Բեռլինում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 1, վիրավորվել 30 մարդ: Ոստիկանությունը ձերբակալել է Բեռլինում ապրող ազգությամբ հայ 29-ամյա Գոռ Հ.-ին:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում: Ականատեսները պատմել են, որ մեքենան մեծ արագությամբ մխրճվել է մայթում կանգնած անցորդների մեջ: Միջադեպից հետո վարորդը փորձել է փախուստի դիմել, սակայն անցորդները պահել են նրան, մինչև որ ժամանել է ոստիկանությունը:
Ոստիկանությունից չեն մեկնաբանել՝ արարքը դիտավորություն է, թե՝ ոչ: Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածը ոստիկանությանը ծանոթ է «սեփականության նկատմամբ հանցագործություններով»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ