Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքային իշխանությունը հրաժարվում է «ԿԱԼԳ» երիտասարդական հասարակական կազմակերպությանը հանձնել Գյումրու պատմական փողոցներից մեկում՝ Ջիվանու 50 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող տունը։
Գյումրու ավագանին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ, երկու տարի առաջ այն տրամադրել էր այս կառույցին, որպեսզի այնտեղ հիմնի ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի տաղանդավոր նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազի ցուցասրահ-թանգարանը։ Ավագանին տրամադրել էր 20 տարի ժամկետով՝ անհատույց օգտագործման իրավունքով, սակայն մի պայմանով, որ «ԿԱԼԳ»-ը պիտի վերանորոգի շենքն իր միջոցներով։
Գյումրու նորօրյա քաղաքային իշխանությունը, սակայն, ժամանակավորապես կասեցրել է ավագանու որոշման կատարումը՝ պատճառաբանելով, որ Էմիլ Գազազի ընտանիքի անդամները բողոք են ներկայացրել լրատվամիջոցներով այս որոշման դեմ և մեղադրել են «ԿԱԼԳ» կազմակերպությանը ինքնաիրավչության, կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ։
Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանն էլ գրավոր հարուցապատասխանի մեջ է մտել քաղաքային իշխանության հետ՝ նրանց մեղադրելով անգրագիտության, ավագանու դերը նսեմացնելու ու բամբասանքի, լատինական սերիալների սիրահար լինելու մեջ։
Կարդացեք նաև
Aravot.am-ին այս թեմայի շուրջ պարզաբանումներ ու փաստաթղթեր է ներկայացրել «ԿԱԼԳ» կառույցի հիմնադիր Գայանե Կարապետյանը։
Վերջինս նախևառաջ պարզաբանեց, որ խորեոգրաֆիայի պետական թատրոնում որպես տնօրեն իր գործունեությունն ավարտելուց հետո մտածել է «Գյումրու արհեստները և արվեստները» վերնագրով հատորյակ հրատարակելու մասին, սկսել է պրպտել ու տեղեկություններ գտնել արտերկրում բնակվող գյումրեցի արվեստագետների, ինչպես նաև կորած արհեստների մասին։ Այնուհետ մտածել է ստեղծել ցուցասրահ, որտեղ կցուցադրվեն աշխարհի տարբեր երկրներում բնակվող գյումրեցի արվեստագետների ստեղծագործությունները։ Առաջինը սկսելու էր հենց Էմիլ Գազազից։
«Էմիլին վաղուց էի ճանաչում, առիթ եղավ, քաղաքապետարանում խոսեցինք նրա գործերի մասին, ես ինքնս ունեմ անձնական սեփականություն հանդիսացող գործեր նրանից, զանգեցի ԱՄՆ, խոսեցի Էմիլի հետ ու եկանք համաձայնության, որ ստեղծվի Էմիլ Գազազի ցուցասրահ։ Դա պիտի լիներ Աբովյան 133 հասցեում, վարձակալվեց իմ կողմից 5 տարի ժամկետ պայմանագրով, և ես իմ ձեռքի տակ ունեցած, ինձ պատկանող գործերը ուզեցի ցուցադրել սեպտեմբերի 19-ին, այդ ժամանակ Գյումրիում տոնվելու էր Անկախության տոնը, այդ օրը պիտի լիներ բացումը։ Մեզ տրամադրվել էր նաև 10 տարի առաջ Հայաստանում թողնված գործերը, որոնք ևս պիտի ցուցադրվեին։ Պայմանավորվել էինք, որ Էմիլը պիտի ներկա լինի, գա ցուցասրահի բացմանը և մասնակցի Անկախության տոնակատարությանը։
Սակայն վերջին մեկ շաբաթում պարզվեց, որ Էմիլը չի գալու և խնդրեց, որ ավելի մեծ մասշտաբային լինի ցուցահանդեսը։ Այն պիտի լիներ և՛ հանրապետական մասշտաբի, և՛ պիտի կազմակերպվեր նաև Գյումրիում։
Ինքն ուզեց պետական պատկերասրահում, նորից բոլոր ատյաններին դիմումներ ներկայացրեցինք, գիտեք, որ կենդանի նկարիչներին անվճար չեն տրամադրում, կարող են վարձակալել սրահ, սակայն պատկերասրահն ընդառաջ գնաց և որոշվեց, որ կազմակերպվի ցուցահանդեսը։ Իրեն Էմիլ Գազազի միակ ներկայացուցիչ ներկայացնող կնոջ կողմից, որն ինձ ամենուր ներկայացնում էր իբրև Էմիլ Գազազ թանգարանի տնօրեն, առաջացան իրավական հարցեր՝ կապված վերոհիշյալ ցուցահանդեսները կազմակերպելու պայմանագրերի հետ։ Ցուցահանդեսի կազմակերպումը երկու անգամ հետաձգվելուց հետո դադարեցվեց պետական պատկերասրահի կողմից։
Բայց քանի որ դա իմ անձնական ծրագիրն է, ես շարունակեցի այն։
Ես պարբերաբար պիտի ցուցադրություններ անեի, ժամանակակից նկարիչներին պիտի ներկայացնեի, իմ ծրագիրը դա է եղել, որովհետև արվեստների քաղաք Գյումրիում մենք չունենք ժամանակակից արվեստի ցուցասրահ։ Թանգարան ասածը մի քիչ հարաբերական է։ Կոպիտ ասած պատկերասրահ չունենք, որտեղ ցուցադրվեն մեր տաղանդավոր տղաները։
Ինչքան կարող են մեր տաղանդները դրսում ցուցադրվել, բայց նրանց անունը հայրենիքում կորչի, գնա, չճանաչեն։ Իմ խնդիրը դա էր, բերել, մարդկանց բացահայտել, ներկայացնել, զբոսաշրջային գոտուն հարիր պատկերասրահ ստեղծել։ Ինչևէ, ծրագիրս շատ մեծ է, առ այսօր էլ կա, առ այսօր էլ շարունակական է, ես չեմ դադարել դրա վրա աշխատել», -ասաց Գայանե Կարապետյանը։
Նա պատմեց, որ այդ նույն ժամանակահատվածում դիմել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ծրագիրը հավանության էր արժանացել, և ավագանին միաձայն, 20 տարի ժամկետով տարածք էր տրամադրել անվարձահատույց օգտագործման համար, սակայն մի պայմանով, որ «ԿԱԼԳ»-ը պիտի վերանորոգի շենքը, ցուցասրահ ստեղծի, որտեղ կլինեն Էմիլ Գազազի գործերը։
«Առանց հասկանալու, թե 20 տարով անվարձահատույց տարածք տրամադրել ինչ է նշանակում, Գազազի կինը հայտարարեց, թե ես Էմիլի անունով տուն եմ ստացել, քանի որ տարածքը սեփական տան ինչ-որ հատված էր։ Սա է եղել ողջ կռվի, այս խոսակցությունների հիմքը, որը և քաղաքապետարանի՝ պայմանագիր չկնքելու համար հիմք է դարձել։
Միայն մի բան կարող եմ ասել՝ անկախ այն բանից՝ ինչ է խոսում է Էմիլի երկրորդ կինը, միակ անձը, որն Էմիլի հետ ունեցել է օրինական պայմանագիր գործերը տիրապետելու, ցուցադրելու, տեղաշարժելու, վաճառելու, կեսով կես հարաբերությունների մեջ, այս ամբողջ ընթացքում պարզվեց, որ եղել է Էմիլի առաջին կինը։ Օրինական նոտարով հաստատված պայմանագիր ունի, իսկ դրանից առաջ էլ ունեցել է Էմիլի առաջին իմպրեսարիոն՝ Գրիգորը»։
Գայանե Կարապետյանը մեզ տրամադրեց Արաբկիրի քննչական բաժնի որոշումը, ուր բողոքով դիմել էր Էմիլի Գազազի երկրորդ կինը՝ նրան մեղադրելով իր ամուսնու գործերը յուրացնելու մեջ։ Փաստաթղթում նշված է․ «Այսպիսով իրականացված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությամբ չի հիմնավորվել, որ Գայանե Կարապետյանը փոխադարձ վստահության և պայմանավորվածության հիման վրա ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով կատարել է Էմիլ Գազազի վրձնին պատկանող թվով 41 ստեղծագործությունների յուրացում, այլ նախաքննության ընթացքում հավաքած ապացույցներն իրենց համակցության մեջ փաստում են, որ Գայանե Կարապետյանը գործուն միջոցներ է ձեռնարկել Էմիլ Գազազի վրձնին պատկանող ստեղծագործությունների ցուցահանդես կազմակերպելու ուղղությամբ, որը սակայն իր տրամաբանական վերջնակետին չի հասել մի շարք օբյեկտիվ ու նաև դե ֆակո գործարքի մյուս կողմ հանդիսացող Մոնե Հայրյան-Գազազի սուբյեկտիվ պատճառների ու պահանջների հետևանքով, որպիսի պայմաններում Գայանե Կոլյայի Կարապետյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով իրականացվող հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վերջինիս արարքում նշված հոդվածի հանցակազմի բացակայության հիմքով»։
Գայանե Կարապետյանը նաև մեզ տրամադրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Էմիլ Գազազի երկրորդ կնոջը՝ Մոնե Հայրյան-Գազազին չեն ճանաչել որպես քանդակագործի ներկայացուցիչ։
«Քաղաքապետարանում կան մարդիկ, որոնք վաղուց շահագրգռված են ծրագիրը վիժեցնելու և անհիմն խոսակցություններ են տարածում, և այն պատասխանը, որ երեք ամիս անց տրամադրել են Արման Բաղդասարյանին, ապացույցն է այն բանի, որ կամ փոխքաղաքապետն է բանից ընդհանրապես անտեղյակ կամ իրեն ձեռ են առել։
Ես չգիտեմ՝ մարդ ինչքան պիտի գործից, օրենքից անտեղյակ լինի, որ թույլ տա նման պատասխան գրեն, այն դեպքում, երբ ես երկու անգամ եղել եմ այդ նույն փոխքաղաքապետի կաբինետում, բացատրել եմ իրողությունը։ Մեր վերջին խոսակցության ժամանակ ինքն ասել է՝ ես հանձնարարական եմ տվել, պայմանագրի վրա աշխատում են։ Ես դիմել եմ նաև մարզպետարան, երևի իմ այս բողոքի մասին են լսել ու որոշել են անմիջապես մի թուղթ սևացնեն, որովհետև բոլոր պատասխանների ժամկետն անցել էր։ Չթվա, թե ես այդ ամենն անտեսելու եմ, ես նորից կգնամ իրավական հարթակ, եթե իրենք չեն հասկանում, որ բազմաթիվ խախտումներ են թույլ տվել։
Նկատելի է, որ պարոն փոխքաղաքապետը և գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նման պատասխան գրելիս՝ չեն խորհրդակցել համայնքապետարանի իրավաբանի հետ․ ես առաջին անգամ եմ լսում, որ քաղաքապետարանն է կասեցնում, քաղաքապետարան հասկացողությունը շենքն է, ավագանու որոշումը կարող է կասեցնել ավագանին, չեղարկել ավագանին։ Եվ ինչի՞ հիման վրա են կասեցնում, բամբասանքի՞․․․ Զավեշտ է ուղղակի, եթե այսօր մեր քաղաքապետարանն առաջնորդվում է կանանց բամբասանքով, նշանակում է՝ քաղաքապետարանը վերածվել է հումորի տան, որի կարիքը Գյումրին շատ ունի»։
Գայանե Կարապետյանը նաև մանրամասնում է, որ քաղաքապետի առաջին տեղակալ Պապիկյանը իրենից հետաքրքրվել է, թե Ջիվանու 50 հասցեն պատկերասրահի վերածելով ո՞րը կլինի քաղաքապետարանի օգուտը։
«Հարցրեց՝ մեր օգուտը ստեղից ո՞րն է։ Ասի՝ քաղաքի կենտրոնում պարտադիր պիտի խանութ կամ ռեստորան լինի՞։Օգուտն այն է, որ տարիներ շարունակ քաղաքապետարանի կողմից անտեսված, բառիս բուն իմաստով ավերակ, աղբակույտի մեջ թաղված տարածքում, որտեղ և գոյատևել է Կումայրի արգելոցը և որտեղ ո՛չ հատակ կա, ո՛չ տանիք կա, ո՛չ մի բան, պիտի վերանորոգենք մեր միջոցներով։ Պիտի վերածենք ցուցասրահ-թանգարանի, դա օգուտ չէ՞ քաղաքին, դա ներդրում չէ՞։
Երկրորդ՝ կստեղծվե՞ր աշխատատեղ, բնականաբար շատ թե քիչ, բայց գոնե նվազագույնը 5 աշխատատեղ կունենար Գյումրին։ Քաղաքի արվեստագետ-նկարիչները կունենային ցուցադրվելու տեղ, և դրսի մեր գյումրեցիները, որոնցից շատ շատերի անունները չգիտեն էլ, մարդիկ կան մահացել են, հրաշալի գործեր ունեն, կբացահայտենք, կներկայացնենք մեր ունեցած ժառանգությունը, կունենանք մուտքավճար։ Զբոսաշրջային հոսքեր նախատեսել ենք։ Մեծ վնաս եմ կրել քաղաքապետարանի այս անհետևանք որոշման պատճառով։ Հարկեր կվճարեի չէ՞ այդքան մուտքերից ու աշխատողներից»,-ասում է Գայանե Կարապետյանը։
Նա մանրամասնում է, որ ինքը որպես Էմիլ Գազազի ներկայացուցիչ՝ ժամանակին փաստաթուղթ ներկայացրել է, Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետը տեղյակ են եղել, որ կա ընտանեկան խնդիր, և ինքը չի ուզում իր աշխատանքը շաղախվի ընտանեկան խնդիրներով։
«Երկու կանանց փոխհարաբերություններ, գործեր, իրավունքների, պարտականությունների փոխհարաբերություններ, և եթե քաղաքապետարանը ընդամենը դա բամբասանքի տեսքով է ներկայացրել, ես այդ բոլոր փաստերն ապացուցել եմ երկու ատյաններում՝ դատարանում և Արաբկիրի քննչականում, երբ որ կինը փորձեց հայտարարել, որ ես Գազազի գործերը իբրև թե յուրացրել եմ»,-ասում է Գայանե Կարապետյանը։
Նա պատմեց, որ Էմիլ Գազազի կինը հրաժարվել է առերեսման գալ իր հետ քննչական մարմնում, անգամ հրաժարվել է դա անել ինտերնետային կապի միջոցով։
Իսկ Էմիլ Գազազը, ըստ Գայանե Կարապետյանի, երբեք չի մերժել ցուցասրահ ունենալու գաղափարը։
Գայանե Կարապետյանը Գազազի բոլոր գործերը հանձել է իրավապահ մարմիններին, որոնք ի պահ են տվել պետական պատկերասրահում, մինչև որ նկարիչ-քանդակագործն անձամբ կգա Հայաստան։
Մեր զրուցակիցը նշում է, որ ունի իր անձնական գործերը Էմիլ Գազազից և անկախ առաջացած բոլոր խնդիրներից՝ դրանք կցուցադրի ցուցասրահում։ Նա նաև ի գիտություն Գյումրու քաղաքային իշխանության՝ հիշեցնում է, որ Ջիվանու 50 հասցեն տրամադրվել է «ԿԱԼԳ»-ին վերանորոգելու պայմանով, որում որևէ մասնակցություն չունի Էմիլ Գազազի ընտանիքը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ