Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կատակող ֆանտազյորը»

Հունիս 08,2022 13:00

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2002թ. հունվարից անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանի խնդիրը, ինչպես ցմահներից շատերինը, մնում է օրակարգից դուրս: «Առավոտը» նրա խնդրին անդրադարձավ անցյալ տարվա նոյեմբերի 23-ին, երբ դատապարտյալը մոտ մեկ ամիս հացադուլ էր հայտարարել, ուշադրություն հրավիրելով իր՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման վերաբերյալ անհիմն կասեցման որոշման վրա: Կասեցումն արվել էր գործը վերահսկող դատախազ Գ. Իսախանյանի միջնորդությամբ եւ քանի որ նոր որոշում չի կայացվել, այսինքն՝ չկար վերջնական որոշում, դատապարտյալը չէր կարող բողոքարկել։ Նա նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետին: ՀՀ դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լ.Չարխիֆալակյանին:

ՀՀ դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ  հսկողության վարչության պետի պաշտոնակատարի գրությամբ դատապարտյալին հայտնել են. «Կիսափակ ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու եւ ձեր նկատմամբ նշանակված պատիժը «Արմավիր» ՔԿՀ կատարելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշման հանձաժողովի 2021թ. հունիսի ութի  թիվ 350 որոշումը կասեցնելու եւ այն վերանայելու մասին դատախազի  2021թ. հուլիսի քսաներեքի որոշումն օրինական է եւ հիմնավորված»: Երեկ «Առավոտին» դատապարտյալ եղբոր՝ Արամ Պետրոսյանի նամակն է փոխանցել Արթուր Պետրոսյանը: Ներկայացնում եմ այն ամբողջությամբ:

Ցմահ դատապարտյալի նամակը

Գտնվելով կիսաբացում, վերջապես 8 ամիս հետո վերահսկողը պատասխանեց, որ իմ կիսաբացի կասեցումը օրինական է եւ հիմնավորված։ Պարզվում է՝ պաշտոնյան կատակում է եւ ես մնալու եմ կիսաբացում։ Այդպես վերահսկող Գ. Իսախանյանը շարունակ կատակում էր նախորդ ապօրինի կասեցումների ժամանակաշրջանում, երբ կիրառում էր հոդվածներին իր երեւակայական մեկնաբանությունները, օրինակ՝ «Ցմահ դատապարտյալների համար օրենսդիրը 3 տարին դիտարկել է որպես ժամանակահատված ուղղման համար անհրաժեշտ կիսափակ ռեժիմում»։ Այն դեպքում, որ օրենսդիրը հստակ նշել է ժամանակահատվածի վերաբերյալ միայն  «առնվազն տասնութ տարին կրելուց հետո», իսկ եթե չկա այլ բան, ապա ինչ-որ պատժաժամկետ ավելացնելն օրենքով սահմանվածին՝ ապօրինի է, քանի որ պատժաժամկետ կարող է ավելացնել միայն դատավճիռը, այլ ոչ թե ֆանտազյորը։ Պատիժը չմեղմացնել օրենքով սահմանված ժամանակ կամ կարծիքով ինչ-որ ժամանակահատված ավելացնելը նույնպես պատիժ սահմանել է։ Դատախազի պարտականությունն է ստուգել սահմանված օրենքին համապատասխանելը կամ ոչ, այլ ոչ թե սահմանել երեւակայությունը։ Մյուս համատարած կասեցումների պատճառը այն էր, որ «ուղղման գործընթացի ծրագիր գրեթե կամ չի իրականացվել»։

Օրենքը չի սահմանում ուղղման աշխատանքների գործընթացի բացակայությունը ուղղված չլինելու հիմնավորում։ Օրենքը պարտավորեցնում է  աշխատողին կատարել ուղղման աշխատանքներ եւ դրանից անկախ դատապարտյալի ռեժիմի փոփոխման համար սահմանում է դրական վարքագծի պարտադիր առկայությունը՝ առանց այդ վարքագիծը ձեռք բերելու եղանակից։ Ֆանտազյորը, չնայած տեղաբաշխման հանձնաժողովի դրական վարքագծի առկա լինելու եզրակացությանը, որոշել է դատապարտյալներին շարունակական կալանքով դարձնել սուպեր դրական, միգուցե գրեթե նոբելյանական մրցանակակիր,  որ լինեն խրախուսելի եւ խրախուսվեն լրացուցիչ կարճատեւ տեսակցություն, քանի որ երեւի միայն Նոբելյան մրցանակակիրն է արժանի մի երկու ժամ տեսնել հարազատներին, սահմանվածից ավելին։ Դրական վարքագծի առկայությունը արտաքուստ հիմնավորվում է փաստացի արարքներով, իսկ ներքուստ կարող է գնահատվել միայն հոգեբանի եզրակացությամբ, որը ունի այդ կրթությունը եւ իրավունքը։ Այլ ոչ թե Իսախանյանի վառ երեւակայությամբ իրեն հոգեբանի տեղ դրած ինչ-որ մեկը, անկախ ուղղման գործընթացի աշխատանքների առկայությանը։ Իսկ Իսախանյանի վարած քաղաքականությունը «Արմավիր» ՔԿՀ-ն ժառանգել է այն աստիճանի, որ էլ չկա բաց ռեժիմ գնացող նույնիսկ ոչ ցմահ:

Պատրաստեց  Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930