«Որպես ամենամեծ համայնքի ղեկավար՝ ողջունում եմ խոշորացումը։ Էական չէ՝ համայնքը նախկին շրջանների սահմաններո՞վ է խոշորանում, թե ոչ։ Էականն այն է, որ խելացի կառավարում լինի, աշխատակազմը համալրվի խելացի աշխատողներով»,-ԱԺ-ում այսօր համայնքների միավորման թեմայով հանրային լսումների ժամանակ հայտարարեց Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
«Ճիշտ կառավարման դեպքում էական չէ, որ 15-20 գյուղեր կարող են միավորվել։ Արտաշատը միավորվել է իր նախկին շրջաններով, եւ այս վեց ամիսները ցույց են տվել, որ խելացի կառավարմամբ բարձրացել է որակը։ Բնակիչները չեն դժգոհում։ Ցանկացած հարցով դիմում են վարչական տարածք՝ նախկին համայնքապետարան, եւ գործընթացը կազմակերպված է լինում»,-վստահեցրեց նա։
Ըստ համայնքապետի՝ խոշորացման արդյունքում բարելավվել է, օրինակ, հարկերի հավաքագրումը, իսկ հանրակրթական հաստատություններից 29-ը այս պահին աշխատում են 12-ամսյա ռեժիմով։ Կառլեն Մկրտչյանի խոսքով՝ մինչեւ խոշորանալը այդ հաստատություններից միայն կեսն էր աշխատում 12-ամսյա ռեժիմով՝ սպորտդպրոցները, մարզական դպրոցը, գեղարվեստի դպրոցը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ