«Կարծում եմ, եթե միջազգային կառույցները ռեալիզացնեն իրենց ողջ ուժը, այդ խնդիրը լուծելի է, բայց մինչ օրս նրանք աշխատում են փափուկ գործիքներով, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն կա։ Եվ այս երկխոսությանը չվնասելու, չխոչընդոտելու նպատակով նրանք զգուշանում են միջամտել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին։
Նրա ներկայացմամբ, գերիների վերադարձը դժվարացնում է նաև այն իրողությունը, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում՝ Մոսկվայում, Բրյուսելում, ինչպես նաև՝ երկու երկրների միջև անմիջականորեն։ Ս․Սահակյանը կարծում է, որ եթե այդ բանակցությունները մի հարթակում ընթանային, գերիների վերադարձն ավելի շուտ հնարավոր կլիներ։
Իրավապաշտպանը նաև գտնում է, որ հայ ռազմագերիների վերադարձը կարող ենք ակնկալել նաև ԵԽ Նախարարների կոմիտեի քաղաքական ճնշման ներքո։ Իսկ ՄԻ եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող գերիների գործերն ունեն առաջնահերթություն և քննվում են արագ ընթացակարգով։
«Կարծում եմ, իրատեսական ժամկետում կարելի է հասնել դատական ակտերի կայացմանը»,- ասաց Ս․Սահակյանը՝ դա կարող է լինել երկու տարվա ընթացքում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։