«7-8 տարի առաջ, երբ քաղաքական կուսակցությունների հետ կամ ԱԺ-ում քննարկում էինք խոշորացումը, տպավորություն էր թողնում կռվի, ատելության։ Քիչ էր մնում՝ բոքսի տեսարաններ լինեին։ Ուրախ եմ, որ գաղափարն այսօր այլեւս կասկածի տակ չի։ Այո, խոշորացումը ՀՀ-ի համար անհրաժեշտություն էր»,-ԱԺ-ում այսօր համայնքների միավորման թեմայով հանրային լսումների ժամանակ հայտարարեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը։
Նրա խոսքով․ «Փոքր բնակավայրերի՝ ինքնուրույն լինելու գաղափարը վաղուց կիրառելի չէ, բայց այսօր ոչ թե դրա մասին ենք խոսում, այլ արդեն իսկ խոշորացվածները մեկ անգամ էլ խոշորացնելու մասին։ Արդյունքների դեմ խոսողներ չկան ոչ միայն այս դահլիճում, այլեւ այդ խոշորացված համայնքներում։ Խնդիրն այն է, թե ինչու ենք եւս մեկ անգամ խոշորացնում։ Այստեղ կա քաղաքական պատասխան՝ մենք երեւի նախապատրաստվում ենք ապակենտրոնացնել հանրային կառավարման համակարգը։ Օրինակ, ինչպե՞ս եք պատկերացնում կրթական համակարգի ապակենտրոնացումը, եթե տվյալ շրջանում գոյություն ունեն 4-5 համայնքներ։ Բարդացվելու է։ Երկրորդ խոշորացումը նպատակ ունի գնալ նախանշված մոդելին՝ շրջանայինին»։
Վահան Մովսիսյանը հույս հայտնեց, որ ապագայում իշխանությունը կունենա ապակենտրոնացման ռազմավարություն եւ քաղաքական տեսլական, թե ինչ ենք ուզում․ «Ուրախ եմ, որ համայնքները դառնում են միանման, ինչը հեշտացնելու է ապակենտրոնացման գործընթացը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ