«Կա՞ն համայնքներ, որոնք խոշորացման արդյունքում ունեն հատուկ կարգավիճակ, որովհետեւ համարվում է, որ ճիշտ չի։ Օրինակ, Արագածավանը 6000 բնակչություն ունի եւ ունենալու է նույն կարգավիճակը, ինչ իր հարեւանությամբ գտնվող՝ մի քանի հարյուր բնակիչ ունեցող Գետափը»,-ԱԺ-ում այսօր համայնքների միավորման թեմայով հանրային լսումների ժամանակ դիմելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ հարցրեց Արագածավան խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովսեփյանը։
Վաչե Տերտերյանը նախ նշեց, որ այդ տրամաբանությամբ, օրինակ, Լոռու մարզում կան Արագածավանից ավելի շատ բնակչություն ունեցող համայնքներ, բայց դրանց կարգավիճակը նույնն է․ «Էլ չասած, որ Արտաշատի եւ Արարատի գյուղերը մինչեւ 10.000-ոց են։ Այսինքն, բնակչության քանակն ու կարգավիճակն իրար հետ ուղիղ պետք չի կապել։ Ճամբարակն ու Շողակաթը Արագածավանի երկու չափի բնակչություն ունեն։ Մյուս կողմից, Արագածավանը բնակչության առումով նորմալ ռեսուրս ունի։ Խոշորացման արդյունքում դա արդյունավետ կաշխատի։ Կան ավելի մեծերը, որոնք խոշոր քաղաքների շուրջ են ձեւավորվել»։
Փոխնախարարը վստահեցրեց, որ Արագածավանի համար պետք չէ անհանգստանալ․ «Այն ավելի շատ ռեսուրս կունենա։ Այն տնտեսական ներուժ ունի։ Վերջին տարիներին գյուղատնտեսությունում մեծ ակտիվություն է նկատվում։ Ունի խնդիրներ, որոնցից բոլորս տեղյակ ենք։ Հողերի կառուցվածքի եւ այգեգործության մասին է խոսքը, ինչը ջրամատակարարման հարց է առաջացնում։ Միավորման արդյունքում համայնքն ավելի հասանելի կլինի պետական ծրագրերի համար։ Համայնքի համար էկոնոմ ռեժիմով ջրամատակարարում պետք է իրականացնենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ