Խոշորացման գործընթացում Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքը ֆինանսական միջոցներն ուղղել է ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաեւ ձեռք է բերել աղբատար մեքենա, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, միկրոավտոբուս, ինքնաթափ մեքենաներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում այսօր համայնքների միավորման թեմայով հանրային լսումների ժամանակ հայտարարեց Շողակաթի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը։
Այս պահին, համայնքապետի փոխանցմամբ, Շողակաթը միավորվում է Ճամբարակի հետ․ «Այն իր մեջ ներառելու է նախկին Կրասնոսելսկի շրջանը։ Սիրով ենք խոշորացվում, որովհետեւ դրա գինն արդեն գիտենք։ Մնում է՝ բնակչությունն ավագանու ճիշտ ընտրություն կատարի, ավագանին էլ համայնքի ղեկավարի ճիշտ ընտրություն կատարի, համայնքապետն էլ կարողանա ունենալ ճիշտ աշխատակազմ»։
Սուլիկո Շուշանյանը նաեւ նշեց, որ Սեւանի ափամերձ Շողակաթն այս ընթացքում արդեն վեց գյուղ է միավորել, իսկ միջպետական ճանապարհը վերանորոգված է։
Ուշագրավ է, որ Շուշանյանը հայտնեց՝ երեւի ամենատարեց համայնքապետն է, ընտրվել է դեռեւս 1996թ․-ին․ «Չհաշված Արծվաշենի երեք տարին․․․այսինքն, կես դար եւ մեկ տարի ղեկավարում եմ համայնքը՝ մինչեւ խոշորացումը եւ դրանից հետո։ Մենք մասնակցել ենք բոլոր քննարկումներին եւ սեմինարներին։ Դեռ այն ժամանակ ենք եզրակացրել, որ համայնքների փոքրացման հետեւանքով գյուղերն ուղղակի գոյատեւել են, իսկ խոշորացման արդյունքում զարգացան»։
Կարդացեք նաև
Շողակաթի խոշորացման մասին Aravot.am-ի ծավալուն պատմությունը՝ այստեղ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ