Լեռնապատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և փառքի սենյակի բացման արարողություն՝ նվիրված դպրոցի շրջանավարտներ Արտակ Հակոբջանյանին և Գոռ Աբազյանին, ովքեր հերոսաբար զոհվել են արցախյան 44- օրյա պատերազմում: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, կրթության բաժնի ավագ մասնագետ Մարինե Նահապետյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների ծնողները, հարազատները, դպրոցի աշակերտական և ուսուցչական կազմը։ Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին զոհված տղաներին նվիրված բանաստեղծություններ, սրտաբուխ խոսքեր:
Հերոս զինվորների մասին հուշեր պատմեցին ուսուցիչները, հարազատներն ու դպրոցի աշակերտները։ Արամ Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ տղաների հիշատակը միշտ վառ կպահեն իրենց հարազատ կրթօջախում և նրանց սխրագործությունների մասին կպատմեն եկող սերունդներին: -Մեր տղաները, իմանալով ուժերի անհավասարությունը, նետվեցին մարտի և իրենց կյանքը զոհեցին հանուն մեր հայրենիքի։ Մենք բոլորս պետք է հպարտ ու գլուխներս բարձր քայլենք, քանզի ճանաչել ենք հերոսներին,-ասաց Ա․ Գրիգորյանը։ Դպրոցի փառքի սենյակում ներկայացված էին անմահացած տղաների լուսանկարները, անձնական իրերը, պատվոգրերն ու նրանց անցած հերոսական ուղին ներկայացնող տեղեկություններ:
Լոռու մարզպետարան