Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց է փակվում ԶԼՄ-ների բերանը, ո՞նց, ո՞ւր է…Եթե ինձ դա էլ ցույց տաք, պարոնա՛յք». Տիգրան Հակոբյանը՝ լիցենզիայից զրկելու սպառնալիքի մասին

Հունիս 07,2022 20:20

«Դա ձեր ենթադրությունն է, որ ճնշում եմ գործադրել ԶԼՄ-ների վրա: Ես չեմ գրել, որ լիցենզիայից զրկվում են, բայց բոլոր հեռարձակողները, որոնք մասնակցել են մրցույթի ու ստացել լիցենզիա, նրանք այդ լիցենզիայով վերցրել են որոշ պարտավորություններ՝ կապված օրենքի պահանջի եւ տեսալսողական մեդիայի հետ կապված հանձնաժողովի կարգավորումների հետ»,- այսօր ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսպես պատասխանեց լրագրողների հարցին՝ ֆեյսբուքում իր գրառման հետ կապված:

Հիշեցնենք, որ նա նշել էր. «Հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի: Ինչ ասենք, իրենց ընտրած ճանապարհն է»:

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ եթե իրենք իրենց դնեին թփերում դարանակալած ոստիկանի տեղ, ապա անընդհատ կպատժեին հեռարձակողներին. «Այն հեռարձակողները, որոնք սկսեցին կոպտորեն խախտել էթիկայի նորմերը, որոնք թույլ են տալիս սեռական հայհոյանքը եթերում, ջարդում են հաղորդացանցը, որովհետեւ այն ունի իր հստակ կառուցվածքը՝ այսքանը պիտի լինեն մանկական հաղորդումներ, հանրօգուտ հաղորդումների 20%-ի պահանջը եւ այլն… եթե հեռարձակողները սկսում են ինչ-ինչ նպատակներով կոպտորեն խախտել, մենք ստիպված ենք զգուշացնել, որ մի ձգտեք, որպեսզի ինչ-որ մի ձեւ լիցենզիան կասեցվի: Ես հստակ այդ երկու նախադասությամբ զգուշացրել էի, որ հեռարձակողները փորձեն միշտ պահպանել օրենքի պահանջները եւ մեր կարգավորման նորմերը»:

Թե կոնկրետ ո՞ր հեռուստաընկերություններին նկատի ունի՝ Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ երկու հեռարձակողների մասին է, իրենք շատ լավ գիտեն դրա մասին, որովհետեւ նրանց նկատմամբ վարչական վարույթներ են հարուցված ու տեղեկացված են:

Հարցին՝ երբ երկրում շուրջօրյա միտինգներ են, չե՞ք կարծում, որ այդ օրենքը չի գործելու ու հատկացված ժամաքանակից պետք է ավելի լուսաբանվեն՝ Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ օրենքի այդ կարգավորումը հենց այդ դեպքերի համար է, որ հեռուստաընկերությունները շուրջօրյա միտինգները չլուսաբանեն, եթե հանրային մուլտիպլեքսում են գործում. «Նրանք պարտավոր են լուսաբանել ամբողջ Հայաստանի անցուդարձը: Նրանք միտինգների քարոզչական ապահովման գործիք չեն, ըստ օրենքի: Եթե ուզում են քարոզչական ապահովման գործիք լինել, կարող են YouTube-յան ալիքներ բացել եւ հանգիստ այդ գործը կատարել: Հանրային մուլտիպլեքսը այն սուվերեն փոքր հարթակն է, որտեղ ամբողջ աշխարհում գործում են այդ սահմանափակումները: Ե՛վ համացանցը, ե՛ւ կաբելը, եւ արբանյակային հեռարձակողները ստեղծում են մանիպուլյացիայի, քարոզչության, ուղեղների լվացման մի մեծ զանգված ու նորմալ էկոհամակարգը պահելու համար բոլոր հեռուստաընկերությունները մրցույթային առաջարկում գրում են, որ մենք պահպանելու ենք բազմակարծությունը, բոլոր տեսակետների լուսաբանումը, ոչ թե գրում են,որ մեր քաղաքական ուժը, որին մենք հակված ենք պաշտպանել, պետք է շուրջօրյա լուսաբանենք այդ միտինգները»:

«Թի վի 5»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում բացատրել էր, թե ինչպես կարող են այսօրվա օրենսդրությամբ հեշտ մեղադրել հեռուստաընկերությանը ու խնդիրներ գտնել. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում գրված է, որ մի թեմայի մասին 24%-ից ավելի իրավունք չունեն լուսաբանել: Պատերազմի, կորոնավիրուսի ժամանակ, երբ այդ պահանջը խախտում էին, նկատողություն չէին ստանում, իսկ երբ միտինգ են լուսաբանում, արդեն ՀՌՀ-ն դա խախտում է համարում»: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան Տիգրան Հակոբյանն ասաց, որ շատ հաճախ այդ խախտումների առաջ աչք կարող են փակել, բայց խոսքը միայն այդ խախտման մասին չէր, երբ եթերի 90 %-ը միտինգի լուսաբանում է լինում, դա արդեն պարզ քարոզչություն է: Դիտարկմանը, որ ՀՌՀ-ն քաղաքական դրդապատճառներով է առաջնորդվում՝ Տիգրան Հակոբյանը արձագանքեց. «Պատերազմի լուսաբանումը միտինգների հետ համեմատե՞լ: Գնահատական չտամ»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ ինչքանո՞վ հանձնաժողովի նախագահն իրավունք ունի սոցցանցերում նման գրառում անել, կանխակալ իր մոտեցումը ցույց տալ, երբ չկա հանձնաժողովի որոշում՝ Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Ոչ մի կանխակալ մոտեցում չկա, հանձնաժողովի որոշում չկա: Ես ընդհանրապես ասել եմ՝ երբ որ տասնյակ խախտումներ են գրանցվում ընդամենը մեկ ամիս առաջ, երբ որ այդ հեռուստաընկերությունները 2022-ին հունվարից մի քանի նամակ են ստացել զգուշացումներով, խնդրանքով, հորդորով, ապա ինչ-որ հետեւություններ երեւի պետք է անեն: Ես իմ կարծիքը ինչպես հանձնաժողովի անդամ ու որպես քաղաքացի կարող եմ արտահայտել, այդպես սուր մի ընդունեք, հա՞: Ես չեմ ասել՝ վաղը կփակեմ, ասել եմ՝ իրենք ձգտում են, մենք կմտածենք՝ իրենց այդ ձգտումը բավարարե՞լ, թե՞ ոչ, դա արդեն հանձնաժողովի որոշմամբ կլինի»:

Տիգրան Հակոբյանը հավելեց, որ ինքը հեռուստաընկերության անուն չի տվել ու եթե ինչ-որ մի ընկերություն իր վրա վերցրել է, ուրեմն զգացել է, որ ինքն է խախտում անում:

Թե ինչո՞ւ են փորձում հեղափոխությունից հետո բիրտ մեթոդներով փակել ԶԼՄ-ների բերանը՝ Տիգրան Հակոբյանը հարցին հարցով պատասխանեց. «Ո՞նց է փակվում, ո՞նց, ո՞ւր է: Եթե ինձ դա էլ ցույց տաք, պարոնայք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930