Լրահոս
Օրվա լրահոսը

Արդիականացման երեք չափումները

Հունիս 08,2022 14:00

Աջեմօղլու՝ քաղաքականություն, Նորթ՝ տնտեսություն, Մաքլոսկի՝ գաղափարներ

Հայաստանի արդիականացման մասին մեր քաղաքական ուժերն այսօր չեն խոսում: Դա (թույլ տվեք բառախաղ օգտագործել) արդիական թեմա չէ: Արդիական է իրար վրա «տակառ գլորելը»: Բայց դա, ի վերջո, խոսակցություն է ոչ թե պատճառների, այլ հետեւանքների մասին: Մեր պետությունն արդիական չէ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ տեխնոլոգիական, ո՛չ կրթական, ո՛չ հոգեբանական, ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ որեւէ այլ առումով: Ինչո՞ւ: Տեսության մեջ դա բավականին մշակված թեմա է:

Ինչու պետությունների մոտ մի դեպքում արդիականացումը ստացվում է, իսկ այլ դեպքերում՝ չի ստացվում: 21-րդ դարում այդ հարցին տրվել է երեք տեսակի պատասխան, որպես պատճառ նշելով՝  1/ քաղաքականությունը, 2/ տնտեսությունը, 3/ գաղափարները: (Քանի որ համապատասխան գրքերի անուններն ինքնին խոսուն են, մեջբերեմ նաեւ գրքերի անունները): Առաջին տեսությունը մեզ քիչ թե շատ հայտնի է եւ շարադրված է Դարոն Աջեմօղլուի եւ Ջեյմս Ռոբինսոնի չափազանց մոդայիկ գրքում, որն, ինչպես գիտեք կոչվում է՝ «Ինչու է երկրների մի մասը հարուստ, իսկ մյուսն՝ աղքատ: Իշխանության, բարգավաճման ու չքավորության պատճառները»: Եթե մեկ նախադասությամբ փորձենք ներկայացնել հեղինակների տեսակետը, ապա կարելի է ասել, որ հարուստ երկրները հարուստ են դարձել, որովհետեւ ճիշտ քաղաքականություն էին վարում, եւ՝ հակառակը: Ընդ որում, հարուստները կարող են աղքատանալ, իսկ աղքատները՝ հարստանալ նույն քաղաքականության փոփոխությունների պատճառով՝ ճշտից՝ սխալ կամ սխալից՝ ճիշտ:

Գրքի պատմական օրինակները շատ հետաքրքիր են եւ ուսանելի, բայց շատ բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ է տվյալ իշխանությունը կամ քաղաքական վերնախավը վարում այս կամ այն քաղաքականությունը: Այդ հարցի պատասխանը Աջեմօղլուի եւ Ռոբինսոնի հետազոտությունների շրջանակներից դուրս է, եւ մեզ մնում է միայն բավարարվել հայկական կենցաղային բացատրություններով՝ որովհետեւ իշխանավորները լավ, հայրենասեր մարդիկ եւ կամ՝ հակառակը: Որպես հետաքրքիր փաստ նշեմ, որ 2010-ականների սկզբին Հայաստանի թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ նախագահներն իրենց հարցազրույցներում վկայակոչել են հիշյալ գիրքը՝ հավանաբար, նկատի ունենալով, որ երրորդ նախագահը սխալ քաղաքականություն է վարում, իսկ իրենց քաղաքականությունը ճիշտ է: Իրականությունը, սակայն, այն է, որ 1994 թվականից սկսած (մինչ այդ պատերազմ էր) մինչ այս պահը արդիականացման հնարավորություն կար, բայց այդ հնարավորությունից ոչ ոք չէր օգտվել:

«Տնտեսական» ամենահայտնի բացատրության հեղինակների՝ Դուգլաս Նորթի, Ջոն Ուոլիսի ու Բարի Վայնգասթի գիրքը կոչվում է «Բռնությունը եւ սոցիալական կարգերը: Մարդկության գրավոր պատմության մեկնաբանության հայեցակարգային շրջանակները»:

Նրանք, ուսումնասիրելով 20 երկրների 20-21-րդ դարերի պատմությունները, փորձում են պատասխանել այն հարցին, թե ինչու են վերնախավերը, որոնք անսահմանափակ մատչելիություն ունեն բարիքների նկատմամբ, ստիպված են որոշակի մատչելիություն տրամադրել «ոչ-վերնախավի» ներկայացուցիչներին: Ըստ նրանց՝ պատճառն, ի վերջո, վախն է. երբ այս կամ այն ղեկավարն ու նրա շրջապատը զրկվում են իշխանությունից, նրանք կա՛մ սպանվում են (ազատազրկվում են,  աքսորվում են), կա՛մ շարունակում են վայելել նորմալ կյանքն իրենց երկրում, ինչպես, օրինակ, ԱՄՆ նախկին նախագահները: Արդիականացման հիմքում, հետեւաբար, տնտեսական շահերն են: Եթե վերնախավը պատրաստ է «կիսվել» իր բարիքներով, այդ երկրներում տեղի է ունենում արդիականացում, եթե պատրաստ չէ՝ իրար են հաջորդում հեղափոխություններն ու լճացումները՝ հասարակության մշտական «վրեժի ծարավով»:

Թե՛ Աջեմօղլուի եւ թե՛ Նորթի ու նրանց համակիրների տեսություններն, իհարկե, արժանի են ուշադրության եւ ուսումնասիրության, բայց անձամբ ինձ դուր է գալիս Դեյդրա Մաքլոսկիի արդիականացման վարկածը, որը հիմնված է գաղափարների արժեւորման վրա:

Մաքլոսկին գրում է ոչ թե քաղաքականության կամ տնտեսության, այլ «տնտեսական հռետորաբանության» մասին: Թվարկեմ նրա «եռապատման» գրքերի անունները. «Բուրժուական առաքինությունները. կոմերցիայի դարի էթիկան», «Բուրժուական արժանապատվություն. ինչու տնտեսագիտությունը չի բացատրել ժամանակակից աշխարհը», «Բուրժուական հավասարություն: Ինչպես են գաղափարները, ոչ թե կապիտալը կամ ինստիտուտները հարստացրել աշխարհը»: Միջնադարից մինչեւ 19-րդ դարը վաճառականը, ֆինանսիստը, կապիտալիստը բացասաբար էին ընկալվում. նրանք անգամ գրականության մեջ չէին կարող դրական կերպարներ լինեին՝ հիշենք թեկուզ Բալզակի, Դիքենսի կամ Դոստոեւսկու գործերը: Եվ միայն 20-21-րդ դարում որոշ հասարակություններ (վերապահում անեմ՝ ոչ մերը) սկսեցին գործարարի մեջ տեսնել ոչ թե գող-ավազակի, այլ նորմալ, պարկեշտ, ճշտապահ մարդու, որը կատարում է իր պարտականությունները, հավատարիմ է իր խոսքին, մտածում է համընդհանուր բարեկեցության մասին: Արդիականանում են այն հասարակությունները, որոնք ընդունում են այդ «բուրժուական առաքինությունները»:

Ինչպես տեսնում եք, վերը նշված երեք չափանիշներով Հայաստանի Երրորդ հանրապետությունը չի արդիականացել: Ընդհանրապես, այն տարածքում, որտեղ մենք՝ հայաստանցիներս, հիմա ապրում ենք, 20-21-րդ դարերում տեղի է ունեցել երկու արդիականացում: Առաջինը կատարվել է ստալինյան շրջանում, երբ բնակչության մեծամասնությունը գրագետ դարձավ, կառուցվեցին արդյունաբերական ձեռնարկություններ ու ժամանակակից քաղաքները: Բայց այդ արդիականացումը տեղի ունեցավ այնպիսի «կողմնակի էֆեկտներով», որ դեռ պարզ չէ՝ դրան պետք է «պլյո՞ւս» դրվի, թե՞ «մինուս»: Երկրորդ արդիականացման փորձը 1990-ականների սկզբի տնտեսական բարեփոխումներն էին, որոնք անհրաժեշտ էին, եւ չէի ասի, որ ընտրվել էր վատագույն տարբերակը: Այնուամենայնիվ, դա այնպիսի մի տրավմատիկ փորձ էր, որ մարդիկ մինչեւ հիմա ապրում են դրա բացասական հիշողություններով:

Սպասենք հաջորդ արդիականացման փորձին: Ներկա իշխանությունն ու ընդդիմությունը դրա հայեցակարգը չունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930