Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարծում, որ Վահե Ղազարյանն իրեն համեմատում է Գորիկ Գուրգենիչի հետ, պարզապես, չգիտի՝ ի՞նչ խոսի». Ալեքսանդր Կոչուբաեւ

Հունիս 08,2022 13:16

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի գնահատմամբ, ոստիկանությունն այս տարիների ընթացքում չի փոխել իր գործելաոճը. նույն ջանասիրությամբ եւ նվիրվածությամբ ծառայել է նախորդ իշխանությանը, դրանից առաջ եղած իշխանություններին եւ եթե վաղը իշխանությունը փոխվի՝ արագ վերադասավորվելու է եւ գործելու է այդ իշխանության ներքո: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում փաստաբանը նաեւ ասաց, որ այս խնդրի՝ ոստիկանության քաղաքականացվածության դեմ պայքարի հանգուցալուծումն ինքը համարում է Ներքին գործերի նախարարության հիմնումը եւ քաղաքական պատասխանատվության դնումը նախարարի վրա: Իր գնահատմամբ, այդ դեպքում քաղաքական պատասխանատուն կլինի տվյալ ուժի ներկայացուցիչը եւ թիմի մյուս անդամների խոսքն ավելի զուսպ կլինի. «Թեեւ այս ամենը ուղեղի բարոյախրատական մասաժներ են. Վահե Ղազարյանն էլ անում է այն, ինչը որ պետք է անի: Երեւի թե ինքը միակ ոստիկանապետն է, որի ձայնը չենք լսել. չգիտենք՝ ինքը բարբառո՞վ է խոսում, գրակա՞ն հայերեն է խոսում, առհասարակ, խոսու՞մ է, թե՞ ոչ, ձայնը չենք լսել: Անգամ լեգենդ համարվող Գորիկ Հակոբյանը գոնե մեկ-մեկ շփվում էր լրագրողների հետ: Ես չեմ կարծում, որ Վահե Ղազարյանն իրեն համեմատում է Գորիկ Գուրգենիչի հետ, պարզապես, չգիտի՝ ի՞նչ խոսի. մարդն ակնհայտորեն իր տեղում չէ, իր փոխոստիկանապետերն իրենց տեղում չեն, դուրս գան ի՞նչ խոսեն»:

Փաստաբանի գնահատմամբ, երբ փոխոստիկանապետը փողոցում հայհոյում է կամ հայտարարում է, որ ցուցարարները ոստիկաններին ասեղով ծակում են, բարդ է, որ դա չազդի ողջ համակարգի բարոյական նկարագրի վրա:

Խոսելով Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին առհասարակ, փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իշխանական գործիչների՝ Վահագն Ալեքսանյան, Արփի Դավոյան եւ այլն, նկատմամբ վիրավորանքի խոսքի հիմքով գործեր են հարուցվել, մինչդեռ չկա որեւէ ընդդիմադիր գործիչ, որին վիրավորելու համար գործ հարուցվի: Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ տվյալ գործերը հարուցվել են ֆեյսբուքյան գրառումների համար:

Իսկ քաղաքական դրդապատճառներով կալանավորված Նարեկ Մանթաշյանի, ՀՅԴ-ական երիտասարդների, Ավետիք Չալաբյանի, Իգոր Խաչատուրովի եւ այլոց գործերը փաստաբանը ծիծաղելի եւ բամբասանքի վրա հիմնված է որակում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930