Հասմիկ Աջամյանի նոր գիրքը
«Էդիթ պրինտ» հրատարակչությունը տպագրել է Հասմիկ Աջամյանի «Արեւային անձրեւ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն: Հեղինակն աշխարհին նայում է մանկան աչքերով, եւ շրջապատն ու սովորական թվացող երեւույթները դառնում են գունեղ ու հրաշալի: Մանկական բանաստեղծությունները գրված են մանկան սիրո ու հավատի ներշնչանքով, լի են մանկական միամտությամբ ու փոխադարձ սիրո սպասումով: Ժողովածուն բաղկացած է մի քանի բաժիններից` «Զվարթ ղողանջներ», «Գազանանոց առանց վանդակի», «Մանկության արահետով», «Մնալ ազնիվ եւ քաջ», ինչպես նաեւ «Հանելուկներ»:
Մանուկների եւ մեծերի համար գրող Հասմիկ Աջամյանը մանուկների աշխարհում, իր խոսքով՝ անտարիք է դառնում.
Սիրտս կյանքով է լցվում
Մանուկների աշխարհում,
Մանկան խնդով եմ շնչում,
Մանկան նման լիանում:
Փոքրանում եմ մանկան պես,
Միտքս թեւեր է առնում,
Այնպես հեշտ եմ սիրում ես,
Այնպես թեթեւ սավառնում:
Ցած եմ բերում երկինքներ,
Մոլորակներ վետ նետում,
Ծիածաններ գունագեղ
Ու արեւներ տանում տուն:
Մանուկների աշխարհում
Մեծ եմ ես աշխարհի չափ,
Ես անտարիք եմ դառնում,
Ունենում եմ հազար կյանք:
Հասմիկ Աջամյանը եւս 5 բանաստեղծությունների ժողովածու ունի հրատարակած` «Խլածաղիկ», «Խնկաբույր երգեր», «Արթնացումներ», «Առաջին համբույր», «Ձեզ հետ եւ առանց Ձեզ»: Նրա մանկական գրվածքները հրատարակվել են մանկապատանեկան մամուլում` «Հասկեր», «Աղբյուր», «Ուրախ գնացք», «Լապտերիկ»: Հասմիկ Աջամյանի ստեղծագործությունները տպագրվել են նաեւ «Գրական թերթում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.06.2022