Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան. «վիժվածքներ», «ժեխ», «փաբերից դուրս եկած անհայրենիք թշվառներ». Ծայրահեղ աջ պոպուլիզմի ամենակարեւոր գործիքներից մեկը ատելության խոսքն է

Հունիս 08,2022 16:25

Ծայրահեղ աջ պոպուլիզմի ամենակարեւոր գործիքներից մեկը ատելության խոսքն է, որն ուղղված է կոնկրետ սոցիալական խմբերի դեմ, կոնկրետ շերտերի դեմ եւ նրանց կամ առանձին անհատների թիրախավորում է՝ ըստ իրենց ինքնության որեւէ հատկանիշի: Այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Նա ներկայացրեց «Ծայրահեղ աջ պոպուլիստական հռետորաբանությունը հայաստանյան հակաժողովրդավարական դիսկուրսում» խորագրով հետազոտությունը:

Էդգար Վարդանյանի խոսքով, իշխանության ներկայացուցիչներն էլ են վիրավորական արտահայտություններ անում, կոշտ հռետորաբանություն առաջ քաշում, բայց չեն կիրառում ատելության խոսք: Ըստ նրա, ծայրահեղ աջ պոպուլիզմով զբաղվում են հակահեղափոխական տրամադրություններ ունեցող շերտերը:

«Նրանք պետք է թիրախավորեին կառավարող ուժին, վարչապետին, 2018 թվականի հեղափոխությանը մասնակցած քաղաքացիներին, իշխող կուսակցության ընտրողներին, միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներ ստացող ՀԿ-ներին, սեռական փոքրամասնություններին, ազատական աշխարհայացք ունեցողներին, պրոարեւմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերին կամ հասարակական շերտերին»,-ասաց պարոն Վարդանյանը՝ նշելով որ ծայրահեղ բնույթի վիրավորական բառեր են օգտագործել՝ «վիժվածքներ», «ժեխ», «սրիկաներ», «փաբերից դուրս եկած անհայրենիք թշվառներ», «թափթփուկ» եւ այլն:

 

Հարցին՝ հաշվի առնվո՞ւմ է այն մթնոլորտը, որում գեներացվում են այս խմբերը: Դիտարկմանը, թե պատերազմից հետո բոլորի նյարդերը գերլարված են եւ իշխանությունների կողմից շատ հարցերի պատասխանները չկան, մարդկանց ֆիզիկական անվտանգությունը, երկրի անկախությունը վտանգված են, Էդգար Վարդանյանն ի պատասխան ասաց՝ այս ծավալով ու ինտենսիվությամբ սա աննախադեպ է. «Այդ ամենը պայմանավորված է նրանով, որ իրենք օգտագործել են նշված հանգամանքները: Դա պատճառ չէ, դա չի կարող հանգեցնել ժողովրդավարական մտածողություն եւ մշակույթ ունեցող մարդկանց մոտ այսպիսի հռետորաբանության կիրառմանը»:

Էդգար Վարդանյանի խոսքով՝ քաղաքական ուժերը, մարդիկ, խմբերը չունենան հակաժողովրդավարական մտածողություն, իրենք երբեք այսպիսի հռետորաբանություն չեն կիրառի՝ ինչ ծայրահեղ իրավիճակ էլ լինի:

Հարցին՝ որքանո՞վ է նման դիսկուրսն անվտանգային նոր ռիսկեր ստեղծում Հայաստանի համար, Էդգար Վարդանյանը պատասխանեց՝ նախ՝ այն հարվածում է ժողովրդավարությանը. «Մեր սահմանադրական կարգը ժողովրդավարական սահմանադրական կարգ է, եւ, եթե նման հռետորաբանությունն ուղղված է ժողովրդավարության դեմ, իսկ ակնհայտ է, որ այն ուղղված է ժողովրդավարության դեմ, դա նշանակում է, որ այն ուղղված է հենց պետության դեմ»:

Նրա խոսքով, ծայրահեղ աջ պոպուլիզմի հռետորաբանությունը կարող է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որը նպաստավոր կլինի ծայրահեղ աջ էքստրեմիզմի համար, ինչն արդեն, գերվտանգավոր է պետության համար՝ նաեւ միջազգային վարկի տեսակետից:

Ըստ Էդգար Վարդանյանի, միջազգային փորձն ուսումնասիրելիս հանդիպել է այնպիսի մոտեցման, որ կոնկրետ ատելության խոսքի նկատմամբ խրախուսվում է քրեական օրենսգրքով հարցի լուծումը՝ սահմանել խիստ պատիժներ՝ ընդհուպ ազատազրկում ատելության խոսքը տարածելու համար: Իսկ բռնության կոչերի, քարոզի համար նույնպես շատ խիստ սահմանափակումներ կան:

Նրա խոսքով պետք է մեդիագրագիտություն, քաղաքացիական ու ժողովրդավարական կրթություն լինի պետության կողմից. «Եթե այդպիսի կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում, անընդհատ թունավորվելու է մարդկանց կյանքը, անընդհատ սպառնալիքներ են ստեղծվելու պետության համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ատելության խոսքի սանդղակում իշխանության ներկայացուցչի խոսքը առավել բարձր է, քանի որ նրա վերահսկողության տակ են պետական կառավարման օղակները, նրա խոսքն ավելի շատ է տիրաժավորվում և նրա պատասխանատվության տակ է հանրային համերաշխության ապահովումը։

    Այսպիսով, եթե Նաիրա Զոհրաբյանն ասի ժեխ, իսկ նի**լ փա***նյանը շնաբարո դուսպրծուկ, վերջինիս ատելության խոսքն անհամեմատելի ատելություն տարածող է, քան Զոհրաբյանինը։
    Հայաստանում ատելության խոսքի չեմպիոնը հենց նի**լ փա***նյանն է, և այդ վերլուծությունը արվել է դեռևս 2020թ հունվարին, պատերազմից առաջ, երբ նրա անունն ամբողջությամբ լինում էր գրել։ Հղման մեջ այդ վերլուծությունն է։

    https://www.facebook.com/hovoish/posts/10216903708798468

    Բանախոսն ասում է, որ նրա սահմանած աջ պոպուլիստները խփում են ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։

    Ժողովրդավարության հիմնարար սկզբունք է օրենսդիր, գործադիր, դատական, իշխանության ճյուղերի տարանջատումը։

    Հայաստանում գործադիրի ղեկավարը շրջափակել տվեց դատական իշխանության շենքերն ու նրանց ներկայացուցիչներին՝ կոչելով նրանց վնգստացող դատավորներ, պատերի տակ տեր փնտրող, կորոնավիրուսային դատարաններ, ինչպես նաև խախտեց Սահմանադրական դատարանի նախագահի անմեղության կանխավարկածը։ Այդ ելույթները տարածվել են հայկական և Հայաստանում գործող օտարերկրյա գրեթե բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում՝ Ազատություն ռադիոկայանով, որի միայն Ֆեյսբուքի էջը 800 հազար հետևորդ ունի։ Տարածվել է գործադիրի ղեկավարի Ֆեյսբուքյան էջում, որը միլիոն հետևորդ ունի։

    Այսպիսի ատելության նապոռին զիջում է միայն ցեղասպանությունների ժամանակ իրականացվող ատելությունները գուցե։

    Հետևություն, բանախոսը անփորձ է ու կոմպետենտ չէ, անփորձ ու կոմպետենտ չի նաև բանախոսությունը վարողը։ Ինչի հետևանքով բանախոսությունը վերածվել է պոպուլիզմի, այն էլ ծայրահեղ աջ իշխանությանը պաշտպանող պոպուլիզմի (հիմնավորումը համահերթեցման օրենքն է, աղքատությունը մարդկանց ուղեղներում է խոսքը, գյուղացի Մեխակին ու մաքսայինի աշխատողին նվաստացնելու աջական վարքը)։

    Հետևություն, ծայրահեղ աջ պոպուլիզմը պաշտպանելու համար դրա ընդդիմախոսներին բանախոսը կոչում է ծայրահեղ աջ պոպուլիստ, հետևաբար բացի այն, որ բանախոսը կոմպետենտ չի, նաև ծայրահեղ աջ պոպուլիստ է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930