Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ր համայնքներն առաջիկայում կմիավորվեն․ փոխնախարարը թվեր, արդյունքներ հրապարակեց

Հունիս 08,2022 12:16

«Կարիք չկա նորից համոզել համայնքների խոշորացման դրական դերի մասին, որովհետեւ ինձ համար դա գոնե ակնհայտ է։ Շատերը համաձայն կլինեն»,-ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Նա տեղեկացրեց, թե նշյալ օրենքի համաձայն որ համայնքներն են առաջիկայում խոշորացվելու/միավորվելու․

Արագածոտնի մարզի Թալին համայնք-Թալին, Արագածավան։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք-Ճամբարակ, Շողակաթ։

Լոռու մարզի Ալավերդի համայնք-Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն։

Լոռու մարզի Տաշիր համայնք-Տաշիր, Մեծավան, Սարչապետ։

Սյունիքի մարզի Սիսիան համայնք-Սիսիան, Գորայք։

Փոխնախարարը հայտնեց, որ այս միավորման արդյունքում Թալինը կունենա 37 հազար բնակչություն, Ճամբարակը՝ 15, Ալավերդին՝ 42, Տաշիրը՝ 28, իսկ Սիսիանը՝ 31:

«Այս թվերով պետք է տալ հարցի պատասխանը, թե ինչու ենք խոշորացնում այս համայնքներն այն դեպքում, երբ դրանցում արդեն իսկ կան միավորված համայնքներ։ Գործընթացն ունի պատմություն, որի կարեւոր հետագիծն այն է, որ հենց սկզբից բանավեճ ենք ունեցել՝ ունենալ խոշո՞ր համայնքներ, թե՞ փնջային։ Գնացել ենք այն ճանապարհով, որ երկուսն էլ լինեն ըստ նպատակահարմարության։ Տեղի չենք տվել ԽՍՀՄ շրջանի գաղափարին․ գրեթե ոչ մի տեղում ուղիղ շրջանների արտապատկերում չկա, որովհետեւ այդ վարչատարածքային բաժանումը հարմար էր տվյալ համակարգին։ Հիմա ունենք այլ իրականություն, որն այլ մոտեցումներ է թելադրում։ Դա բոլորովին չի նշանակում, որ ենթակառուցվածքային չափորոշիչները ակտուալ չեն։ Ակտուալ են։ Դրանք հաշվի առնելով է ստացվել այնպես, որ որոշ խոշորացված համայնքներ կրկնում են նախկին շրջանների սահմանները»,-շեշտեց Վաչե Տերտերյանը։

Ըստ նրա՝ խոշորացված համայնքներն ունակ են տնօրինելու ավելի շատ խնդիրներ, որոնք կապված են բարեկեցության ապահովման, ենթակառուցվածքների, ներդրումային միջավայրի հետ․ «Համայնքները սկսել են ակտիվ ծրագրեր ներկայացնել, ինչը նշանակում է, որ կարողանում են միջոցներ կոնսոլիդացնել դրանց համար։ Օրինակ, Արմավիրի մարզի համայնքները 19թ․-ին 768 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացրել։ 20թ․-ին թիվը դարձել է 2 միլիարդ, 21թ․-ին՝ 3,76 միլիարդ, իսկ 22թ․-ին, ուշադիր, 6,2 միլիարդ դրամ։ Կեսը պետության համաֆինանսավորումն է»։

Վաչե Տերտերյանի խոսքով՝ այս ընթացքում համոզվել են, որ անկեղծ չէր պնդումը, թե վարչատարածքային այս բարեփոխումները տնտեսելու նպատակ ունեն․ «Դրանք հնարավորություն են տալիս առկա ռեսուրսները վերաբաշխել սեփական որոշումներով։ Այս ընթացքում որեւէ պահի որեւէ միջամտություն չի եղել, եւ ՏԻՄ համակարգը որեւէ լումա պակաս չի ստացել բարեփոխումների արդյունքում։ Ֆինանսական հոսքերն ավելացել են հենց միայն վարչարարության համատեքստում»։

Վաչե Տերտերյանը նաեւ ընդգծեց՝ միավորման արդյունքում վարչական հաստիքների կրճատումից ՏԻՄ համակարգի աշխատանքը կատաստրոֆիկ վատացում չի արձանագրել․ «Դրա փոխարեն 2266 հաստիքներ են ավելացվել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում։ Մի տեղ կրճատել են, մյուսում՝ ավելացրել։ Արդյունքում ունենք ավելի շատ մանկապարտեզներ, դայակներ, դաստիարակներ, տեխնիկական աշխատողներ եւ այլն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930