Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բաղդասարյան. «Հասարակությունը տեղյակ չէ, թե իշխանությունը ինչը պիտի հանձնի, ինչը չպիտի հանձնի, ընդդիմությունն էլ ասում է՝ ինչ չպետք է անել, բայց հստակ չի ասում, թե ինչ է պետք անել»

Հունիս 08,2022 19:33

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն այսօր «Sputnik  Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում խոսելով արդեն մեկ ամսից ավելի Հայաստանում ներքաղաքական անկայունության եւ հետագա զարգացումների անորոշության մասին, ասաց, որ դրա հիմնական պատճառներից մեկը անորոշությունն է: «Հասարակությունը տեղյակ չէ, թե հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչ են պատրաստվում անել այս իշխանությունները: Այսինքն, ինչը պիտի հանձնեն, ինչը չպիտի հանձնեն: Ընդդիմությունն էլ իր հերթին իշխանություններին ամենածանր խոսքերով դատապարտում է, ասում՝ ինչ չպետք է անել, բայց հստակ չի ասում, թե ինչ է պետք անել: Եվ այդ անորոշությունն է նաեւ պատճառը, որ քաղաքական գործընթացներն անընդհատ ձգվում են եւ վերջը չի երեւում: Կարծում եմ, այդ վերջ ասվածը պետք է հստակեցնի ընդդիմությունը: Նրանք պետք է շատ հստակ ասեն, թե ինչ են պատրաստվում անել, եթե գան իշխանության: Այդ դեպքում անկախ լիդերների նկատմամբ շատերի վերաբերմունքից, եթե ծրագիրը մարդկանց խելքին մոտ, իրատեսական թվա, եթե մարդիկ տեսնեն, որ դա հնարավոր է իրականացնել ի շահ Հայաստանի ու Արցախի, փողոցի մարդկանց քանակը կդառնա մի քանի տասնյակ, նույնիսկ մի քանի հարյուր հազար»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդդիմությունն ու իշխանությունը նստեն սեղանի շուրջ եւ փոխզիջումային լուծումներ գտնեն, բանախոսը պատասխանեց. «Փոխզիջումների գալ հնարավոր կլիներ, եթե դրանք կայացվեին նպատակի շուրջ: Հիմա դա իրատեսական չէ, որովհետեւ եւ իշխանությունները եւ Դիմադրության շարժումը, կարծում եմ, դրսի կուրատորներ ունեն: Մեծ գաղտնիք չէ ասել, որ գործող ընդդիմությունը իր բոլոր ծրագրերի իրականացումը կապում է Ռուսաստանի հետ, իսկ իշխանությունները՝ հակառակը. ամեն ինչ անում են երկիրը ռուսական ազդեցության հարթությունից դուրս բերելու եւ դեպի Արեւմուտք տանելու համար: Իսկ քանի որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը առավել քան երբեւէ լարված է, չեմ կարծում, թե այս պահին Հայաստանի ներսում հնարավոր է երկխոսություն, համագործակցություն որեւէ հարցի շուրջ»:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը մեծ հաշվով ընդհանուր կետերով ասում է, թե ինչ է պատրաստվում անել, սակայն հասարակությունը ըմբռնումով չի մոտենում, որովհետեւ  չգիտի, թե դա ինչքանով է հնարավոր, գրեթե անհնար է, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. «Անհնար է, եթե իրենց առջեւ դնում են շատ բարդ նպատակներ: Եթե դնեն իրատեսական նպատակներ, անհնար չի լինի: Տեսեք, ընդդիմությունը ծրագիր չի առաջարկում, առաջարկում է ցանկությունների հայտարարագիր: Օրինակ, Արցախը երբեւէ չի լինելու Ադրբեջանի կազմում: Բնականաբար, չկա, անհնար է, որ  որեւէ հայ դրա տակ չստորագրի: Բայց ինչպե՞ս պետք է հասնել դրան: Իշխանություններն ել շատ լավ նպատակներ են հռչակում: Տեսականորեն՝ խաղաղության դարաշրջան, հարյուրամյակների շրջափուլից դուրս գանք, առճակատումից՝ նորմալ հարաբերություններ հարեւանների հետ: Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ դա էլ իրատեսական չէ, որովհետեւ մեր հարեւանները այդ խաղաղությունը չեն ուզում: Կամ ուզում են եւ դրա դիմաց պահանջում չափազանց բարձր գին, այնպիսի գին, որը վճարելուց հետո ուղղակի Հայաստան, որպես ինքնուրույն սուբյեկտ, չի լինի: Եվ բնականաբար, հասարակության մեծ հատվածը ոչ ընդդիմությանն է հավատում, ոչ իշխանությանը: Դրա համար էլ, այսպիսի ծանր վիճակում, երբ թվում էր, թե սրանից ավելի ծանր էլ ի՞նչ պետք է լիներ, որ ժողովուրդը ոտքի կանգներ, մեծամասամբ տեսնում ենք անտարբերություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930