«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն է քննարկվում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում:
Նախագծով կառավարությունն առաջարկում է ընդլայնել պաշտոնատար անձ հասկացությունը: Գործող կարգավորմամբ միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են համարվում պաշտոնատար անձ, հիմա առաջարկվում է, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք բոլորը համարվեն պաշտոնատար անձ: Ուսումնասիրության ժամկետն էլ ուզում են երկարացնեն 2 տարվա փոխարեն 3 տարի:
Կարդացեք նաև
Բացի այդ, եթե բռնագանձում անեն, առաջարկվում է ոչ թե գույքի շուկայական արժեքի չափով գումար բռնագանձեն, այլ՝ գույքի ձեռքբերման գումարի չափով գումար:
ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանը հիմնական զեկուցող, գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին հարցրեց՝ ի՞նչ վիճակագրություն կարող եք ներկայացնել, որ 2 տարին չի բավականացնում ուսումնասիրության համար ու 3 տարի եք ուզում դարձնել ուսումնասիրության ժամկետը: Գալյանը պատասխանեց, որ ներկա պահին առկա է շուրջ 300 ուսումնասիրություն. «Ունենք 20 ավարտված ուսումնասիրություն, դատարան ենք ներկայացրել 9 հայցադիմում, մոտ ապագայում հայցադիմումների քանակը էական կաճի»: Իսկ 3 տարի սահմանելը, ըստ նրա, նպատակ է հետապնդում ավելի արդյունավետ ուսումնասիրություն իրականացնել:
ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ եթե պաշտոնատար անձանց շրջանակը ընդլայնում են, բերելու է լրացուցիչ ծանրաբեռնվածության, կադրային ռեսուրսը բավարա՞ր է, որ լուծեն իրենց առջեւ դրված խնդիրը: Ըստ Խաչատրյանի, սա վատթարացնող նորմ է ու սահմանադրական խնդիր կարող է լինել, այն չի կարող տարածվել նախկին գործերի վրա: Գալյանը վստահեցրեց, որ վատթարացնող նորմ չէ, խոսքը սկսված եւ դեռեւս չավարտված հարաբերությունների մասին է ու խնդիր չի լինելու: Ինչ վերաբերում է նոր հաստիքների անհրաժեշտությանը, եթե նման խնդիր առաջանա, կքննարկվի:
ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն ասաց, որ հասարակությունը շատ կարեւոր է համարում այս օրենքը. «Պետք է մեր հետեւողականությունը պահպանենք այս օրենքի նկատմամբ, հասարակությունը ուշադիր հետեւում է այս օրենքի կիրառմանը: Քաղաքացիները մեզ հաճախ են մոտենում ու ասում, որ ինչ-որ բաներ ուշանում են»:
ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում ասաց. «2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ամենաքննարկված հարցը պետությունից թալանված միջոցների վերադարձման հարցն է: Քաղաքացիները մեզանից այդ խնդրի հետ կապված անընդհատ պարզաբանումներ են պահանջում: Ես, հետեւելով դատախազության հաղորդագրություններին, տեսնում եմ, որ աշխատանք է ընթանում, բայց, միեւնույն է, դա մարդկանց չի բավարարում: Մարդիկ ավելի շատ թվերն են ուզում լսել: Երբ որ ասվում է, որ 20 գործի ուսումնասիրությունն ավարտվել է, դա մարդկանց ոչինչ չի ասում, բայց երբ որ ասվում է՝ այս-այս մարդիկ են ու այսքան գումարի վերադարձման մասին է խոսքը, արդեն առարկայանում է: Կխնդրեմ ԱԺ-ում ներկայացնելիս մի քիչ այդ թվերից ներկայացրեք՝ զուտ հանրության պահանջմունքը բավարարելու համար»:
Նախագծին իշխող մեծամասնությունը միաձայն կողմ քվեարկեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ