Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ գործ հարուցելը մերժվել է․ ըստ քննչական կոմիտեի՝ լրագրողների գործունեությունը եղել է ոչ օրինաչափ. «Ժողովուրդ»

Հունիս 08,2022 10:44

Հունիսի 7-ին լրացավ Քննչական կոմիտեում ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի միջադեպի մասով նյութերի նախապատրաստման ժամկետը եւ Armlur.am-ը դիմել էր Քննչական կոմիտեի լրատվական բաժին՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ որոշում կայացվեց, հարուցվեց քրեական գործ, թե ոչ, ի պատասխան լրատվական բաժնից մեզ հայտնեցին.

«ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և նրա աշխատակցի կողմից առերևույթ հակաօրինական արարքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումների կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել և հիմնավորվել է, որ 2022թ. մայիսի 02-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման մասի մոտակայքում լրագրող Նարե Գևորգյանի, օպերատոր Արման Ղարաջյանի և մյուս կողմից Սարգիս Հովհաննիսյանի ու Էդգար Պապինյանի միջև միջադեպը սկսվել է այն պահից, երբ Ս.Հովհաննիսյանը բջջային հեռախոսազրույց ունենալու ընթացքում պահանջել է խոսափողը հեռացնել իրենից և չնկարահանել, սակայն Նարե Գևորգյանն այդ պահանջին որևէ կերպ չի արձագանքել, ավելին՝ շարունակել են նկարահանել և հարցեր տալ, ինչից հետո միայն Սարգիս Հովհաննիսյանը Նարե Գևորգյանի ձեռքում առկա խոսափողը հրել է մի կողմ:

Միաժամանակ պարզվել է նաև, որ Էդգար Պապինյանը «MediaHub.am» լրատվական կայքի օպերատոր Արման Աշոտի Ղարաջյանի կողմից դեպի ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը մոտենալն ու վերջինիս տեսանկարահանելը կանխելով, ցանկացել է բացառել Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքային բնույթի խոսակցության հրապարակումը, այսինքն՝ վերջինիս գործողությունները բացառապես հետապնդել են Սարգիս Հովհաննիսյանի՝ ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող հեռախոսային խոսակցության գաղտնիությունն ապահովելու նպատակ:

Նման պայմաններում լրագրող Նարե Գևորգյանի և օպերատոր Արման Ղարաջյանի գործողությունները եղել են ոչ օրինաչափ, հետևաբար Սարգիս Հովհաննիսյանի և Էդգար Պապինյանի գործողություններում բացակայում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները»:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Հովհաննիսյանի կողմից Ա.Ղարաջյանին ոտքով հարվածելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, վերջինս հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ պատճառաբանելով, որ հարվածից մարմնական վնասվածք չի ստացել, իսկ համաձայն դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված տեսախցիկի արտաքին մակերեսների հետազոտությամբ հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով մերժելու մասին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930