Եվրախորհրդարանը 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է զեկույց Թուրքիայի վերաբերյալ, որում ի թիվս այլ հարցերի, կոչ է անում այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցումը` կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հետ: Զեկույցի հեղինակները համարում են, որ սա «խիստ դրական զարգացում» է, որը դրական ազդեցություն ունի տարածաշրջանի բարգավաճման և անվտանգության վրա: «Եվրախորհրդարանը խրախուսում է երկու կողմերին շարունակել այդ ջանքերը՝ իրենց հարաբերությունները լիովին կարգավորելու նպատակով և կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, Եվրախորհրդարանը խրախուսել է Թուրքիային ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման, այդ թվում Հայոց ցեղասպանության շուրջ վեճի կարգավորման համար, և լիովին հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունները պաշտպանելու իր պարտավորությունները: Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման դինամիկայի:
Եվրախորհրդարանը նաև ողջունել է Թուրքիայի դիվանագիտական ջանքերը Մերձավոր Արևելքի տարբեր երկրների, հատկապես Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և ևս մեկ անգամ խրախուսել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ