է ղարաբաղյան կարգավորում՝ ռուսական հովանու ներքո: Մոսկվան մշակում-վերամշակում էր կարգավորման տարբերակները, ներկայացնում կողմերին, սակայն որոշակի պահից սկսած Մոսկվայում, ըստ ամենայնի, հասկացան, որ Հայաստանի իշխանությունները անիրատեսական զիջումների չեն գնալու: «Լավրովյան պլանի» մերժումը, թերեւս, լցրեց Մոսկվայի «համբերության բաժակը», ու ինչ-որ պահից Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները՝ «ուժով» լուծել խնդիրը, համընկան:

Արձանագրենք, որ մինչեւ Փաշինյանի «թավշյա հեղափոխությունը» ԵԱՀԿ Մինսկի խմբում ամենաակտիվ պետությունը եղել է հենց Ռուսաստանը: 2007թ. նոյեմբերի 29-ին, Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման շրջանում Հայաստանն ընդունեց Մադրիդյան փաստաթուղթն ու սկզբունքները, 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի միջնորդությամբ եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ստորագրեցին Մայենդորֆյան 5 կետանոց հռչակագիրը: Հայտնի է ռուսական ջանքերի մեկ այլ դրվագ. 2011թ. հունիսին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիեւը: Ղարաբաղյան կարգավորման այս դրվագները, բոլորը փաստում են ռուսական ակտիվ ջանքերի մասին: Իսկ ամենաթարմ առաջարկները՝ Լավրովի հանրահայտ պլանն էր, որի առկայությունը սկզբնական շրջանում պաշտոնական Երեւանն էր հերքում, հետո ռուսական կողմը հերքեց, սակայն դրա գոյության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի երկու նախկին համանախագահները հստակ խոսել են, ու անկախ նրանից, թե այդ պլանում 2018-ից հետո որքան դրույթներ են փոփոխվել, մշակվել՝ ակնհայտ է, որ ռուսական կողմն է եղել ամենագլխավոր դերակատարը այդ առաջարկների մշակման հարցում:

Այսօր Երեւանի փողոցներ դուրս եկած ընդդիմության ուշադրության կիզակետում են հայտնվել արեւմտյան դեսպանները, որոնց նրանք մեղադրում են՝ «երկակի ստանդարտներ» կիրառելու մեջ: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ընդդիմության հայտարարած՝ «փրկենք Արցախն ու Հայաստանը թրքացումից» պայքարը տեղափոխվել է մարդու իրավունքների ու ազատությունների դեմ ոտնձգությունների պայքարի, որի բավարարման ճանապարհին ընդդիմության առաջնորդները պարբերաբար որոշում են գիշերային երթեր կազմակերպել դատախազության շենքի ուղղությամբ: Լավատեղյակներն, իհարկե, ասում են, որ դատախազությունում մինչեւ կեսգիշեր մի քանի տասնյակ քննիչներ են աշխատում, հետեւաբար՝ ընդդիմադիրների երթերը հիմնավորված են: Պարզապես, այս պարագայում պետք է արձանագրել նաեւ, որ ընդդիմության հռչակած՝ «փրկենք Արցախն ու Հայաստանը թրքացումից» նպատակի ճանապարհին պայքարի նշաձողն իջեցվել է քննիչներից «արդարություն» ակնկալելու գործին:

Ինչեւէ, արեւմտյան դեսպաններին տարբեր մեղադրանքներ հնչեցնող ընդդիմադիրները մի շատ սիրված ձեւակերպում ունեն, որն անգիր արած կրկնում են՝ «ռուսներին տարածաշրջանից դուրս են մղում…»: Այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան ներկայիս ընդդիմության վտիտ «ուսերին» մի ծանր բեռ է դրված, հենց իրենք պետք է «Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու» գործընթացը կասեցնեն, եւ հետեւաբար, նրանք ամեն գնով արդարացնում են ռուսական կողմի «կիքսերը», օրինակ՝ խաղաղապահների անգործությունն Արցախում, որոնց վերահսկողության գոտիներում քաղաքացիական անձինք են սպանվել, գումարած՝ ադրբեջանական կողմի տարածքային առաջխաղացումներ ունենալու փաստերը:

Սրան էլ գումարենք՝ արդեն մեկ տարուց ավելի ՀՀ տարածքում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման փաստը, որը ՀՀ ռազմավարական դաշնակցին չի հետաքրքրում, մեկ նախադասություն այս թեմայով չի հնչել Մոսկվայից: Իսկ ՀՀ անկախացումից ի վեր մի փուչիկ-առասպելի մասին, առհասարակ, չհիշեցնենք՝ «հենց Թուրքիայի կողմից մի թռչուն անցնի ՀՀ սահմանը՝ ռուսը կործանիչները հանելու ա օդ…»:

Այսինքն, ռուսական կողմի ձախողումները «փակելու», ավելի ճիշտ՝ «խլեցնելու» եւ միաժամանակ Ռուսաստանի հովանու ներքո կայացած Հայաստան-Ադրբեջան համաձայնությունները ամրապնդելու համատեքստում հայաստանյան ընդդիմությունը սկսել է մեղադրանքի սլաքներ ուղղել Արեւմուտքի ուղղությամբ: Օրինակ, ընդդիմադիրները մեր հասարակությանն արդեն սկսել են զբաղեցնել «մուննաթներով»՝ կապված ՀՀ-ում ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի դեսպանների՝ ՀՀ տարբեր մարզեր, քաղաքներ այցելելու առիթներով:

Բայց «ազգափրկիչներից», օրինակ, երբեք հարցադրում չես լսի, ինչո՞ւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը համառորեն չի այցելում Եռաբլուր՝ 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով: Անցյալ սեպտեմբերի 27-ին, օրինակ՝ օրվա վերջում միայն ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը:

Հայաստանում արեւմտյան դեսպանների տեղաշարժից նեղվող հայաստանյան ընդդիմադիրներին մի թարմ լուր հաղորդենք, թեեւ վստահ կարելի է շեշտել, որ նրանք տեղյակ են, սակայն նրանց կամ ձեռք չի տալիս խոսել, կամ էլ՝ նրանց հրահանգված է լռել մեկ այլ խիստ ուշագրավ փաստի առնչությամբ:

Մայիսի 31-ին Ադրբեջանը երկրում հավատարմագրված շուրջ 80 դիվանագետների եւ ռազմական կցորդների համար Քարվաճառ այց է կազմակերպել: Պարզ է, որ Ադրբեջանը հերթական քարոզչական այցն է կազմակերպել Արցախի գրավյալ տարածքներ, այս անգամ՝ արդեն Քարվաճառ։ Քարավաճառ են այցելել ավելի քան 50 երկրի ու 10 միջազգային կազմակերպությունների ավելի քան 80 դիվանագետներ եւ ռազմական կցորդներ։ Ադրբեջանական լրատվամիջոցներում սույն ուղեւորության վերաբերյալ հրապարակված լուսանկարներից պարզ դարձավ, որ Քարվաճառ են այցելել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բահչին, Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը, Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը, Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեեւսկին, Բելգիայի դեսպան Միշել Պիտերամսը, ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն, Իրանի դեսպանատան ներկայացուցիչներ, այլ դիվանագետներ։

Բայց հատկապես մի դեսպան չի բավարարվել փաստով, որ ադրբեջանական ԶԼՄ-ները լուսաբանում են այդ այցելությունը… Այո՛, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն անձամբ է որոշել կիսել իր ուրախությունն ադրբեջանցիների հետ

«Հուզիչ» այցից Ադրբեջանում ՌԴ դեսպանի լուսանկարներն է հրապարակել՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը՝ թվիթերյան էջում: Բաքվում ՌԴ դեսպանատան թվիթերյան էջը հանդիսավոր կերպով հայտնել է. «Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը ողջունում է իր հետեւորդներին՝ Քելբաջարից, ուր նա այցելել է Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ պատվիրակության կազմում»:

Իսկ հիշո՞ւմ եք, թե ի՜նչ հակաքարոզչական թոհուբոհ կազմակերպեցին հայաստանյան ընդդիմադիրները, երբ ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին է այցելել Ադրբեջան: Հիշեցնենք, ուղեւորությունը կայացել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի՝ Ադրբեջան այցի օրերին։ Այդ համաժողովին մասնակցել էին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, USAID կազմակերպության ադմինիստրատորի օգնականի տեղակալ Մարկ Սիմակովսկին, Եվրոպային եւ Եվրասիային օգնության հարցերով ԱՄՆ գործադիր համակարգող Գրեգ Նաարդենը եւ Կովկասում բանակցությունների հարցով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը: ԱՄՆ դեսպանատնից հիշեցրել էին, որ առաքելության ղեկավարների այսպիսի համաժողովներ պարբերաբար են անցկացվում, եւ 2021թ. վերջին համաժողովը հյուրընկալել էր Երեւանում ԱՄՆ դեսպանատունը։

Հայաստանի գործընկեր բոլոր պետություններն, անշուշտ, առաջնորդվում են իրենց պետական շահերով, վատ չէր լինի, եթե Հայաստանի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար էլ Հայաստան պետության շահը գերակա լիներ՝ այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններում: Փոքր, իսկ այժմ էլ պատերազմից հետո թույլ Հայաստանը չունի ռեսուրս ո՛չ բարեկամ երկրների, ոչ էլ ո՛չ բարեկամ պետությունների հետ ուլտիմատումներով խոսելու, խոսքն ամենեւին դրա մասին չէ:

Պարզապես, անընդունելի, ամոթալի ու երբեմն էլ բավական զավեշտալի է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողների կողմից երկակի ստանդարտներով առաջնորդվելը, ուղղորդված «հայրենասերներ» խաղալու ջանքներն ու այլոց իրենց «ծառայությունները» մատուցելու անհագուրդ մղումը: Եթե անգամ ինչ-որ պահի նրանց «անձնուրաց ջանքերը» գնահատվեն՝ Հայաստան պետությունը դրանից չի ամրանալու, էլ ավելի է թուլանալու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mika says:

    էդ էր պակաս որ ընդդիմությունը ռուսների մասին ծպտուն հաներ, բա իրանց սպոնսորներին գոհացնելու միակ առաքելությունն ունեն իրենք։ իսկ սոռռոսը իհարկե պետք է լինի թիրախում, որպեսզի ռուսական դեսպանի հրճվալի հուզմունքը չնկատեն մարդիկ․․․ եթե լյուստրացիա լինի մի քանի տասնյանկ հազար մարդ կպարզվի ռուսական ռուբլիով աշխատավարձ են ստանում լյուբյանկայից․․․․ իսկ սոռոսի որսը շարունակվեւմ է։Ճ։Ճ

  2. Հայկ համբարձումեան says:

    Հարգելի Էմմա,

    Մէկ կամ երկու շաբաթ առաջ Արամ Աբրահամյանը յօդուած մն էր գրած, մօտաւոր միտքը՝ “բան չի փոխուել”. ես ալ իրեն զարմանքս յայտներ էի, թէ ինչպէ՞ս կարելի էր սպասել, որ բան պիտի փոխուէր.

    Հիմա ալ, ձեր տեղին ընդվզումը Հասկնալով հանդերձ՝ գրեթէ նույն հարցը. ձեր նշածները հայկական քաղաքական եւ դժբախտաբար նաեւ մտաւորական մշակույթի ախտեր են, որոնց լուծումը շատ ժամանակի կը կարօտի, եւ որոնք այս պահուն, այսինքն յունիս 2022, կամ իսլամական զու ալքատէ 1443, իսկապէս բուն, ճգնաժամային խնդիրը չեն. իսկ ինծի պարկեշտօրէն պատասխանեցէք՝ եթէ ընդդիմութիւնը ռուս դեսպանն ալ քննադատէր, այսինքն դուք պիտի միանայիք երթերու՞ն. թէ ուրիշ պատճառ մնալ պիտի գտնայիք՝ չմիանալու.

    Կարելի է տարբեր նիւթերու մասին խօսիլ, մտածել, քննարկել, վերլուծել, բանախօսել, բայց երկրին բուն խնդիրը չի փոխուիր, այն է՝ սրնթաց դէպի մահ կամ գոնե մահաքուն ընթացքը, զոր պէտք է կասեցնել։ Իսկ բուն պատճառը ով է, այդ ալ յստակ է.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930