Լրահոս
Օրվա լրահոսը

Դրված է հայի ճակատագրի եւ պատվի խնդիրը

Հունիս 09,2022 14:00

Հազարամյակների մաքառումների, վայրիվերումների եւ տառապանքների ճանապարհ է անցել հայ ժողովուրդը, մինչեւ հասել է մեր օրերը: Փորձենք կանգ առնել վերջին մոտ 30 տարիների՝ նորանկախ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վրա՝ նշելով նրա ձեռքբերումները եւ կորուստները, փորձելով վերլուծել այսօրվա իրավիճակը ու դրանից դուրս գալու հնարավոր ուղիները: 1988թ. փետրվարի 20-ին սկսվեց Հայոց համազգային շարժումը, որն արթնացրեց հայ ժողովրդին, որից հետո էլ տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզումը, որի արդյունքում էլ Խորհրդային այլ հանրապետությունների օրինակով ձեւավորվեց Հայաստանի անկախ, սուվերեն պետությունը: Նախքան դա, Հայոց համազգային շարժումը ծնեց ղարաբաղյան շարժումը՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ մտցնելու պահանջով:

Բնական էր, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չէր համաձայնելու դրան, որի արդյունքը եղավ Ղարաբաղա-Ադրբեջանական պատերազմը, որը տեւեց մոտ 4 տարի: Այդ պատերազմում հաղթեցին հայերը եւ ազատագրեցին Ղարաբաղի բավականին տարածքներ եւ հռչակեցին Արցախի անկախ հանրապետությունը, որը պետական մակարդակով ընդունեց համապատասխան որոշում, որ միանում է Հայաստանին:

Թե Ադրբեջանը որքան ծանր տարավ այդ իրողությունը, բոլորս ենք տեղյակ եւ տասնյակ տարիներ շարունակ սկսվեց Արցախի ու Ադրբեջանի միջեւ խուլ հակամարտությունը, որն Ադրբեջանի կողմից հետագայում սկսեց բացահայտ բնույթ կրել, քանզի այդ երկիրը միջազգային ոչ մի կառույց չէր թողնում բողոքելու ու դիմելու համար, որ հայերը փաստացի զավթել են Ադրբեջանի մաս հանդիսացող Ղարաբաղը եւ ինքն ամեն ինչ անելու է այն ետ բերելու համար:

Մինչեւ 2018թ. նրանց բազմաթիվ ու բազմապիսի փորձերը ոչ մի արդյունք չտվեցին, սակայն նրանք շատ խելացի էին, քանզի համոզվելով, որ այդ ճանապարհն իրենց հարցը չի լուծում, ընտրեցին այլընտրանքային ճանապարհ, մեծ եղբոր՝ Թուրքիայի հետ միասին սկսեցին պատրաստվել պատերազմի եւ ուժեղացնել Ադրբեջանի ռազմական պոտենցիալն ու փորձել ռազմական ճանապարհով՝ պատերազմով լուծել այդ հարցը ու ետ բերել իրենց կորուստները, ինչը եւ 2020թ. սեպտեմբերին հաջողությամբ արեցին, չնայած այն բանին, որ եւ Հայաստանը, եւ Արցախը հրաշալիորեն տեղյակ լինելով դրանից, փաստացի նորմալ չպատրաստվեցին դրան ու ստացան այն, ինչը նման դեպքերում սովորաբար ստանում են: Կորցրեցին Արցախի տարածքի մոտ 75 տոկոսը, տվեցին 4 000-ից ավելի մարդկային զոհեր եւ մոտ 6 000-ի կարգի անհետ կորածներ, վիրավորներ ու գերիներ, որոնց մի մասը մինչեւ այսօր էլ Ադրբեջանում է: Ինչպես բազմիցս նշվել է, այդ պարտության հիմնական պատճառները Հայաստանի եւ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունների ոչ օպտիմալ կառավարման ու բազմաթիվ հայերի դավաճանությունների արդյունք էր:

Հակառակ պարագայում, եթե հաշվի առնենք նաեւ մեր զինվորների հերոսական պայքարը, բացարձակապես բացառված էր, որ Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ տանդեմ կազմելու պարագայում անգամ, նրանք կարողանային հայերին հաղթել: Դա ուղղակի աբսուրդ է եւ խորհելու բան է, թե ինչու ու ինչպես այդպես եղավ: 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանը կապիտուլացվեց եւ կնքվեց Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան խայտառակ կապիտուլացիոն համաձայնագիրը, որով իբր պետք է դադարեր այդ պատերազմը, որը սակայն՝ փաստացի տեղի չունեցավ եւ այն շարունակվում է մինչ օրս: Շարունակվում է, քանի որ այդ համաձայնագրից հետո, չհաշված կրակոցների շարունակվելը եւ նոր զոհերի արձանագրումները, 2021թ. մայիսի 12-ից սկսած նրանք գրավեցին արդեն Հայաստանի մի շարք տարածքներ, որոնք նրանց կողմից շարունակաբար ընդլայնվելով, մինչ այսօր նրանց ենթակայության տակ են: Մի բառով ներկայացնեմ, որ այսօր Հայաստանը գտնվում է ողբերգական վիճակում, իսկ ավելի ողբերգականն այն է, որ Հայաստանի իշխանությունը տվել է իր համաձայնությունը՝ պատրաստ է առանց պահանջների ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անպայմանորեն Արցախը նրա կազմում, ինչպես նաեւ թատերականացված սահմանազատման ու սահմանագծման արդյունքում՝ Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք գյուղեր հանձնել «եղբայր» Ադրբեջանին:

Ի պաշտպանություն Արցախի անկախության եւ Հայաստանի անվտանգության հզորացման՝ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպում է ամենօրյա հանրահավաքներ, քաղաքով մեկ ամենօրյա անհնազանդության ակցիաներ, որոնց մասնակիցների թիվն օր օրի ավելանում է: Օրակարգում դրված է նաեւ վարչապետի ու կառավարության հրաժարականի հարցը, որի կողմնակիցները եւս օր օրի ավելանում են: Բացի հայրենիքի հարցը, դրված է նաեւ բարոյական լուրջ խնդիր՝ հայի ճակատագրի եւ պատվի խնդիրը: Ժողովուրդը կհասկանա, կմիանա այս պայքարին, երկրում վիճակ կփոխվի եւ հայի վրայից դուրս կգա պարտության խարանը, որից հետո կապրի արժանապատիվ կյանքով: Հակառակ պարագայում, հերթական անգամ կխեղվի հայի ճակատագիրը եւ նա կապրի ստրուկի կարգավիճակում…

Ամեն ինչ ժողովրդի ձեռքում է եւ նա իրեն ինչպես կպահի, ըստ այդմ էլ կարժանանա համապատասխան գնահատականի, խաչ կքաշի եւ իր հայրենիքի, եւ ճակատագրի վրա:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930