Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոստիկանները ֆիզիկական բիրտ ուժի կիրառման համար ստացել են բոլոր երաշխիքները. դրա վկայությունն է նաեւ միջազգային կառույցների լռությունը». Ալեքսանդր Կոչուբաեւ

Հունիս 08,2022 12:45

«Դիմադրության» շարժման ցույցերի եւ երթերի ժամանակ ոստիկանության պահվածքը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը համարում է քաղաքական ռեպրեսիաների ցուցանիշ: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում նա հայտարարեց, որ ակնհայտ ձեւով ջարդում են ցուցարարներին, նաեւ բավական «անգրագետ» ձեւով կիրառվեց հատուկ միջոցը. «Ակնհայտ էր, որ այն կիրառող ոստիկանը չուներ հատուկ պատրաստություն, որից տուժեցին հենց իրենք՝ ոստիկանները, ինչպես նաեւ ցուցարարները: Բայց ոստիկանությունը շտապեց այդ հատուկ միջոցի կիրառումից ոստիկանների ստացած առողջական խնդիրները ևս վերագրել ցուցարարներին»: Այս իրողությունների պարագայում, փաստաբանն անգամ սխալ է համարում գնահատել ոստիկանների գործողությունների իրավաչափությունը կամ ոչ իրավաչափությունը, քանի որ այդ եզրույթները կիրառելի են այնտեղ, որտեղ ընթացակարգային խախտումներ են տեղի ունենում կամ իրավական տեսանկյունից խնդրահարույց քայլեր. «Իսկ այն, ինչ որ այսօր անում է ոստիկանությունը՝ դա արդեն հանցավորին մոտ կամ գերազանցող մակարդակ է»:

Ալեքսանդր Կոչուբաեւի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Փաստաբանն, ի դեպ, առանձնացնում է ոստիկանների երկու գործողություններ՝ ցուցարարներին ջարդել, ապա այդ ցուցարարների վրա ցուցմունք գրել, իբր զանգվածային անկարգություններ են իրականացրել. «Այսօր ոստիկանները վերածվել են շարքային, հաստիքային վկաների՝ նախաքննական մարմինների համար: Երեկվա տվյալներով, բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա կա 13 ձերբակալված անձ եւ 8 կալանավորված»:

Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ցույցերը եւ երթերը լուսաբանվում են մոտ 20 լրատվամիջոցներով, սակայն նախաքննական մարմինը չի հետազոտում լրատվականների տեսանյութերը, հիմնվում է բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա: Կան ոստիկաններ, որ 7 քրեական գործերով վկա են:

Նա նաեւ նկատում է, որ ոստիկանական բաժանմունքներում բերման ենթարկվածներին նորմալ են վերաբերվում, անգամ որոշակի լոյալության խոսք է նկատվում, իսկ ծեծել-ջարդելու ֆունկցիան «բերետների» վրա է դրված: Բանախոսը կասկած է հայտնում, որ ծեծող-ջարդող «բերետավորները» իրականում ոստիկաններ են, քանի որ օրինակ, լուսաձայնային նռնակ արձակող ոստիկանը առնվազն մի քանի տարի պատրաստություն է անցնում, կամ՝ բերման ենթարկող ոստիկանը ձեռնամարտի հնարքների է տիրապետում, իսկ այն, ինչ տեսնում ենք՝ ամենաբիրտ, առանց որեւէ հատուկ գիտելիքների գործելաոճը, դրան գումարվում է նաեւ տարբերանշանի բացակայությունը, ապա «կարող ենք ասել, որ այդ համազգեստի մեջ այլ մարդիկ են»:

Փաստաբանը նաեւ նկատում է, որ ոստիկանապաշտ իշխանություն ունենք՝ հղում անելով այս ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ պատգամավորներ, անգամ նախարարներ, ինչպես են գովերգում ոստիկանության աշխատանքը: Մասնավորաբար, խոսելով երեկ խորհրդարանում մասնագիտությամբ իրավաբան առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարության մասին՝ «Իսկապես, երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության եւ նրանց պիրկ նյարդերի վրա: Նրանք իսկապես փայլուն ծառայություն են մատուցում», Ալեքսանդր Կոչուբաեւն ասաց, որ ինքն էլ է զարմացած մեր նյարդերի վրա, որ «այդ տիկնոջը դեռեւս հանդուրժում ենք, ցիտում»: Փաստաբանը նախարարին խորհուրդ տվեց խոսել իր ղեկավարած համակարգում ձախողումների եւ տապալումների մասին:

Նա նաեւ հիշեցրեց, որ 2018-ին թեեւ ոստիկան-հավաքի մասնակից ֆիզիկական կոնտակտը անհամեմատ քիչ էր, սակայն, շատ մեծ աղմուկ էր բարձրացվում, շատ իրավապաշտպաններ անընդհատ «ծվվում էին»: Փաստաբանը հիշեցրեց, որ 2018-ին, բերման ենթարկվածների ընդհանուր թիվը 3300-ն էր եւ անգամ միջին ծանրության վնասվածքներով հավաքի մասնակիցներ չունեինք, մինչդեռ այսօր ունենք գանգուղեղային վնասվածքով հավաքի մասնակիցներ, թեւի, կողոսկրերի կոտրվածքներով, տարբեր աստիճանի արյունազեղումներով, ծանր մարմնական վնասվածքի հատկանիշներ պարունակող հավաքի մասնակիցներ ունենք:

«Դեպք ենք արձանագրել, որ առաջին օրը կոտրել են անչափահաս աղջկա ձեռքը, հաջորդ օրն արդեն այդ կոտրված ձեռքի գիպսը, ունենք հավաքի մասնակից՝ տեսողական խնդիրով արդեն. աչքը ընդհանրապես չի տեսնում հենց այդ բիրտ ուժի կիրառման արդյունքում, հադրութեցի երիտասարդը, որը Իգոր Խաչատուրովի հետ բերման էր ենթարկվել, կարծեմ ոտքի կոտրվածք ստացավ եւ այլն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս ամենը խոսում է այն մասին, որ ոստիկանությանը հրահանգված է՝ ամեն կերպ կանխարգելել շարժման հետագա ընթացքը:

Նա զարմացած է նաեւ, որ «այնպիսի պարկեշտ» ոստիկաններ են սկսել խոսել այն մասին, որ ոստիկաններին ասեղներով ծակում են կամ բռնություն են կիրառում ոստիկանների նկատմամբ, որ ոստիկաններն այնքան իրավաչափ են գործում՝ հատուկ միջոց չի կիրառվում, բացառությամբ այդ մեկ դեպքի, որ նույնիսկ վատ ես զգում: Փաստաբանը հիշեցնում է այդպիսի հայտարարություններ անող ոստիկաններին՝ այս հավաքների եւ ցույցերի ժամանակ այնքան շատ է ոստիկանների թիվը, որ հավաքի ամեն մասնակցին բերման են ենթարկում 4-5 հոգով, ոստիկանության մարզային կառույցների բոլոր ներկայացուցիչներն այստեղ են եւ իրենց հիմնական գործառույթը չեն իրականացնում. «Քննչական կոմիտեն այդ մասին չի խոսում, ոստիկանությունը չի խոսում, բայց այս օրերին մենք ունենք հանցագործությունների երկնիշ թվերով աճ: Այս շարժումը նաեւ ցույց տվեց, որ ներքին զորքերի եւ կարմիր բերետների հաստիքացուցակը ծայրահեղ ուռճացված է: Բանակը զինելու փոխարեն՝ զինվել են ոստիկանական զորքերը, կարմիր բերետները, ընդ որում, նրանք այսօր ծայրահեղ ապահովագրված են. հավաքի մասնակիցներին սմբակներով խփելը, այլ բռնություններ իրականացնելը՝ բոլոր այդ կադրերը հրապարակված են, մենք միայն լսում ենք, որ քրեական գործ է հարուցվել կամ ծառայողական քննություն է նշանակվել, սակայն ոչ ձերբակալվածներ, ոչ կալանավորվածներ չկան: Ոստիկանները ֆիզիկական բիրտ ուժի կիրառման համար ստացել են բոլոր երաշխիքները. դրա վկայությունն է նաեւ միջազգային կառույցների լռությունը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930