Ուխտագնացություն դեպի Սուրբ քաղաք՝ մեծ պապի նվիրական «ոտնահետքերով»
Տխրությունով, սիրով, բախտով հարբած եղիր,
Մի քիչ պարտված մնա, մի քիչ աստված եղիր…
Համո Սահյան
… Մեր նախնիները, ապուպապերը, 1828-30-ից վերաբնակություն հաստատելով այստեղ՝ Շիրաղալա-Վարդենուտում, իրենց բախտն ու ճակատագիրը մեկընդմիշտ կապել են այս լեռնաշխարհի, այս հող ու ջրի հետ: Ընդ որում, մերն էլ, հետագա բոլոր սերունդներինն էլ` իրենց հետ: Հաճախ ենք մեր նախնիներին հեռակա մեղադրում բնակավայրի տեղի նման` ոչ այնքան բարեհաջող ընտրության հարցում: Սակայն դա, ըստ էության, արդարացի ու տեղին չէ, քանի որ, որոշ հավանական կարծիքների համաձայն, դա այնքան էլ նրանց կամքով ու ցանկությամբ չի եղել: Ասել են` այստեղ պիտի ապրեք, քանի որ ձեր նախկին բնակավայրի տեղանքին, կլիմային նման է, եւ վերջ…
Մի այսպիսի հավանական վարկած էլ պետք է նկատի ունենալ: Ինչպես Հարութնի ազգից Հայկ Վարազդատի Գեւորգյանը (ծնվ.՝ 1949 թ.) պատմեց, իրենց ապուպապերը 1832 թ. եկել են Մշո գավառի Ալջավազ գյուղից (Արճեշ քաղաքի նախկին տարածք): Նախ հանգրվանել են Կարբիում, եւ քանի որ ամառ է եղել, ուստի շոգը նրանց ստիպել է «բարձրանալ» դեպի Արագածի լանջերը, ընդհուպ մինչեւ ձոր, որտեղ տարվա այդ շրջանում սքանչելի զով եղանակ է, հրաշալի բնություն: Բայց երբ ձմեռը վրա է տվել, իջել են ներքեւ` գյուղի ներկայիս տարածք…
Ըստ մեր համագյուղացիների պատմածների եւ նրանց` սերնդեսերունդ փոխանցված հիշողությունների, գյուղի ինքնահաստատման ու ամրապնդման գործում զգալի դերակատարում է ունեցել Թովմաս Սարգիսովը (Մուխսի): Նա այնտեղ` պատմական հայրենիք Մուշում է թողել երկու եղբորը եւ տեղի տալով թուրքական բռնաճնշումներին, վերցրել է ընտանիքը, ունեցած-չունեցածը եւ իր մի քանի բախտակիցների հետ բռնել գաղթի ճանապարհը:
Կարդացեք նաև
Ինչպես ներկայացրեց Մուխսի ազգի կրտսեր ժառանգներից Գրիգոր Զավենի Ադամյանը (ծնվ.` 1964 թ.), նրանք նախ հանգրվանել են Կարբի-Օհանավան գյուղերի հատվածում, հետո, երբ նեղվել են շոգից ու ջրի սակավությունից, բարձրացել են դեպի վերեւ: Տեսնելով մեր բնաշխարհի ամառային չնաշխարհիկ գեղեցկությունը, ալ կակաչներով վառվռուն դաշտերը, արտերն ու սարալանջերը, Թովմասը չի թաքցրել հիացմունքը` իր ժառանգներն իսկի չէ էս բույսերով ու ծաղիկներով կապրեն, իրենց լավ կզգան… Այսինքն, եկել են այն ժամանակ, երբ գյուղն արդեն վերաբնակեցվել էր, իր վերաբնակիչներն ուներ: Տեղանքի ընտրության հարցում, առհասարակ, վճռորոշ նշանակություն է ունեցել բնական աղբյուրների եւ, մասնավորապես, Խաչբուլաղի առկայությունը: Երբ խմելու ջուրը կա, ավելին` գետն էլ կողքով հոսում է, ապա, կարելի է ասել, ապրելու հիմնական ու կարեւոր նախապայմաններն ապահովված են:
Ըստ որոշ պատմությունների, Թովմասն աշխատանք է տարել, որպեսզի Ապարանի ուղղությամբ գաղթող իր այլ հայրենակիցներ եւս, տեղեկանալով ընտրված բնակավայր-տեղանքի մասին, միանան իրենց: Այդպես, նոր մարդիկ են եկել եւ համալրել նորաբնակների շարքերը: Սարի քարերից են կտրել, բերել եւ իրար վրա շարելով` հարմարեցրել իրենց կացարանները: Այս մասին մեր զրույցներից մեկի ժամանակ տողերիս հեղինակին տեղեկացրել է Մուխսու թոռ Վանիկ Եղիշի Արմենակյանը (ծնվ.` 1935 թ.): Ի դեպ, առայսօր կենդանի մնացած նրա մյուս թոռը Հասմիկ Գարեգինի Արմենակյանն է (ծնվ.` 1932 թ.):
Բավականին խելացի ու հեռատես լինելով, Թովմասն առաջին հերթին հոգ է տարել, որպեսզի «գծվեն», առանձնացվեն բնակավայրի սահմանները: Պատմում են, ինչպես լեգենդ, որ հեծել է իր ձին, եւ որտեղ ձիու սմբակի հետքը դրոշմվել է, այնտեղ ցցաքարը խփել են` դարձնելով Շիրաղալայինը: Ապա հոգ է տարել, որպեսզի այդ ամենը օրինականացվի, ընդունվի եւ հաստատվի երկրի վարչական մարմինների կողմից:
Թովմասի կյանքի հիշարժան դրվագներից է նրա` Երուսաղեմ մեկնելու, Փրկչի գերեզմանին այցի գնալու պատմությունը, ավելի շուտ` սրբազան ուխտագնացությունը: Ընդ որում, իր հետ, ձիու վրա է վերցրել երկու որդիներից մեկին: Ճանապարհին որդին ձիուց ընկել, մահացել է: Այդտեղ էլ (վայրի անունն ազգակիցների մոտավոր հիշողությամբ Դողս է եղել) թաղել է նրան: Ասում են, որ մենակ չի եղել, նրան են միացել հարեւան բնակավայրերի ունեւոր ընկերներից, այլ մարդիկ եւս: Նրան այնտեղ հմայիլ` ավետարան են նվիրել, որոշ բաներ էլ ինքն է գնել: Թովմասի խնդրանքը Տիրոջից հետեւյալն է եղել` թող իր ազգին, իր ընտանիքին, իր գյուղին շատություն լինի, աճեն ու բազմանան… Հմայիլն ու ավետարանի մի մասը մինչեւ այսօր էլ սրբությամբ պահպանվում են Գրիգորենց տանը: Իսկ թե ինչպես են այդ մասունքները որպես ժառանգություն անցել Գրիգորի պապին, ապա դրա պատմությունը հետեւյալն է:
Թովմասի Մարտիրոս որդին չորս զավակ է ունեցել` Ադամ, Գեւորգ (Գեւե), Զոհրաբ (Զորո) եւ Արմենակ: Եվ ահա, երբ եկել է հայրական այդ թանկ ժառանգությունը «կիսելու» պահը, եղբայրների միջեւ վեճ է առաջացել: Ընդհանուր համաձայնության չգալով, որոշել են այն գցել թոնիրը, վառել: Այսինքն, ճարահատյալ դիմել են ոչ ինձ, ոչ քեզ քայլին: Այդպես էլ արել են, բայց… Պատմում են դրա հետ կապված մի հրաշքի մասին: Իբր, թոնիր գցելուն պես հմայիլ ավետարանը վերեւ, օդ է բարձրացել եւ, այդպիսով, անվնաս մնացել: Միայն հմայիլի ձեռագործ, զարդանախշ կտորով յուրօրինակ պայուսակ-վզնոցի մի ծայրն է կրակը հասցրել վնասել: Այսքանից հետո, թերեւս, վճռել են այլ կերպ լուծել խնդիրը, եւ հայտնի չէ, թե ինչպես են դրանք, ի վերջո, մնացել ժառանգներից փոքրի` Ադամի որդի Արշակի մոտ:
Հմայիլի կախարդական, զորավոր հատկությունը դրանով, թերեւս, ավարտված չի կարելի համարել: Ժամանակին գյուղի քահանան այն վերցրել է իր հետ եւ հիվանդների մահճակալի մոտ այնտեղից աղոթքներ կարդալով` բուժել է նրանց: Գրիգորի պատմելով, իրենք տանը նաեւ արծաթակազմ, արծաթե խաչով կարմիր ավետարան են ունեցել, որը 1920-ական թվականներին բոլշեւիկները բռնագրավել, տարել են…
Ի դեպ, Երուսաղեմում Թովմասն ընդունել է Մահտեսի անունը (Մահտեսի` Երուսաղեմ ուխտի գնացած հավատացյալ: Այդպես անվանում էին նրանց, ովքեր եղել էին Երուսաղեմում, անցել Տիրոջ ոտնահետքերով), որը ժողովրդի խոսակցական լեզվում դարձել է Մուխսի, եւ նա ավելի շատ ճանաչված է եղել այդ անունով: Ահա, այս անունով էլ նրա ազգատոհմը հայտնի է:
Եվ, ահա, տարիներ, շա՜տ տարիներ անց (ապրիլ 2022 թ.) Մուխսի ազգից Ազատ Հայկազի Կնյազյանը (ծնվ.՝ 1964 թ.), կարելի է ասել, գնաց մեծ պապի նվիրական «ոտնահետքերով»` մեկշաբաթյա ուղեւորությամբ լինելով Սուրբ քաղաքում` Երուսաղեմում: Այն էլ` այնպիսի ժամանակահատվածում, երբ ողջ քրիստոնյա աշխարհի ուշադրությունը սեւեռված է այստեղ կատարվող իրադարձությունների վրա` կապված Սուրբ Հարության տոնի հետ: «Անպատմելի բավականություն ապրեցի,- մեծ ոգեշնչվածությամբ ու հիացմունքով պատմեց Երուսաղեմից վերադարձած Ազատը,- սրտով ու հոգով վեհացա, լիացա, ասես՝ վերածնվեցի, վերագտա ինձ… Եվ ամենակարեւորը` մեջս առավել ամրապնդվեց այն հավատն ու վստահությունը, որ ունեցել եմ եւ ունեմ մեր ժողովրդի ապագայի հանդեպ: Հայ ազգն անպայման հաջողելու է, նա դատապարտված է… իր հազարամյա անվախճան երթը մշտապես շարունակելու, առաջ գնալու եւ նոր հաղթանակներ տոնելու: Մեջս արդեն որեւէ կասկած կամ մտավախություն չկա այդ առումով` մեր պատմությունը, սրբազան Երուսաղեմի հայկական ժառանգությունը վկա…»:
Դժվար չէ հասկանալ սրբազան վայրերում ոտք դրած, հայկական ոգուն այդպես վեհորեն հաղորդակից դարձած, այնտեղ երանելի՝ աստվածային պահեր ապրած ու իմաստավորված ժամանակ անցկացրած մեր պատվարժան, բարեպաշտ համագյուղացուն:
(Հատված «Մեր ժամանակը» անտիպ գրքից)
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարում՝ Ազատ Կնյազյանը Երուսաղեմում
«Առավոտ» օրաթերթ
08.06.2022