Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը թող գնա, մենք թուրքերի հետ ավելի լավ կբանակցենք»-ը երաշխիք չէ

Հունիս 09,2022 12:00

ՀՅԴ աջակցությունը վայելող, Ռոբերտ Քոչարյանը 1998թ. իշխանության գալով, Ադրբեջանի հետ բանակցում էր «Ընդհանուր պետություն» կարգավորման տարբերակի շուրջ, որով Արցախն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս:

ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում էր ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, անցյալ շաբաթ չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։

«Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության տեքստում ասվում էր. «Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի ժողովրդի 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝

Հայտարարում ենք.

1. Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2.Պետք է ապահովել հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3.ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով։

4.Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման (հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձ) եւ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման նախապայմանով։

5.Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։

6. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ն բացառում է որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր- մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

7.Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անցյալ շաբաթ չէր բացառել, որ Փաշինյանը՝ «Հենց տեսնի՝ նեղն է ընկնում, մեզնից առաջ ընկնի ու ավելի ջանքով պաշտպանի Արցախի կարմիր գծերը, անգամ Մուշն ու Սասունը կարող է ուզի, չեմ բացառում: Իր իշխանությունը պահելու համար նա ցանկացած հայտարարության պատրաստ է»: Ըստ Ռուստամյանի, նոյեմբերի 9-ի փաստաթղթով Փաշինյանը ստորագրել է, որ Արցախը սուբյեկտ չէ, մինչդեռ ՀՀ որեւէ իշխանություն իրավունք չունի հանդես գալ Արցախի անունից: «Իրենք սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը ու մենք պետք է հեռացնենք այն իշխանություններին, ովքեր ամեն ինչ անում են, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում»,-նշել էր նա: Ռուստամյանի խոսքով, եթե իշխանությունները չեն ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ համաձայնում են Ադրբեջանի հետ: Հարցին՝ բա որտե՞ղ պետք է լինի Արցախը՝ նա պատասխանեց՝ անկախ պետք է լինի: Լրագրողները ճշտել էին՝ կարո՞ղ է Ռուսաստանի կազմում լինի Արցախը՝ Ռուստամյանը պատասխանել էր. «Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ ում կազմում լինի: Արցախը գնացել է ինքնորոշման ճանապարհով, որից հետո կորոշի՝ միանա՞լ ՀՀ-ին, թե՞ չէ»:

Ստացվում է, որ ՀՅԴ-ն համարում է, որ Արցախն անկախ պետք է լինի, բայց եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ ցանկանում են՝ Ռուսաստանի կազմում լինել՝ հայաստանյան ընդդիմությունը խնդիր չունի՞:

Բացի այդ, դաշնակցության աջակցությունը վայելով, Ռոբերտ Քոչարյանը 1998թ. իշխանության գալով, Ադրբեջանի հետ բանակցում էր «Ընդհանուր պետություն» կարգավորման տարբերակի շուրջ, որով Արցախն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: ՀՅԴ-ն այդ շրջանում չպահանջեց՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարում, որ՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», ավելին՝ Քոչարյանի բանակցած «Ընդհանուր պետությունը» հենց ամրագրում էր ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս, բայց դա չէր խանգարում, որ դաշնակցությունը շարունակի սատարել Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը:

Այնպես որ, անկախ այսօրվա քաղաքական ելույթների տոնայնությունից, անկախ այն փաստից, որ գործող իշխանությունը 2018-ին իշխանության գալով ամբողջությամբ տապալեց ղարաբաղյան կարգավորման պատմության՝ հայկական կողմի համար նպաստավոր սկզբունքները, չպետք է մոռանալ նաեւ անցյալը եւ, մասնավորապես, այսօրվա որոշ «ազգափրկիչների» դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման պատմության տարբեր դրվագներում:

Քաղաքական ուժերը, եթե այսօրվա իշխանության վարած քաղաքականությունն Արցախի ու Հայաստանի համար կործանարար են համարում, նրանք չպետք է սահմանափակվեն դեկլարատիվ հայտարարություններով, հիշեցնելով, օրինակ, որ ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է: Այս կամ այն սկզբունքին հասնելու ճանապարհին ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը հանրությանը պարտավոր է ներկայացնել իր հռչակած նպատակին, տեսլականին հասնելու ուղիները, որպեսզի նրանց ներկայացրած այս կամ այն հայտարարությունը չլինի մակերեսային, կամ այլ կերպ ասած՝ չնմանվի բաժակաճառի:

Ընդդիմության կողմից հետեւյալ՝ «Նիկոլը թող գնա, մենք թուրքերի հետ ավելի լավ կբանակցենք»՝ արձանագրումը, բոլորովին էլ երաշխիք չէ, որ դա այդպես էլ կլինի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 08.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930