Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանալ «ջրբաժաններ» գծելուց

Հունիս 08,2022 10:00

«Բոլոր հայրենասեր հայերն այժմ Ֆրանսիայի հրապարակում են»: «Նրանք, ովքեր դեմ են մեր վարչապետին, նրանք թալանչիների սպասարկուներ են եւ Պուտինի ստրուկներ»: Նման մտքեր մենք այս օրերին հաճախ ենք լսում: Հայտնի հռետորական (այլ դեպքերում՝ մարքեթինգային) հնարք է. մարդկանց դնում են կեղծ այլընտրանքի առաջ եւ դրանից հետո դիմում են շանտաժի՝ ընտրի՛ր դրանցից մեկը, իսկ եթե չես ընտրում, ուրեմն՝ դու բոլոր տեսակի չարիքների կողմնակից ես: Անփորձ հոգիները դրանից ահաբեկվում են եւ գցվում են այս կամ այն ծայրահեղության գիրկը, որպեսզի հանկարծ իրենց «ոչ-հայրենասերի» կամ «թալանչու» պիտակ չկպցնեն: Իրականում կանգնել հրապարակում եւ կուրծք ծեծել, թե դու հայրենասեր ես, կամ հակառակը՝ հայհոյել հրապարակում կանգնողներին՝ ցույց տալու համար, որ դու թալանչի չես կամ մաս չես կազմում «5-րդ շարասյան»՝ երկուսն էլ բարդ գործ չի, չի ենթադրում առանձին զրկանքներ կամ նույնիսկ անհարմարություններ: Այս կամ այն «երամի» հետ չթռչելը երբեմն շատ ավելի դժվար է:

Պարզ է, որ քաղաքական պայքարը սովորաբար առանց «ջրբաժանների» չի լինում: «Այս հանրահավաքը եւ երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է. մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից` ազգի տականքը», – 2008 թվականի փետրվարի 9-ին ասել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, գիտնական լինելով, չէր կարող չիմանալ, թե պատմության տարբեր դրվագներում ինչի կարող են հանգեցնել նման ջրբաժանները: Առիթ եմ ունեցել գրելու, որ քաղաքական պայքարի այդ ոճն իր ազդեցությունն է թողել թե՛ հասարակության եւ թե՛ ժամանակակից քաղաքական վերնախավի մտածողության վրա:

Բայց մարդկության պատմության մեջ հազվադեպ պատահում է այլ մոտեցում, այլ ոճ, որը զուտ պայմանական կարելի է կոչել «հոգեւոր արժեքների վրա հիմնված պայքար»: Այդ մտածողության ամենահայտնի կրողն է, իհարկե, Մահաթմա Գանդին, որը նույնպես, ինչպես հայտնի է, քաղաքական գործիչ էր, բայց իր գործունեությունը կառուցում էր ոչ թե «ջրբաժանների», այլ համագործակցության վրա՝ իր բարեկամն ու աջակիցը համարելով ոչ միայն Հնդկաստանի բոլոր բնակիչներին, այլեւ ամբողջ մարդկությունը: Գանդին, իհարկե, լուրջ եւ անզիջում պայքար էր մղում, բայց նա կռվում էր ոչ թե մարդկանց, այլ համակարգերի եւ մեթոդների դեմ: Նա չէր ասում, օրինակ՝ «դարձիր հինդուիզմի հետեւորդ, հակառակ դեպքում ես կասեմ, որ դու չարիքի մարմնավորում ես»: Նա գրում էր, որ բոլոր կրոնները ճիշտ են, միաժամանակ բոլոր կրոններին հատուկ են մոլորությունները, եւ բոլոր կրոններն իր համար նույնքան թանկ են, որքան իր սեփականը: Գանդիի միակ ցանկությունն էր, որ քրիստոնյան դառնա ավելի լավ քրիստոնյա, մահմեդականն՝ ավելի լավ մահմեդական եւ այլն:

Եթե դա ճիշտ է տարբեր ազգերի եւ տարբեր կրոնների մարդկանց համար, ապա երիցս ճիշտ է մեկ ազգի եւ սկզբունքորեն մեկ կրոնի դեպքում: Տարված լինելով զանազան «ջրբաժաններով»՝ հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ցանկալի է, երբեմն մտածեն այն «ջրերի» մասին, որոնք մեզ՝ հայերիս միավորում են: Հակառակ պարագայում այդ անիմաստ քաղաքական հրմշտոցը կարող է հավերժ տեւել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Գանդին՝ ինքը չի խուսափել ջրբաժաններ գծելուց: Իր պայքարի համար այդպիսի բեկումնային պահ է եղել 1920 թ. Սևրի պայմանագիրը: Անմիջապես դրանից հետո նա հայտարարեց Բրիտանիայի դեմ անհնազանդության պայքար (non-cooperation movement, տես. https://en.wikipedia.org/wiki/Non-cooperation_movement#:~:text=The%20non%2Dcooperation%20movement%20was,British%20to%20grant%20self%2Dgovernance.) սկսելու մասին և օգտագործեց առիթը՝ դրանում Հդկաստանի մուսուլմաններին ներգրավելու համար: Հատկանշական է Գանդիի նամակը Լորդ Չելմսֆորդին (տես https://www.mkgandhi.org/ebks/famous-letters-of-mahatma-gandhi.pdf, 20-25 էջեր): Այնտեղից իմ թարգմանությամբ ուզում եմ մեկ պարբերություն բերել.
    «Խաղաղության պայմանները (Սևրի պայմանագրի մասին է խոսքը) և Ձերդ Գերազանցության կողմից դրանք պաշտպանելու փաստը ցնցել են Հնդկաստանի մուսուլմաններին: Դրանք հակառակ են կառավարության խոստումներին և ամբողջապես ոտնահարում են մուսուլման բնակչության զգացմունքները: Կարծում եմ, որ լինելով հինդուիզմի հավատարիմ հետևորդ, ով ուզում է համերաշխության մեջ ապրել մուսուլման համերկրացիների հետ, ես Հնկաստանի անարժան զավակը կլինեի, եթե իրենց կողքին չլինեի իրենց համար այս դժվար ժամին: Իմ համեստ կարծիքով, նրանց պահանջն արդարացի է: Նրանք ասում են, որ Թուրքիան չպետք է պատժվի: Մուսուլման զինվորը չի կռվել՝ սեփական Խալիֆաթի գլխին պատիժներ բերելու կամ իր տարածքներից զրկվելու համար: ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ ԿԵՑՎԱԾՔՆ ԱՅՍ 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է ԵՂԵԼ: » (նույն տեղում՝ էջ 22 )
    Սա Դուք կոչում եք «հոգեւոր արժեքների վրա հիմնված պայքար»: Որպեսզի տարընթերցումը բացառեմ, ահա վերջին նախադասությունը բնօրինակով. «The Mussalman attitude has been consistent throughout these five years»: Նամակը գրվել է 1920 թվին: Գանդիի նշած 5 տարիները ներառում են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այդ «հետևողական կեցվածքով» էլ իրականացրել են ցեղասպանությունը:
    Ջրբաժաններն անխուսափելի են: Ուրիշ բան, թե դրանք ինչպես են գծվում ու ինչպես են կյանքի կոչվում: Սակայն հանդուրժել բթությունը, միջակությունը, առավելևս՝ դավաճանությունը, ու համագործակցել բոլոր այդ հատկանիշներով օժտված կառավարության հետ, անօգուտ է:

  2. Հայկ համբարձումեան says:

    Կը ներէք, դուք իսկապէ՞ս կը հաւատաք ձեր գրածին. այսինքն իսկապէ՞ս կը հաւատաք որ, օրինակ, ջրբաժան պէտք չէ ըլլայ Արցախէն ձեռք քաշող եւ Հայ պետականութիւնը վտանգի տակ դնողին եւ նրա դէմ պայքարողներուն միջեւ. ջրբաժաններ կան կարեւոր են եւ անշրջելի , ուրիշներ կան անիմաստ եւ տէմակոկ. Ձեր ըսել ուզածը երեւի այս վերջին տեսակի, հասարակութիւնը պառակտող որակումներէն վազ անցնելու մասին է. եթէ այո, ուրեմն այդպէս ալ գրեցէք։

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Պատահական չէր, որ թրքահպատակ նիկոլն իշխանությունը զավթելիս իրեն Գանդիի հետ էր համեմատում, հետո էլ իր պարտքը համարեց Երեւանում արձան դնել թրքասեր հսկային: Հիմա էլ Գանդիի պարզունակ քարոզը. թե բա՝ «ջրբաժան» պետք չէ, հիմա դե ի՞նչ տարբերություն՝ դու հայ ես, թե՞ թուրք, Արցախ-Սյունիքը կմնա հայկական, թե՞ կենթարկվի էթնիկ զտման: Ի՞նչ տարբերություն՝ դու Նժդեհ-Դրո-Անդրանիկի դրոշի տակ ես, թե Ֆրանգյուլ-Ավիս-նիկոլի, կարեւորը, որ ջրբաժան չլինի ու բոլորս հանգիստ, սահուն ու անաղմուկ մտնենք Սերգո-ջանի «խաղաղության դարաշրջան»…

    “Գանդին, իհարկե, լուրջ եւ անզիջում պայքար էր մղում, բայց նա կռվում էր ոչ թե մարդկանց, այլ համակարգերի եւ մեթոդների դեմ”

    Իսկ այդ համակարգերում մարդիկ իհարկե չկային, այդտեղ աներեւույթ վիրտուալ արարածներ էին, որոնք ինչ-որ մեթոդներ էին իրենց հետ բերել այլ մոլորակներից…

    “Նա գրում էր, որ բոլոր կրոնները ճիշտ են”

    Իսկ ես գրում եմ, որ բոլոր կրոնները սխալ են ի ծնե եւ ի բնե: Գանդին չտեսնելու է տալիս կրոնական ակնհայտ ջրբաժանները: Եթե նա իսկապես հումանիստ լիներ, ապա ոչ թե ցեղասպան Թուրքիայի իրավունքները կպաշտպաներ, այլ կքննադատեր հինդուիստների ու մահմեդականների, քրիստոնեաների ու հուդայականների, եւ ընդհանրապես կրոնական ջրբաժանով առաջնորդվող բոլոր մոլեռանդների դարեր շարունակ կատարած հրեշավոր հանցագործությունները…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930