Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և IDeA բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ Դիլիջանի կարի ֆաբրիկան կդառնա ժամանակակից բազմաֆունկցիոնալ կառույց։ Այսօր հանդիսավորությամբ մեկնարկեց «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագիրը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Վիկտորինը ՏԻՄ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Դիլիջանի կարի ֆաբրիկա, որը կվերակառուցվի 2 տարվա ընթացքում։
Դեսպանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նմանօրինակ ծրագրեր իրականացվելու են նաև Իջևան և Կապան համայնքներում։ Տիկին Անդրեա Վիկտորինը շեշտեց, որ իր համար Դիլիջանի ծրագրի նախագիծը առանձնահատուկ է, քանի որ կարի ֆաբրիկան ունի պատմություն և մշակույթ։
Կարդացեք նաև
Ծրագրի նպատակը Դիլիջանում և հարակից համայնքներում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը նպաստելն է՝ խթանելով բիզնեսի և ենթակառուցվածքների զարգացումը, բիզնեսի համար բացահայտելով այնպիսի նոր հնարավորություններ, որոնք կարող են համակարգային ազդեցություն ունենալ: Դիլիջանի համայնքապետարանում կայացած հանդիպմանը ներկայացվեցին ծրագրի ակնկալվող արդյունքները։
Նշենք, որ վերակառուցման ենթակա է ավելի քան 5500 մ² տարածք (3500 մ² և կանաչ գոտի), որը հավակնում է դառնալ բազմաֆունկցիոնալ, ստեղծարար արդյունաբերության տարածք, որտեղ կլինեն արհեստագործական արտադրամասեր, հանգստի և կրթական տարածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիական և նորարարական լուծումներով: Կարի ֆաբրիկայի հարակից տարածքները կդառնան կանաչ և հանգստի գոտիներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնադրել բիզնեսի առաջացման և ստեղծարար արդյունաբերության կենտրոններ, սպասարկման ոլորտի աջակցման ասոցիացիա, ինչպես նաև նպաստել համայնքում գործող զբաղվածության կենտրոնի ընդլայնմանը: Տարբեր ձեռներեցներ կկարողանան կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները շնորհիվ տարբեր ակսելերացիոն ծրագրերի: 120 բիզնես գաղափարներ կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցման ծրագրերով կկարողանան ավելի արագացնել իրենց բիզնես գործունեությունը:
Ինկուբատոր և ակսելերացիոն ծրագրերով բիզնես գաղափարների աջակցման ծրագրերին կկարողանան մասնակցել ոչ միայն Դիլիջանի և Տավուշի մարզի, այլև Հայաստանի հյուսիսային մարզերի շահառուները: Կձևավորվի հյուրընկալությունների կազմակերպման ասոցիացիա, որը բաղկացած լինելով 20 անդամներից համատեղ աշխատանքի արդյունքում կիրականացնի հյուրընկալությունների ոլորտում առկա բացթողումների շտկման, տարբեր խնդիրների լուծման մեխանիզմներ, ոլորտային հարցերի վերաբերյալ մարքեթինգային արշավներ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ