Շոտլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 7-ին` Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
(հարցեր Խոակին Կապառոսին)
-Ինչպիսի՞ խաղ եք ակնկալում՝ հաշվի առնելով Իռլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը և խմբում այս պահին առաջատարի դիրքը զբաղեցնելու հանգամանքը:
Մրցաշարային աղյուսակին այս պահին պետք չէ ուշադրություն դարձնել: Իռլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է: Մենք գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են և հանդես են գալիս բարձրակարգ առաջնություններում: Այդ իսկ պատճառով էլ մենք պետք է բավականաչափ լավ հանդես գանք: Ամեն դեպքում մենք վստահում ենք մեր տղաներին և, բնականաբար, հուսով ենք, որ ամեն ինչ բավականին լավ կստացվի մեզ համար:
Կարդացեք նաև
-Արդյո՞ք արդեն հասցրել եք վերլուծել Շոտլանդիայի խաղը և արդյո՞ք կան վտանգավոր ֆուտբոլիստներ Շոտլանդիայի հավաքականում, որոնց պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:
Բոլորս էլ գիտակցում ենք այդ թիմի մակարդակը և բնականաբար գիտենք բոլոր ֆուտբոլիստներին: Ես կնշեի այս դեպքում ընդհանուր թիմի մրցունակությունը և թիմային խաղը:
-Շոտլանդիայի հավաքականը մեծ հիասթափություն ապրեց ՝ դուրս մնալով աշխարհի առաջնության փլեյ օֆֆ փուլից , արդյո՞ք ակնկալում եք շատ ավելի ուժեղ թիմ, որը նորովի մոտիվացված կլինի Հայաստանի հավաքականի դեմ խաղալու համար:
Միանշանակ վստահ եմ, որ այո: Մեր դեպքին նման է այս դեպքը, քանի որ մենք էլ ծանր հարված ստացանք Նորվեգիայի հավաքականից: Տղաները շատ էին սպասում Իռլանդիայի հետ հանդիպմանը՝ մեր երկրին և մեր երկրպագուներին ուրախություն պարգևելու համար:
-Արդյո՞ք շոտլանդացիների համար սխալ է Հայաստանի հավաքականի մասին դատել Նորվեգիայում կայացած հանդիպման արդյունքով՝ հաշվի առնելով հատկապես վերջին խաղը Իռլանդիայի հետ:
Սա այն հարցն է, որ ավելի շատ վերաբերում է Շոտլանդիայի հավաքականի մարզչին և ֆուտբոլիստներին:
-Արդյո՞ք Դուք հավատում եք, որ այնպիսի ֆուտբոլիստը, ինչպիսին Էդուարդ Սպերցյանն է, Հայաստանի հավաքականի ապագան է՝ հաշվի առնելով, որ հավաքականի կազմում շատ են երեսունն անց ֆուտբոլիստները:
Անկասկած այո: Բայց ոչ միայն Սպերցյանը, այլ նաև Արթուր Սերոբյանը, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, որոնք ևս երիտասարդ են և կարող են համարվել հայկական ֆուտբոլի ապագան:
-Արդյո՞ք սա առաջին անգամ է, որ խաղում եք «Հեմփդեն Պարկում» և ի՞նչ փորձ եք ունեցել շոտլանդական թիմերի դեմ խաղալու:
Այո, նման փորձ ունեցել եմ և շատ հաճելի փորձ: Դա Հենրիկ Լարսոնի հրաժեշտի հանդիպումն էր: Ես այն ժամանակ «Սևիլյայի» գլխավոր մարզիչն էի և շատ տպավորված էի միջավայրով, որը կար այստեղ, այս ստադիոնում: Ֆուտբոլի սիրահարների համար դա իրոք հիանալի ներկայացում էր:
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև։
https://www.youtube.com/watch?v=cDQTkk1Er3g&feature=emb_logo