Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքը փորձում է Ադրբեջանի շահը բանեցնել Հայաստանի վրա». ադրբեջանագետ

Հունիս 08,2022 16:14

«Վերջին շրջանում քաղաքական պրոցեսները հատկապես սահմանազատման ու սահմանագծման առումով տարաբնույթ եւ հակասական են: Մի կողմից տեսնում ենք, որ Արեւմուտքն ակտիվորեն ջանում է, որպեսզի վերջնականապես սպասարկվի Իլհամ Ալիեւի շահը, գործնական փուլ տեղափոխվեն սահմանազատումն ու սահմանագծումը, մյուս կողմից ռուսական կողմը չի շտապում, սահմանագծման եւ սահմանազատման առումով որոշակի վերապահումներ կան»,-«Հայելի» ակումբում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով. «Այս համատեքստում նախ եւ առաջ ընդգծվում են Արեւմուտք-Արեւելք հակասությունները` առնվազն քաղաքական մակարդակում: Իմ տպավորությամբ, Արեւմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի Հարավային Կովկասում ժամանակավոր զինադադարը, նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը որոշակիորեն հարցականի տակ հայտնվի: Չնայած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար կործանարար էր, բայց ամեն դեպքում միակ փաստաթուղթն է, որ այսօր տարածաշրջանում խաղաղություն է ապահովում»:

Ադրբեջանագետի ձեւակերպմամբ, թեեւ կա Արեւելք-Արեւմուտք հակասությունը, բայց նաեւ չպետք է մոռանալ ադրբեջանական շահի մասին. «Իհարկե, Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ եվրոպական երկրներին պահանջվող չափով գազ մատակարարի, բայց կարող է լինել տարանցիկ պետություն եւ այլ երկրներից էներգետիկ ռեսուրսներ ներկրվեն: Ընդհանուր համատեքստում պարզ է, որ Արեւմուտքը փորձում է Ադրբեջանի շահը բանեցնել Հայաստանի վրա` մի կողմ դնելով մարդու իրավունքները եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը»:

Գառնիկ Դավթյանը հենց այս համատեքստում է տեսնում արագացված կարգով սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովի ստեղծման առիթով արեւմտյան կողմի ոգեւորությունը, ընդգծում է, որ Խաղաղության պայմանագրի մասով էլ որոշակի կոնկրետացումներ կան Շարլ Միշելի հայտարարության տեքստում:

Ադրբեջանի հարցերով փորձագետն ասում է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է միջազգային հանրության մոտ կառուցողական երեւալու համար, ներկայացնում է, որ ձգտում է խաղաղության, նաեւ շեշտադրում, որ իբր հայկական կողմը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: Նրա խոսքով, հայկական կողմն էլ չունի դիվանագիտական պարզ տրամաբանություն, որպեսզի ձգի գործընթացները մինչեւ կարողանա էլ ավելի շահեկան դիրքերից հանդես գալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930