Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես կոչված ընդդիմադիր ուժերը ձախողել են և թեկուզ դանդաղորեն, իրենք հիմա մաշվում են և շուտով քաղաքական ասպարեզից կհեռանան»․ Հակոբ Ասլանյան

Հունիս 08,2022 20:22

«Այսօր ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ այն ուժերը, որոնք այսպես կոչված ընդդիմադիր են, իրենց ամբողջ գործողություններն ուղղակիորեն ձախողել են և թեկուզև դանդաղորեն, իրենք հիմա մաշվում են և շուտով քաղաքական ասպարեզից կհեռանան»,- «Արցախ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին և Դիմադրության շարժմանը։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ հունիսի 3-ին տեղի ունեցած բախումները ընդդիմադիրների՝ իր բնորոշմամբ՝ երազանքն էր։ Նա մանրամասնեց․ «Նրանց ամբողջ երազանքն այն էր, որը չիրականացվեց, որ ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ կարողանային ասել՝ նոր իշխանությունները նույնպես մարտի 1 են արել, խաղաղ ցույցեր ցրել։ Մինչդեռ մենք չենք կարող այդ ամենը նույն հարթության մեջ դնել։ Տեսնում ենք, որ դրանք համատեղելի չեն։ Ինչքան էլ իրենք փորձեն ներկայացնել՝ որպես խաղաղ ցույցեր, դրանք խաղաղ ցույցեր չեն։ Լավ ենք տեսնում, թե նրանք ինչպես են հարձակվում խաղաղ՝ առանց այսպես ասած, դուբինկաների ոստիկանների վրա և իրենք են առաջինը հրահրում բախում։ Միայն այն, որ վիրավորված 50 անձանցից 30-ը ոստիկաններ են, ապա հարց է՝ եթե ոստիկաններն են բիրտ ուժ գործադրել, ո՞նց եղավ, որ տուժածների մեջ նրանք կազմեցին 60 տոկոսից ավելի»։

Խոսելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին՝ պատգամավորը փաստեց՝ Ադրբեջանը թյուրիմացության մեջ է գցում ու խաբում միջազգային հանրությանը․ «1992-ի մարտին, երբ Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի անդամ, նա հայտարարեց, որ ինքը հանդիսանում է  1918-1920 թթ․ Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։ Միջազգային իրավունքի համաձայն,  եթե նա 1918-20-ի Ադրբեջանի իրավահաջորդն է, ապա ՄԱԿ-ին պիտի ներկայացներ, թե 1918-20-ին Ադրբեջանի Հանրապետությունն ինչ տարածքի վրա է։ Մինչդեռ նա չի ներկայացրել։ ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է տեղի ունեցել։ Ադրբեջանն իրավունք չունի իրեն համարել մի պետության իրավահաջորդ, բայց պահանջել մեկ այլ պետության տարածքներ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքներ։ Չէ՞ որ ԼՂԻՄ ինքնավար մարզը 1921-ի կովկասյան բյուրոյի որոշմամբ է մտել Խորհրդային Ադրբեջանի կազմ, իսկ 1921-ի Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքնի կոպիտ խախտումներով։ Պայմանագրի տակ չկա ՀՀ ստորագրությունը։ Ստորագրել են երկու պետություններ, որոնք միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն եղել՝ ոչ Խորհրդային Ռուսաստանը, ոչ էլ դեռևս օսմանյան Թուրքիան։ Այս երկու պետությունները չեն եղել միջազգային իրավունքի սուբյեկտներ, եղել են չճանաչված պետություններ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930