Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առջեւ ընտրության հարց առավել հնարավոր է Ռուսաստանի կողմից դրվի

Հունիս 08,2022 12:00

Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը գտնում է, որ «անվտանգության ապահովման» կամ «Ղարաբաղը փրկելու» կեղծ պատրվակներով Միութենական պետության կամ հենց ՌԴ կազմ մտնելու մասին հինգերորդ շարասյան քարոզչությունը կարող է դիտարկվել համապատասխան հիբրիդային մարտավարության շրջանակում:

– Պարոն Գրիգորյան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում Բրյուսելի հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ եռակողմ բանակցությունները: Այդ հանդիպումից հետո կողմերը, կարծես, ավելի ուժգին են սկսել միմյանց մեղադրել ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում, օրինակ, նշեց, որ Եվրամիությունը չպետք է մասնակցի Արցախի հակամարտության կարգավորմանը: Ռուսական կողմն առանձին՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ եռակողմ բանակցություններ է կազմակերպում: Իսկ ո՞ւր մնաց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի դերը պաշտոնական Երեւանը շարունակում է կարեւորել:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի տարաձայնությունների պայմաններում լուսանցք է մղվել։ Խնդիրը, սակայն, ավելի խորքային է, քան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետեւանքները։ Եռակողմ ձեւաչափը Ռուսաստանն առաջխաղացնում էր դեռեւս տարիներ առաջ՝ հարմար պահի միակ միջնորդի դերը ստանձնելու ակնկալիքով, իսկ այժմ Մինսկի խմբի ձեւաչափից փաստացի հրաժարվելու հարմար առիթ է առաջացել։ Չմոռանանք նաեւ, որ Ռուսաստանը չեզոք միջնորդ չի եղել՝ անգամ Մինսկի խմբի ակտիվ գործունեության պայմաններում. չեզոքությունը ձեւական էր՝ ըստ էության, անհամատեղելի տարածաշրջանում սեփական շահերը ցանկացած գնով առաջխաղացնելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի զենք-զինամթերքի հիմնական մատակարարը լինելու՝ հետեւաբար նաեւ ուժերի բալանսը ոչնչացնելու եւ ռազմական ճանապարհով խնդրի լուծմանը նպաստելու հետ։

Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Եվ չնայած Ռուսաստանին չի հաջողվել պահպանել մենաշնորհային դիրքը՝ Թուրքիայի դերակատարման պատճառով, այն կարծես թե առավել հակված է 3+3 (կամ 3+2՝ Վրաստանի դիմադրության պայմաններում) ձեւաչափի մյուս շահառուների հետ պայմանավորվել՝ քան վերադառնալ Մինսկի խմբի ձեւաչափին։ ԵՄ-ի հովանու ներքո բանակցությունները Մինսկի խմբի անգործության պայմաններում առկա վակուումը լցնելու փորձ են՝ որի ճանապարհին դեռ կլինեն լուրջ խոչընդոտներ՝ թե նշված եռակողմ, թե 3+3 ձեւաչափի հիմնական շահառուների կողմից։

 

– Չնայած Երեւանի ու Բաքվի կողմից հրապարակային անհամաձայնությունների մասին վկայող մեկնաբանություններին, հայ-ադրբեջանական շփումներն, այնուամենայնիվ, շարունակվում են, հունիսի 3-ին կայացավ հերթական հանդիպումը, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը, որի ընթացքում քննարկել են Հայաստանի տարածքով Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ ավտոմոբիլային ճանապարհների երթուղիների հարցը։ Ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ կողմերը քննարկել եւ մոտեցրել են սահմանային, մաքսային եւ այլ տեսակի վերահսկողության վերաբերյալ մոտեցումները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղափոխման հարցերը: Հայաստանն ու Ադրբեջանը մոտենո՞ւմ են, այսպիսով, խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

– Մոտենալը բավական հարաբերական է. բանակցությունները կարող են տեւել տարիներ շարունակ՝ բազմաթիվ մանրամասների անդրադառնալու անհրաժեշտության պայմաններում։ Մրցակցող ձեւաչափերի առկայությունն էլ կարող է լրացուցիչ բարդացնել բոլոր գործընթացները՝ նաեւ հանգեցնելով հակամարտության չլուծմանը կամ ոչ օպտիմալ լուծումների։

– Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի աննախադեպ պատժամիջոցների պայմաններում Մոսկվայի ռազմավարական դաշնակից՝ Հայաստանի առջեւ արեւմտյան գործընկերների կողմից կդրվի՞ ընտրության հարց՝ կամ մեզ հետ, կամ՝ Մոսկվայի: Ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի իշխանությունը մեր տարածաշրջանի շուրջ բավական արագ ընթացող զարգացումների ֆոնին, որպեսզի այդ բարդ օրերին երկիրն էլ ավելի չտուժի:

– Արեւմուտքը պարզապես կշարունակի հետեւել զարգացումներին՝ որպեսզի պատժամիջոցները շրջանցելու գործնական քայլեր չկատարվեն եւ այլ «կարմիր գծեր» չհատվեն։ Արեւմտյան պետությունները կամ կառույցները Հայաստանի կողմից խախտումներ չեն արձանագրել։ Ռուսաստանն այսպես թե այնպես փնտրելու է պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմներ, եւ հայաստանյան որոշ գործարարներ ու այլ շրջանակներ կարող են նույնպես դրանով շահագրգռված լինել՝ ինչի դեպքում պիտի համապատասխան մարմինների կողմից պատասխանատվության ենթարկվեն։

Ինչ վերաբերում է ընտրության հարցին՝ դա առավել հնարավոր է Ռուսաստանի կողմից։ «Անվտանգության ապահովման» կամ «Ղարաբաղը փրկելու» կեղծ պատրվակներով Միութենական պետության կամ հենց ՌԴ կազմ մտնելու մասին հինգերորդ շարասյան քարոզչությունը կարող է դիտարկվել համապատասխան հիբրիդային մարտավարության շրջանակում։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիաների գործունեության հետ կապված Ռուսաստանի կողմից որոշակի սահմանափակումների պարտադրանքը՝ եւս։ Կամ՝ թեկուզ հիշենք դարձյալ «անվտանգության ապահովման» կեղծ պատրվակով ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացից հրաժարվելը, երբ «կամ-կամ» կեղծ երկընտրանքի մասին քարոզչություն էր իրականացվում։

Ուկրաինայում ընթացող պատերազմի առումով Հայաստանն իրավացիորեն չեզոք դիրք է գրավել, եւ դրա պահպանումը կենսական խնդիր է, որի լուծման համար պետք է բանակցել բոլոր՝ նաեւ պոտենցիալ գործընկերների հետ՝ նաեւ հաշվի առնելով, որ նոր աշխարհակարգի առաջացումն արագացրած ռուսական ագրեսիան առավե՛լ կենսական է դարձրել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը։

– Առհասարակ, Հայաստանը կարո՞ղ է տնտեսական օգուտներ քաղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում, զարգացում ապահովել:

– Այժմ թերեւս սոցիալ-տնտեսական կայունության պահպանումն է առաջնային. դժվար է կոնկրետ օգուտներ քաղելու մասին ենթադրություններ անելը։ Չնայած՝ կան որոշակի հնարավորություններ թվային տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։ Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էլ կարող է աճի հնարավորություններ ապահովել։

– Ինչպե՞ս եք գնահատում մեկ ամսից ավելի Երեւանի փողոց դուրս եկած ընդդիմադիրների պայքարը: Սա գաղափարակա՞ն պայքար է, եւ որքանո՞վ է այն կանխում՝ «Արցախի հանձնումը Ադրբեջանին» ու «Հայաստանի թրքացումը», ինչպես ընդդիմության ներկայացուցիչներն են արձանագրում: Հունիսի 3-ին բախումներ եղան մայրաքաղաքի կենտրոնում, ընդդիմությունն իր օրակարգով, իրենց պահանջներին հասնելու մարտավարությամբ, ձեր կարծիքով, ի՞նչ խնդիր է լուծում:

– Գաղափարական պայքար չկա. քաղաքական, ֆինանսական լծակների պահպանման, որպես ծրագիր-մաքսիմում՝ իշխանության զավթման, միաժամանակ՝ նաեւ օտար օրակարգի սպասարկման խնդիր է։ Բնական է, որ «ազգի փրկության» պատրվակով է դա տեղի ունենում, սակայն իրականում պետական շահերի հետ որեւէ աղերս չունի։ Բախումներ հրահրելն իրենց կեղծ օրակարգի եւ օժանդակողների պակասի հետեւանքն է՝ նպատակներին այլ միջոցներով հասնելու անընդունակության պայմաններում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Վերջին հարցումէն արդէն յայտնի է. այդպիսի միակողմանի պատասխան տուող մարդը ընդհանրապէս քաղաքագէտ չէ այլ ոչմիբանագէտ. սրբագրէք ձեր ներածականը։

    Ինծի ուրիշ բան կայ աւելի կը հետաքրքրէ. ուրեմն ըստ այս հայ ուղեղին՝ Ռուսաստանը, երբ շատ աւելի ուղղակի ազդեցութիւն ունէր Կովկասում եւ կրնար հարցերը մինակն ալ լուծել, ԵԱՀԿի ձեւաչափ էր ստեղծել “հարմար պահի միակ միջնորդի դերը ստանձնելու ակնկալիքով”.

    Լաւ, կրնայ ըլլալ ոչ քաղաքագէտ է ոչ ալ ոչմիբանագէտ. Բայց հաստատ որ մաթեմատիկոս չէ պարոն Գրիգորյանը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930