«Հիմա մի զավեշտ է կատարվում՝ ոստիկանները թույլ չեն տալիս, որ մենք մտնենք մի կոնֆերանսի, որի մասնակիցների մեծ մասին ոստիկաններն առաջիկայում բերման են ենթարկելու, որովհետեւ ոստիկանները նույնպես իշխանազավթման մասնակիցներ են»,-Հանրապետության հրապարակում կայացած ընդդիմության բողոքի գործողությունների ժամանակ ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Այս կոնֆերանսի հիմնական կազմակերպիչներից մեկը ՍԴ-ն է, եւ զեկուցողներից մեկը Սահմանադրական դատարանի նախագահ կոչվածը: Ես ուզում եմ իմանալ՝ ԵԽ-ն կամ ԵՄ դեսպանը որտեղի՞ց են իմացել, որ Արման Դիլանյանը ՍԴ նախագահ է, երբ ԱԺ նման որոշում գոյություն չունի: Հայաստանի պատմության մեջ կան ընդամենը երկու ՍԴ նախագահ՝ Գագիկ Հարությունյան եւ Հրայր Թովմասյան, որոնց ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ կա ԱԺ որոշում, մինչդեռ Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ որեւէ որոշում գոյություն չունի: Հիմա, որ իրեն դիմում են ՍԴ նախագահ, որտեղի՞ց գիտեն, որ այդ մարդը ՍԴ նախագահ է»,-տարակուսանք հայտնեց Էդգար Ղազարյանը:
«Այս կոնֆերանսին մասնակցում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ որպես զեկուցող, թե մոդերատոր, եւ նրա սանիկներ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը, որոնց հարսանիքի քավորը Վահե Գրիգորյանն է: Փաստորեն հարսանիքի հիմնական դերակատարներից այս կոնֆերանսին չեն մասնակցում միայն հարսնաքույրն ու ազաբաշին: Ընդ որում, Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը մասնակցում են որպես «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչներ, ամուսիններով ընդգրկված են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում, եւ «Իրավունքը Եվրոպա» ՀԿ-ի նախագահը եղել էր Տիգրան Եգորյանը: Ու երբ իր քավոր Վահե Գրիգորյանը դարձավ ՍԴ դատավոր, ինքը դարձավ նրա փոխանորդը, իսկ Եգորյանի կինը դարձավ այդ կազմակերպության նախագահը: Եվ այդ կազմակերպությունը՝ «Իրավունքի Եվրոպան» հիմնականում ֆինանսավորվում է ԵՄ դրամաշնորհների հաշվին: Այսինքն, այստեղ մաքուր կոռուպցիոն մեխանիզմներով ձեւավորված մարդիկ են նստած»,-հավելեց նա:
Էդգար Ղազարյանի խոսքով. «Կոնֆերանսին մասնակցում է Վենետիկի հանձնաժողովի նոր ընտրված նախագահը: Հուսով եմ՝ այդ կինը տեղյակ է, որ Վենետիկի հանձնաժողովը, երբ 2019-20 թթ իշխանությունները քաղաքական ճնշումներ սկսեցին ՍԴ-ի նկատմամբ, Վենետիկի հանձնաժողովը բացասական արձագանք է ունեցել այդ երեւույթի նկատմամբ եւ ուղերձ է հղել Հրայր Թովմասյանին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այդ ուղերձում Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նշել էր, ցավում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Նա կոչ էր արել հարգել Սահմանադրությունը, որ հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ