Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան․ «Տիկին, դուք ընդհանրապես խոսելու իրավունք չունեք: Դուք հիշեք մեր զոհված զինվորների մասունքներով պարկերը»

Հունիս 08,2022 17:45

«Դիմադրության» շարժման հիմնական նպատակը մեր երկրի փրկությունն է թրքացումից եւ Արցախի հայաթափումից: Եվ առաջին խնդիրը, առանց որի հնարավոր չէ այդ նպատակներին հասնել՝ այսօրվա իշխանության հեռացումն է»,-այսօր ասաց «Հայաստան» դաշինքի ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում:

«Եվ երբ մարդիկ ասում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը պետք է փոխվի, համաձայն ենք, որ առանց Նիկոլ Հայաստանը միակ խնդիրը չէ, որը պետք է շարժումը լուծի: Բայց առանց այդ իշխանության հեռացման, հնարավոր չէ իրականացնել Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, թրքացումից ազատումը, Արցախը հայաթափումից կանխելը: Այնպես որ, ուզենք, թե չուզենք, դա պահանջված կարգախոս է»։

Արմենուհի Կյուրեղյանը նաեւ նշեց․ «Ես ավելի շատ կուզեի խոսել հունիսի 3-ի ԱԺ մեր արտահերթ նիստի մասին, որի օրակարգում մենք ընդամենը դրել էինք հայտարարության տեքստ եւ պահանջում էինք, որ Ազգային ժողովը այդ հայտարարության տեքստի տակ ստորագրի, որովհետեւ ընդամենը սեւով սպիտակի վրա գրված էր, որ Հայաստանը աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացմանը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ եւ որեւէ գործառույթ չի կարող խաթարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որեւէ գործառույթ չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակելիությունը:

Այս հայտարարության տեքստի տակ իշխանական պատգամավորները չստորագրեցին, ոչ մի պաշտոնյա՝ նախարար, փոխնախարար, չհամարձակվեց արտաբերել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը: Եվ որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն օրակարգային այս կարեւոր հարցերից, ի՞նչ արեցին հունիսի 3-ի մեր խաղաղ երթին: Ընդամենը խաղաղ երթ էր, որը պետք է Դեմիրճյան փողոցով գնար Բաղրամյան:

Իրենք սադրեցին եւ այդ սադրանքի արդյունքում իրենք իրենց հնարավորություն տվեցին կիրառելու բիրտ ուժ: Եվ հետո տիկին նախարարը կանգնեց եւ հայտարարեց, թե հիացած եւ զարմացած է ոստիկանների ամուր նյարդերի եւ համբերության վրա: Իսկ ես անկեղծորեն զարմանում եմ առողջապահության ոլորտի աշխատակիցների վրա, որոնք մինչեւ հիմա հանդուրժում են անգրագետ, առողջապահության հետ որեւէ առնչություն չունեցող մեկին, որը հայտնվել է նախարարի պաշտոնում եւ ժողովրդավարություն քարոզելով՝ հիացած է այդ վայրագություններով: Տիկին, դուք ընդհանրապես խոսելու իրավունք չունեք: Դուք հիշեք մեր զոհված զինվորների մասունքներով պարկերը, երբ ընդամենը ասացիք. «Ես մոռացել էի»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930