Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Շիրակի մարզպետի եղբայրը Գյումրու իշխանությանը մեղադրում բամբասանքի ու լատինական սերիալների սիրահար լինելու մեջ

Հունիս 07,2022 22:55

Դեռ երկու տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, Գյումրու ավագանին «ԿԱԼԳ» երիտասարդական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր քաղաքի պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց -թանգարանի տարածքում գտնվող Ջիվանու փողոցի տներից մեկը։ Այնտեղ պետք է ցուցադրվեին 1980 թվականից ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի ստեղծագործությունները:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ավագանու անդամներին պարզաբանել էր, որ Էմիլ Գազազի ներկայացուցիչ Գայանե Կարապետյանը այդ նպատակով դիմել է քաղաքապետ Սամվել Բալասանյանին, իրենք էլ որոշել են Ջիվանի փողոցի թիվ 50 հասցեի պատմամշակութային արժեք ունեցող շինությունը տրամադրել, որը նախկինում եղել է Բագրատ Ղարիբջանյանի տուն-թանգարանը և օգտագործվում էր «Կումայրի» արգելոց-թանգարանի կողմից (տես լուսանկարում)։

Գայանե Կարապետյանն իր հերթին խոստացել էր շենքի վերանորոգումն սեփական միջոցներով իրականացնել, երբ ձեռքի տակ կունենա համապատասխան պայմանագիր։

Երկու տարի է՝ Գյումրու քաղաքապետարանը հրաժարվում է տունը տրամադրել Գայանե Կարապետյանին։ Ավելին, պարզվում է, որ ժամանակավորապես կասեցրել է Գյումրու ավագանու որոշման կատարմանը գործընթացը՝ պատճառաբանելով, որ ավագանու որոշումը կայացնելուց հետո Էմիլ Գազազի հարազատները լրատվամիջոցներով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել որոշման դեմ՝ «ԿԱԼԳ» կազմակերպությանը մեղադրելով ինքնաիրավչության մեջ, հայտնել են, որ վերջինիս կողմից ներկայացված փաստաթղթղերը կեղծ են ( Տես Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Պապիկյանի ստորագրությամբ փաստաթուղթը)։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մնում է իր կարծիքին, որ Գայանե Կարապետյանը պիտի համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, օրինակ՝ լիազորագիր բերի, որ ինքը Էմիլ Գազազի ներկայացուցիչն է։ Ճարտարապետն այսօր մեզ հետ զրույցում վերահաստատեց իր դիրքորոշումը։

Այս հարցով հետաքրքրվել էր Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ հարցում ուղարկելով քաղաքային իշխանությանը։

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քաղաքային իշխանության գրավոր պատասխանը՝ նրանց հասցեին սուր քննադատություն հնչեցնելով․ «Այսօր` 3 ամիս անց, վերջապես ստացա դեռևս մարտ ամսին համայնքապետին ուղղված գրությանս պատասխանը։ Հավանաբար, քանի որ համայնքապետը, անձնական խնդիրներով պայմանավորած, արձակուրդի մեջ էր, նրա փոխարեն պատասխանել է առաջին տեղակալը, բայց միևնույն է պատասխանը «‎նույն բարձունքին է»։

Ուրեմն, էս մեր առաջին տեղակալը, ինքը լինելով գործող ավագանի, փաստացի կամ չի տիրապետում կամ միտումնավոր նսեմացնում է ավագանու դերը համայնքի կառավարման մեջ։ Չեմ ուզում հավատալ, որ միտում կա, ուստի կենթադրեմ, որ տարրական անգրագիտության հետ գործ ունենք (համայնքապետի հետ մեկտեղ 10-ից ավելի օգնական ու խորհրդական ունեն, գոնե մեկը հուշեր (Սուլթանյանը հաստատ գիտեր), որ ոտքը քարին է դեմ առնելու))։

Հիմա մենք ի՞նչ ունենք. «‎բամբասանքի» ու լատինական սերիալների սիրահար քաղաքային իշխանություն, որն իրեն վերապահել է դատախազության և դատարանի դերը, ընկերներ, լա՞վ չեք։ Ի՞նչ է նշանակում «‎Համայնքապետարանը ժամանակավորապես կասեցրել է Գյումրու ավագանու որոշման կատարման գործընթացը»( ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԳԼՈՒԽ 35 կետ 1: Իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողությունը կարող է կասեցվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով)։

Ես առաջարկում եմ նույն սկզբունքով Գյումրու համայնքապետարանը իր 3 հրացանակիրների գլխավորությամբ ժամանակավորապես կասեցնի օրինակ` կառավարության որևէ որոշում, կամ ԱԺ-ում ընդունած որևէ նոր օրենքի կատարման գործընթաց. աաա՜, գալիս է «‎ամորձիների» խնդիրը, չեք անի, չէ՞։

Սա կարելի է համարել ջրբաժանի կետ ու այսուհետև համայնքապետարանի հետ խոսվելու է միայն այս լեզվով էնքան ժամանակ մինչև քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ ազատման դիմում չգրեն։ Ամեն ինչ սահման ունի, նույնիսկ ոչ կոմպետենտությունը»։

Թեմայի շուրջ Aravot.am-ին պարզաբանումներ է ներկայացրել նաև Գայանե Կարապետյանը՝ տրամադրելով փաստաթղթեր։

Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Նկատելի է, որ պարոն փոխքաղաքապետը և գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նման պատասխան գրելիս՝ չեն խորհրդակցել համայնքապետարանի իրավաբանի հետ․ ես առաջին անգամ եմ լսում, որ քաղաքապետարանն է կասեցնում, քաղաքապետարան հասկացողությունը շենքն է, ավագանու որոշումը կարող է կասեցնել ավագանին, չեղարկել ավագանին։ Եվ ինչի՞ հիման վրա են կասեցնում, բամբասանքի՞․․․

Զավեշտ է ուղղակի, եթե այսօր մեր քաղաքապետարանն առաջնորդվում է կանանց բամբասանքով, նշանակում է՝ քաղաքապետարանը վերածվել է հումորի տան, որի կարիքը Գյումրին շատ ունի»։

Գայանե Կարապետյանի ամբողջական պարզաբանումն այս թեմայի շուրջ կներկայացնենք վաղը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930