Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ձեռք բերելու վերաբերյալ հերթական տվյալը: Այն իրացնելու համար նրանք համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Սիսիանի բաժինների քրեական հետախույզների հետ:
Հունիսի 1-ին, երեկոյան ժամը 10-ին, իրավապահները Սուրենավանի գյուղամիջյան ճանապարհից Արտաշատի բաժին բերման ենթարկեցին երեք հոգու՝ «ԲՄՎ» մեքենայով հանդերձ:
Ուղևորներից մեկի` Երևանի բնակիչ, 59-ամյա տղամարդու խուզարկությամբ հագի գուլպաների միջից հայտնաբերվեցին պատկառելի քանակի բազմատեսակ թմրամիջոցներ, այդ թվում` մոտ 87 գրամ մեթամֆետամին, 17 գրամից ավելի ափիոն, 30 գրամից ավելի հերոին, նաև՝ հերոինով լցված ներարկիչ:
Տղամարդը ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն