Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբեմն ստանում եմ կոպիտ պատասխան՝ ինչի՞ ես նկարում, ո՞վ ես

Հունիս 08,2022 12:30

Հարցազրույց լուսանկարիչ Իդելյա Աբրահամյանի հետ

– Այսօր շատերն են սիրողական լուսանկարչությամբ զբաղվում, բայց ձեզ համար այն մասնագիություն է դարձել: Կմանրամասնե՞ք` ինչպե՞ս հոբին դարձավ մասնագիտություն …

– Դասարանական արշավներին միշտ ես էի բոլորին նկարում: Այդ ժամանակ չունեի անձնական ֆոտոապարատ եւ նկարում էի հեռախոսով, ընկերներիս ապարատներով… Մի քանի տարի առաջ, երբ սոցցանցերում նոր էի գրացվում, մի օր պատահական տեսա աչքերի նկարներ: Հետաքրքրությունից ելնելով՝ մտա տվյալ լուսանկարչի էջը: Իմացա հեղինակի անունը ու չեք հավատա, բայց այդ օրվանից ես ավելի շատ ոգեւորվեցի, որ պետք է զբաղվեմ լուսանկարչությամբ: Երբ տեղափոխվեցի Երեւան, հետաքրքրվեցի ու իմացա, որ տվյալ լուսանկարների հեղինակը նաեւ լուսանկարչության դասեր է դասավանդում: Շատ ուրախացա ու այսպես սկսվեց իմ խորացված պարապմունքները: Ի դեպ, ինձ մոտիվացնող լուսանկարիչը Սուրեն Մանվելյանն է, ում մոտ ես շատ բան սովորեցի, որի համար շնորհակալ եմ:

Սուրեն Մանվելյան եւ Իդելյա Աբրահամյան

– Երբ մարդիկ տեսնում են` լուսանկարողի ձեռքին հեռախոս է, կարծում են, որ լուրջ նկարիչ չէ: Լինո՞ւմ են ժամանակներ, երբ հեռախոսով եք նկարում ու նման խնդիր  է լինում:

– Օ՜, շատ է լինում: Շատ ժամանակ տրանսպորտում, դրսում լավ կադրեր են հանդիպում ու, ցավոք, ապարատը մոտս չի լինում, բայց հեռախոսով բացը լրացնում եմ: Բնականաբար, հեռախոսը չի տա այն որակը, ինչ ապարատն է փոխանցում, բայց առաջնայինը նկարի որակը չէ, այլ նկարի իմաստը: Ավելի ճիշտ, նկարը պատմի ինքն իր մասին: Շատ ունեմ հեռախոսով նկարված նկարներ, որոնք ավելի շատ խոսուն են: Ես ավելի շատ մարդկանց եմ նկարում, ու երբ խնդիր կա հեռախոսով նկարելու` զգուշացնում եմ: Մարդիկ այսօր բավական նորմալ են վերաբերվում հեռախոսով լուսանկարիչներին:


– Հիմնականում սեւ ու սպիտակ են նկարները: Կադրերում մարդիկ են, կա հույզ, եւ զգացմունք, եւ շարժ: Ինչպե՞ս է ստացվում  «որսալ» պահը:

– Ճիշտ եք նկատել, հիմնականում սեւ ու սպիտակի մեջ եմ լուսանկարում: Սեւ ու սպիտակի մեջ ավելի դժվար է, քանի որ չկա գույն, որ դիմացինին շեղի գույներով: Որսալ պահը, միշտ չէ, որ ստացվում է: Եթե  նկատել եք, մեծահասակներին եմ նկարում ու սեւ ու սպիտակով։ Նախքան նկարելը, ես փորձում եմ մարդու հետ շփվել, քիչ թե  շատ ճանաչել ու վստահություն ներշնչել դիմացինիս, որ նկարվելուց չկաշկանդվի, ազատ լինի ու ներկայանա ինչպես որ կա իրական կյանքում, այլ ոչ թե լարված ու կեղծ ժպիտով։

– Նկատելի է, որ անծանոթ մարդկանց շատ եք նկարում: Հաճա՞խ են մերժում ձեր  նկարելու առաջարկը:

– Իմ լուսանկարների հերոսների մեծամասնությունը պատահական անցորդներ են, որոնց նկարելուց հետո մեծ բավականություն եմ ստանում։ Այո, շատ են դեպքեր եղել, որ նկարել եմ ու ստացել կոպիտ պատասխան՝ «ինչի՞ ես նկարում», «ո՞վ ես», «ի՞նչ կազմակերպությունից ես», ու այսպես շարունակ: Մի քանի օր առաջ գնացի Սարի Թաղի փողոց, շատ էի լսել, բայց պատկերացում չունեի, թե ինչ տեսք ունի, մարդիկ ինչ արձագանք կտան, որ գնամ ու նկարեմ, որոշեցի ու ասեմ՝ չեմ փոշմանել: Կյանքով լեցուն երեխաներ, որոնք չեն  «զոմբիացել» հեռախոսներից,  սոց֊կայքերից։ Սկզբից, բնականաբար, կաշկանդվում ես: Երեխաներից մեկին հարցրի`  կարո՞ղ եմ նկարել, մեկ էլ տեսնեմ ամբողջ թաղի երեխեքը եկան ու հերթով` «ինձ էլ, ինձ էլ», չեք պատկերացնի, ինչ երջանկություն էր, ինչ մոտիվացնող: Դու քո արած գործից հաճույք ես ստանում ու լավ զգում, որ մի լուսանկարելով մի ամբողջ թաղի երեխեքին ժպիտ ես պարգեւում:

– Ունե՞ք սիրելի նկարներ…

– Դժվար է հիմա առանձնացնել մի քանիսը, քանի որ ամեն կադր նկարելուց ես իմ հոգեվիճակն եմ արտահայտում։ Ամեն մի նկարի մեջ կյանք եմ ցույց տալիս՝ թե լուսանկարի հերոսի, թե իմ հույզերը:

– Լուսանկարիչները չե՞ն սիրում լուսանկարվել, թե՞ ուղղակի լուսանկարող չկա:

– Ես ավելի շատ նախընտրում եմ օբյեկտիվի հակառակ կողմում լինել, քան օբյեկտիվի առաջ, իսկ երբ ցանկություն եմ ունենում նկարվելու` չի լինում մեկը, ով իմ պատկերացրած լուսանկարը կանի: Այդ ժամանակ  ինձ օգնության է գալիս շտատիվը եւ ստացվում է ինքնանկար:

Զրուցեց Լիանա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Իդելյա Աբրահամյանը

«Առավոտ» օրաթերթ
07.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930