Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս տղաների նկարները պետք է ամեն երեկո ձեր երազին գան». Քրիստինե Վարդանյանը, Աննա Մկրտչյանը, Ասպրամ Կրպեյանն այցելել էին Անահիտ Ավանեսյանին

Հունիս 08,2022 18:09

«Տիկին Ավանեսյան, դուք հերիք չի էսքանից հետո խոսում եք, մի հատ էլ ոստիկանությանը պաշտպանում եք: Ամոթ ունենար, մարդ ձեր փոխարեն չէր կարողանա աչքերը թարթել: Էս տղաների նկարները պետք է ամեն երեկո ձեր երազին գան: Ես չգիտեմ՝ դուք էսքանից հետո ոնց եք ապրում, ամոթ ձեզ»,- այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակում՝ նախարարին դիմելով ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը Քրիստինե Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր գնացել էին Անահիտ Ավանեսյանին այցի: Այցի մասին, Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենք գնացել էին նախարարին ասելու, որ. «Ինքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:

Հիշեցնենք, երեկ խորհրդարանում, Անահիտ Ավանեսյանը պաշտպանել էր ոստիկանների գործողությունները՝ ասելով. «Իսկապես, երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության եւ նրանց պիրկ նյարդերի վրա: Նրանք իսկապես փայլուն ծառայություն են մատուցում»:

Քրիստինե Վարդանյանի հրապարակած տեսանյութում երեւում է, որ պատգամավորները պարզապես մուտք են գործում շենք եւ փորձում են բարձրանալ վերեւ: Ոստիկանը փորձում է թույլ չտալ նրանց առաջանալ, սակայն, պատգամավորները համառում են՝ պնդելով, որ ոստիկանը չի կարող խոչընդոտել ԱԺ պատգամավորի մուտքը պետական հաստատություն եւ մտնում են նախարարի ընդունարան: Նրանց տեղեկացնում են, որ նախարարը նիստի է: Ապա մոտենում է նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը  ու հայտնում է, որ նախարարը հանդիպման է: Այդուհանդերձ, պատգամավորները մտնում են այն սենյակ, որտեղ նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում էր անցկացնում:

Քրիստինե Վարդանյանը մոտենում է նախարարին, նրա դիմաց նետում 44 օրյա պատերազմում զոհված տղաների լուսանկարները:

Աննա Մկրտչյանն էլ՝ դիմելով Անահիտ Ավանեսյանին, ասում է. «Դուք ոստիկանությանը ձեր գոհունակությունն եք հայտնում. դրա՞ համար են ձեզ էս պաշտոնին նշանակել: Ասում եք՝ գնացել եք, տեսել եք, թե ինչպես են գլուխները ջարդած, պառկած, հաջորդ օրը ԱԺ-ում ոստիկանության պինդ նյարդերից եք խոսում: Դավաճան Նիկոլի հետ աշխատելը էսքան լա՞վ է»:

Անահիտ Ավանեսյանը չի արձագանքում, միայն հետաքրքրվում է, թե արդյոք տեսանկարահանող Ասպրամ Կրպեյանը եւս պատգամավոր է: Պատգամավորների խոսքից հետո, միայն հարցնում է. «Ավարտեցի՞ք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930