«Հայը ցանկանո՞ւմ է, արդյոք, ապրել պետականորեն կազմակերպված հասարակությունում, թե՞ ոչ։ Հայի կերպարն այս հարցում հակասական է. նա մի կողմից պահանջում է պետականություն եւ անասելի ջանասիրությամբ ու անձնուրացաբար պայքարում է դրա համար, սակայն երբ գալիս է պետականության հիմքերն ամրապնդելու կամ պահպանելու ժամանակը, ինչ-որ իռացիոնալ «անտեսանելի ձեռք» կործանիչ հարված է հասցնում այդ գործընթացին».-«Հայոց պետականության պահպանման սահմանադրաիրավական ուղիները» գրքույկի նախաբանում գրել է հեղինակը՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը:
Գրքույկը լույս է տեսել օրերս: Ինչպես առաջաբանից ենք տեղեկանում, անդրադարձ է կատարվել Հայաստանի երրորդ Հանրապետության վերակերտման ժամանակահատվածին, զուգահեռներ անցկացնելով մեր պատմությանը, Հայաստանում սահմանադրության պետականապահպանման ներուժին, վերլուծվել են պետության անկման տեսապատմական հարցերը, Սահմանադրական դատարանի պետականապահպան նշանակության դիրքորոշումներից երկուսը՝ ՀՀ նախագահի 2003թ. ընտրությունից հետո հասարակական դիմակայությունը հաղթահարելու նպատակով վստահության հանրաքվե կազմակերպելու ՀՀ ՍԴ առաջարկը (16.04.2003 ՍԴՈ-412 որոշում) եւ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի սահմանադրականացում (12.01.2010 ՍԴՈ-850 որոշում): Գիրքն ունի երկու բաժիններ՝ «Պետականության պահպանությունը եւ դրա երաշխիքները» եւ՝ «Հայաստանի սահմանադրական արդարադատության պետականապահպան ներուժը»: Տեղ է գտել նաեւ ՀՀ կառավարության ծրագրերից քաղվածքները: Մինչ իրավական վերլուծություններ կատարելը, հեղինակը խոսում է պետության անկման հոգեբանական գործոնների մասին, «կույր նորահավատության», որոնցով, ի դեպ, ըստ հեղինակի՝ «վարակվեցին նաեւ հայ իրավաբանները, որոնց մեծ մասը անվերապահորեն երկրպագելով մասնավոր (անհատի) շահի գերակայության վերաբերյալ գլոբալիստների մատուցած՝ շատ դեպքերում կասկածելի տեղեկատվությունը, անտեսեց կամ երկրորդային պլան մղեցին հայոց պետականության ստեղծման եւ պահպանության արժեբանական հարցերը»: Պետականապահպանության հարցերում, ըստ հեղինակի, վտանգավոր է հոռետեսությունը:
Առաջին գլխում հեղինակը գրում է, որ պետության անկումը կարող է տեղի ունենալ իրավաբանական եղանակով. «Հայաստանի առաջին Հանրապետության անկումը փաստական եւ իրավաբանական իմաստներով։ Պետության գոյության՝ փաստական եւ իրավաբանական առումով դադարեցնելու հարաբերակցությունը կարելի է ցույց տալ Հայաստանի առաջին Հանրապետության անկման օրինակով։ Այսպես՝ ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 1920թ. դեկտեմբերի 2-ին կնքված Համաձայնագիրը կարելի է համարել այն իրավաբանական փաստաթուղթը, որով սկիզբ դրվեց Հայաստանի առաջին Հանրապետության՝ որպես անկախ պետության ինքնաոչնչացման գործընթացին: Ճիշտ է, Հայաստանի առաջին Հանրապետությունը 1920թ. դեկտեմբերից հետո՝ մինչեւ 1922թ., պահպանել էր պետության հատկանիշները (այլ պետությունների հետ միջպետական համաձայնագրեր կնքելու իրավունակությունը, սեփական հարկադրանքի ուժ ունենալը, եւ այլն), սակայն դա իրականություն էր բացառապես տվյալ ժամանակաշրջանի սահմանադրական (պետական) պոզիտիվ իրավունքի հարթությունում, մինչդեռ ՀԽՍՀ եւ ՌՍՖՍՀ հարաբերությունները կարգավորվում էին «կենդանի» իրավունքի այնպիսի կանոններով, որոնք փաստացի բացառում էին Հայաստանի Հանրապետության անկախությունը»: Գալով մեր օրեր, հեղինակը նշում է, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունում սահմանադրականության՝ իշխանության ինքնասահմանափակման սահմանադրական մշակույթի եւ մտածողության ձեւավորման նախասկիզբը Հայաստանի պետականաստեղծ ակտերն են՝ 23.08.1990թ. ընդունված «Հայաստանի անկախության մասին» Հռչակագիրը (այսուհետ՝ Անկախության հռչակագիր), որով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը, եւ 05.07.1995թ. ընդունված ՀՀ Սահմանադրությունը (այն փոփոխվել է 27.11.2005թ., 06.12.2015թ.)։
Արթուր Ղամբարյանը հղում կատարելով սահմանագրագետ, իրավաբան Վ. Նազարյանի՝ «Սահմանադրությունները չեն, որ ժողովրդին (ազգին) հայրենիք են շնորհում, ընծայում կամ տրամադրում, ազգը սեփական հայրենիք ունենալու իրավունքով օժտված է ի ծնե, եւ այն անօտարելի է», գրում է. «Հայ ժողովրդի պետականություն ունենալու իրավունքը նյութական կեցություն է ստացել Անկախության հռչակագրում, զարգացվել եւ ամրապնդվել է ՀՀ Սահմանադրությունում: Անկախության հռչակագրի՝ որպես վերնորմատիվային եւ նախասահմանադրական փաստաթղթի ինքնավարությունը եւ անփոփոխելիությունը հիմք են տալիս պնդելու, որ ժողովրդի՝ պետականություն ունենալու իրավունքի նյութական կեցությունն իրավաբանորեն անոչնչանալի է եւ կախված չէ Սահմանադրությունից»:
Կարդացեք նաև
Բազմաթիվ աղբյուրներին վկայակոչելով՝ հեղինակն անդրադառնում է Վստահության հանրաքվեի մասին ՍԴ որոշմանը, «հիշեցնելով», այդ ժամանակահատվածի իշխող տրամադրությունները, կարծիքները, օրինակ, թե ինչպես նախկին վարչապետ Ա. Մարգարյանը այն համարեց իրավական, քաղաքական տեսանկյունից անընդունելի, նշելով՝ ՍԴ-ն գերազանցել է իր լիազորությունները, ՀՀ դատախազությունը ՀՀ սահմանադրական դատարանի այդ որոշումը որակեց «բարոյաքարոզչական, ընդհանուր ուսուցողական բնույթի եւ լոկ հռչակագրային», եւ եզակի քաղաքական գործիչներ գտնվեցին, ովքեր հասկացան հանրաքվեի ռազմավարական նշանակությունը, հասկացան, որ այդ ժամանակ, հանրաքվեն քաղաքական որոշում էր, նպատակն էր՝ հաշտեցնելու հասարակության մեջ առկա երկու բեւեռները: Այսօր էլ, ըստ հեղինակի, կան առանձին սահմանագրագետներ, ովքեր դեռ կարծում են, որ վստահության հանրաքվեի համար այն ժամանակ առկա չէին համապատասխան իրավական հիմքերը: «ՀՀ սահմանադրական դատարանի այս առաջարկի վերաբերյալ իշխանական իրավաբանների աղմուկ-աղաղակին եւ քաղաքական դերակատարների հարձակումներին զուգահեռ ցավալիորեն նկատվում էր ակադեմիական հանրության «քար» լռությունը. այդ ժամանակ որեւէ իրավաբան-գիտնական ՀՀ սահմանադրական դատարանի այս առաջարկը չենթարկեց պետականագիտական վերլուծության»,-գրել է հեղինակը:
Արժե կարդալ նաեւ «Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի ամրագրումն Անկախության հռչակագրում» բաժինը: Ըստ հեղինակի, դա ազգապահպան, հատուկ պետականապահպան դրույթ է: Հեղինակը դարձյալ հիշեցնում է, թե ինչպես է այն հայտնվել Հռչակագրում, որի նախագծերից որեւէ մեկում իննսունականներին այն նախատեսված չի եղել. «Անկախության հռչակագրում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին դրույթի ավելացումը խորհրդանշվում է նաեւ այն հանգամանքով, որ դա Հայաստանում պառլամենտարիզմի ձեւավորման հնարավորության մասին ազդակ էր։ Բանն այն է, որ իշխանությունը դեռ նոր ստանձնած քաղաքական ուժը (ՀՀՇ-ն) նախապես դեմ էր Անկախության հռչակագրում ցեղասպանության մասին դրույթի ավելացմանը, սակայն տեւական ու շահագրգիռ քննարկման արդյունքում ազգային արժեքներին հավատարիմ քաղաքական ուժերի ճնշման ներքո ձայների մեծամասնությամբ կատարվեց այս պատմական քայլը՝ Անկախության հռչակագրում ավելացվեց 11-րդ դրույթը»:
Գրքույկն ավարտվում է ՀՀ կառավարությունների ծրագրերից քաղվածքներով` մինչեւ ՀՀ կառավարության 2021-2026 ծրագիրը՝ «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ջանքերին, էթնիկ, կրոնական եւ ռասայական հողի վրա խտրականության եւ անհանդուրժողականության դրսեւորումների դեմ պայքարին… Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը… »: Այս գրքույկը պետության ամրությամբ մտահոգ անձանց համար է, հեղինակը չի «խեղճացնում» ընթերցողին իրավաբանական-մասնագիտական տերմիններով, հասկացություններով, այն ինչ-որ առումով հրապարակախոսություն է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2022