Սյունիքի մարզի Գորայք համայնքը մեկ անգամ եւս պիտի խոշորացվի։ Առաջին անգամ այն խոշորացվել է 2016 թվականի սեպտեմբերին։ Գորայք, Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ համայնքները միավորվեցին՝ դառնալով Գորայք խոշորացված համայնք։
Այս անգամ համայնքը ցանկանում են խոշորացնել ու միավորել Սիսիան համայնքին, որի կազմում այս պահին 32 բնակավայր է մտնում։ «Չգիտեմ ով էր եկել՝ Գիլոյան ազգանունով, հանդիպեց մեզ հետ, բոլորս դեմ արտահայտվեցիք։ Գիլոյանը գնաց ու ներկայացրեց, որ հանրային քննարկման ժամանակ ժողովուրդը կողմ է։ Փաստորեն ստեց, հետո պարզաբանեց՝ ասելով, որ 2018 թվականի հանրային քննարկման մասին է խոսքը, չնայած այդ ժամանակ էլ համաձայնություն չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեցին գորայքցիները։
Կարեն Պետրոսյանը առաջարկում է շրջել համայնքի բնակավայրերում տեսնել կատարված փոփոխությունները։ «Ես կատեգորիկ դեմ եմ։ Խոշորացումը կործանելու է Գորայքը, միանա Սիսիանին՝ դառնալու է ավերակ։ Մենք մեր բյուջեով կարող ենք մեր 4 բնակավայրը պահել։ Սիսիան քաղաք մտեք։ Փողոցներով ման եկեք, կենտրոնից շեղվեք փողոցները՝ քարուքանդ, մեքենաները չեն կարողանում երթեւեկել, մեր համա՞յնքն էլ են ուզում նույն օրը ընկնի»,-ասում է Կարեն Պետրոսյանը։ Վերջինս չի կարողանում հասկանալ թե՝ կառավարությունը ինչպես է մտածում, բայց հավաստիացնում է՝ եթե համայնքը չխոշարացվի, ապա երկու տարի հետո դառնալու է հանրապետության լավագույն համայնքը ու կդառնա օրինակելի ցուցադրական համայնք։ «Հույս ունենք, որ չի խոշորանալու, Ազգային ժողովի պատգամավորները դեմ կքվեարկեն՝ գոնե այս փուլում»,-ասում է Կարեն Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Համայնքի ավագանու անդամ Վահան Աբգարյանն ասում է՝ 2000 մետր բարձրության վրա գտնվող Գորայք համայնքը սահմանամերձ է։ «Խոշորացնելով՝ սահմանները թուլացնում ենք, համայնքը դատարկվելու է»,-համոզված է նա։
Վերջինիս խոսքով՝ խոշորացման ջատագովները պնդում են, որ կառավարումը հեշտանում է։ «Հիմա էլ է հեշտ կառավարվում։ 6 ամիս այստեղ ձմեռ է լինում, միջպետական ճանապարհը փակ է լինում, մեր միջոցներով, մեր համայնքի տեխնիկայով ճանապարհը բացում ենք։ Հիմա տեխնիկան տանելու են Սիսիան։ Ո՞վ է բացելու ճանապարհը»,-հարցնում է համայնքի ավագանու անդամը։ Վահան Աբգարյանը չի ուզում մտածել վատթարագույնը, այսինքն՝ խոշորացնել։ «Ասում են՝ ժողովրդավար պետություն եք։ Եթե համայնքի բնակչությունը դեմ է, ինչպե՞ս են խոշորացնելու։ Արհամարհո՞ւմ են մեր կարծիքը»,-ասում է Վահան Աբգարյանը։
Թե ինչ քայլերի են դիմելու գորայքցիները խոշորացումից հետո՝ դեռ չեն բարձրաձայնում։ «Օրենքի սահմանում պայքարելու ենք, առայժմ այսքանը»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեցին Գորայք համայնքի բնակիչները։
Գորայք համայնքի Սպանդարյան բնակավայրում ենք։ Համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանն ոգեւորությամբ պատմում է՝ Սպանդարյանը մեկդարյա պատմություն ունի, պատրաստվում են հոբելյանը նշել։ Տեսնելով համայնքապետին՝ 100-ամյա Սպանդարյանի 80-ամյա Վաչիկ պապն է ընդառաջ գալիս։
«Աշոտ, ինչե՞ր են խոսում, ի՞նչ խոշորացում»,-դիմում է նա համայնքի ղեկավարին։ Տեղեկանալով, որ լրագրող եմ՝ միանգամից ասում է՝ «դեմ եմ․խոշորանա միանա՞ Սիսիանին՝ պետք չի»։
Ասֆալտապատ ճանապարհներ, ջրատարի կառուցում, համայնքային ենթակայության շենքերի նորոգում, տեխնիկայի առկայություն՝ համայնքի բնակիչներն են խնդրում նկարել։ «Չենք պատրաստվում զիջել այս ամենը։ Մենք խոշորացված ենք ու պիտի այսպես էլ մնանք»,-ասում են գորայքցիները։
Չորեքշաբթի՝ հունիսի 8-ին, Ազգային ժողովում հանրային լսումներ են համայնքների խոշորացման թեմայով, իսկ հունիսի 9-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում նաեւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերն են։
Գորայքի բնակիչները հուսով են՝ պատգամավորները խելամիտ կգտնվեն ու դեմ կքվեարկեն Գորայքի խոշորացմանը։
Իսկ Գորայք համայնքին՝ Aravot.am-ն առաջիկայում կրկին կանդրադառնա։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ